Ամոթի ու վախի արանքում, սեռական բռնության ենթարկված անչափահասները շարունակում են լռել
13 – ամյա Լիզան փոքրիկ Դավիթի մայրն է։ Որդուն ծննդաբերել է օգոստոսի 12-ին, ապա թողել նրան հիվանդանոցում ու մոր հետ վերադարձել հայրենի գյուղ։
«Վերջերս էլ Լիզան հա ասում է՝ Իմ Դավիթը։ Եթե միջոցներ ունենայի՝ կպահեի այդ երեխային, խիղճս տանջում է։ Ինքս էլ անընդհատ մտածում եմ այդ մասին։ Լիզան հեշտ տարավ հղիությունը, հեշտությամբ ծննդաբերեց։ Ամեն ինչ հասկանում էր մեծի նման, ապշած էի։ Երեք երեխա եմ ունեցել, այդքան բան չեմ հասկացել, որքան իմ տասներեք տարեկան աղջիկը»»,- պատմում է Լիզայի մայրը` 47-ամյա Հասմիկը (անունը փոխված է.- Գ. Մ.)։
Մեկ տարի առաջ նրանց ընտանիքում տեղի ունեցածը խաթարեց նրանց բնականոն կյանքը։ 13-ամյա Լիզայի հղիության պատմությունը հայտնվեց լրատվամիջոցներում ու սոցցանցերում։ Երեխայապաշտ, ընտանիքի արժեքները գնահատող հասարակությունը քննարկում էր սեռական բռնության արդյունքում հղիացած դպրոցահասակ աղջկա պատմությունը։ Մինչդեռ բռնության զոհ դարձած Լիզան չէր էլ հասկանում, որ շուտով մայրանալու է։
Կարդացեք նաև
«Զգացի, որ փորը մեծանում է, ստամոքսի խնդիրներ ուներ, մտածեցի դրանից է։ Ոչ մի բան չէր ասում։ Տարա Վաղարշապատի հիվանդանոց, երբ իմացա հղի է, խելքս գլուխս չէր գալիս, չէի հասկանում ինչպե՞ս, մեր տանը ոչ մի օտար մարդ չի մտնում, դուրս գալիս, որտե՞ղ պետք է նման բան լիներ։ Ավելի ուշ ոստիկանությունում, Լիզան պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցում ու իրեն բռնաբարել են դասարանի երկու տղաները»,- պատմում է Հասմիկը։
Լիզան և Էլիզան զույգ քույրեր են, այդ օրը երկուսով դասերից հետո մնում են հերթապահության, դասարանի երկու տղաների հետ։
«Էլիզան պատմում է, որ դասարանն ավլելուց հետո տարել է աղբը թափելու, հետ է վերադարձել և տեսել, որ դասարանի դուռը փակ է։ Սկսել է թակել դուռը, ձայն չի եղել, օգնություն է կանչել, բայց դպրոցում ոչ ոք չի եղել։ Դուռը բացել են համադասարանցի տղաները և ասել՝ եթե որևէ մեկին ասեք, երկուսիդ էլ կսպանենք։ Երկուսով էլ չեն ասել, խայտառակ արեցին ինձ, թող վախենալով պատմեին»,-ասում է աղջիկների մայրը։
Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչև օրս բռնարարը հայտնաբերված չէ։
Հասմիկը մտորումների մեջ է, մտածում է, որտե՞ղ է թերացել, ինչո՞ւ աղջիկները իրեն չեն վստահել, չեն կիսվել, չեն խոսել իրենց վախերի մասին։
«Մարդիկ ինձ մեղադրում են, բայց աղջիկներս ինձնից ամեն ինչ թաքցրել են, չնայած երբեք էլ ինձ հետ մտերիմ չեն եղել»,- ասում է մայրը։
Սեռականության մասին խոսելը երեխաների հետ ամոթ է համարվում հայկական ընտանիքներում
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը փաստում է, որ մեր ընտանիքները փակ են այս թեմայի շուրջ, չկա բաց զրույց երեխաների հետ։
«Մենք մեր երեխաների հետ չենք խոսում, այն ամենը ինչ կապված է լինում սեռական օրգանների հետ, ասում ենք` ամոթ է։ Ու երբ երեխայի հետ պատահում է դեպքը, ապա նա չի կարողանում այդ մասին պատմել ծնողին։ Կամ ամաչում է, կամ վախենում է, կամ ձևը չգիտի։ Տարիքով մեծ ծնողներն անգամ մեզ հարցնում են. «Լավ, ի՞նչ բառերով երեխայիս հետ խոսեմ, ես չեմ պատկերացնում»։ Այս դեպքում, երեխան որտեղի՞ց կարող է պատկերացնել, ինչպես խոսի ծնողի հետ»,-ասում է Աղաբեկյանը։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը» այս տարի ունեցել է սեռական բռնության 27 դեպք, որից 12-ը` անչափահասների։ Որպես թիրախ ընտրվում են հիմնականում 13-15 տարեկան աղջիկները։ Այս տարի կենտրոնը գրանցել է անչափահասների հղիության երկու դեպք։
«Նրանցից մեկն էլ Լիզան էր։ Հղիների դեպքերը բացահայտվում են բուժհաստատություններում ու միանգամից հարուցվում են քրեական գործեր։ Անչափահասների դեպքերը բացահայտվում է անկախ ծնողի ու երեխայի կամքից, նման դեպքերում դիմելը ոստիկանություն անխուսափելի է։
Քննչականի բաժինների հետ ենք համագործակցում, իրենք ուղղորդում են, արդեն իսկ կա այդ ընկալումը, որ սեռական բռնության պարագայում երեխան հոգեբանական աջակցության կարիք ունի»,- ասում է Աղաբեկյանը։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշում է. «Այս տարի Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը նվազել են, փոխարենը ավելացել են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության դեպքերը»։
2019 թվականի 10 ամսվա ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք՝ նախորդ տարվա 585-ի դիմաց: Ընդհանուր առմամբ ոստիկանությունում ստացվել է ընտանեկան բռնության մասին 2 հազար 682 ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար:
Անդրադառնալով սեռական բռնության կամ շահագործման ենթարկված կանանց ու անչափահաս աղջիկների հետ իրականացվող աշխատանքներին, Նելլի Դուրյանը նշում է, որ հանցագործության յուրաքանչյուր դեպք ոստիկանության կողմից ստանում է արագ արձագանք:
Ըստ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի` 2019 թվականի 10 ամսում ՀՀ տարածքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի դիմաց: Անչափահասների նկատմամբ 49 դեպք` նախորդ տարվա 47-ի դիմաց:
Բռնարարները ընտանիքին մոտ մարդիկ են լինում
Տաթևիկ Աղաբեկյանը նշում է. սեռական բռնության ենթարկվում են հիմնականում ծանոթ մարդու կողմից։ Բռնարարը գիտի՝ ում ընտրի, նախապատրաստում է տվյալ անչափահասին, գիտի ինչպես վախեցնի, ինչ ասի, որ լռի։
«Մեզ դիմածները սեռական բռնության են ենթարկվել հարևանի, խորթ հոր, հարազատ եղբոր կողմից…. Մարդիկ են, ովքեր երեխային լավ են ճանաչում, երեխայի միջավայրը շատ լավ գիտեն»,- ասում է Աղաբեկյանը։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ նշում է. «Եթե անչափահասների հանդեպ սեռական ազատության ու անձեռմխելիության դեմ հանցագործությունները կատարվում են ընտանիքի ներսում, դա արդեն հանցագործություն է։
«Նախ պետք է մտածենք, թե ինչպես կանխարգելել և երկրորդ, ինչպես հասարակության պատկերացումները փոխել, ընդհանրապես, սեռականության մասին, և խոսակցություն սեռականության մասին բացել, մի գուցե դարձնել քննարկման թեմա, ոչ թե հերքել կամ կոծկել։ Պատճառը փակ հասարակությունն է, որովհետև, երբ մենք դիտարկում ենք խնդիրը խորությամբ, տեսնում ենք, որ թե՚ մեծահասակների մոտ կա խնդիր` խոսելու սեռականության մասին և սեռական ազատություններն իրացնելու, թե՚ փոքրերի մոտ կա խնդիր` իմանալու և պաշտպանվելու տեսանկյունից»,-ասում է Հովհաննիսյանը։
Ըստ իրավապաշտպանի, ծնողները չեն զբաղվում սեռադաստիարակությամբ, մտածելով, որ ժամանակից շուտ երեխաները կցուցաբերեն հետաքրքրություն սեռականության վերաբերյալ, սակայն արդյունքում նրանց անպաշտպան են թողնում։
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը ապաստան է տալիս բռնության ենթարկված կանանց և անչափահասներին։ Հիմնադրամի «Մայրատան» ծրագրի ղեկավար և հոգեբան Լիանա Սարգսյանը պատմում է, որ իրենց մոտ գրանցվել է սեռական բռնության ենթարկված երկու անչափահասի դեպք։ Աղջիկներից մեկը եղել է `14, մյուսը` 15 տարեկան:
Նրանց հետ կատարվածի համար, Սարգսյանը մեղքի բաժինը տեսնում է ընտանիքների մեջ, և համարում, որ ծնողները անտարբեր են եղել երեխաների նկատմամբ, չեն զբաղվել դաստիարակությամբ, չեն խոսել նրանց հետ սեռական կյանքի մասին։
«Առաջին դեպքի ժամանակ, 14-ամյա աղջիկը հղիացել էր խորթ հորից։ Ավելի ուշ, մայրը նրան համոզել է ծննդաբերելուց հետո ազատվել երեխայից։ Մեզ մոտ ապրեց չորս ամիս։ Ինքը չէր խոսում երեխային հանձնելու մասին, փոխարենը ասում էր, եթե լիներ տասնութ տարեկան, չէր նայի ինչ կխոսեին մարդիկ, հոգ կտաներ իր երեխային։ Հաջորդ դեպքը խմբակային բռնաբարության արդյունք էր, աղջիկը հղիացել էր, մտավոր խնդիրներ ուներ։ Ծնողները ամուսնալուծված էին, աղջիկն ապրում էր հոր հետ, անուշադրության մատնված։ Ընտանիքն ու դպրոցը կարևորագույն օղակն են սեռական դաստիարակության հարցում»,- ասում է Լիանա Սարգսյանը։
Այնուհանդերձ բռնաբարությունները անչափահասների նկատմամբ ավելի հազվադեպ են տեղի ունենում, քան սեռական բնույթի բռնի գործողությունները։
«Կարող են հպվել մերկ մարմնին, ձեռք տալ, խնդրել որ երեխան իրենց մարմնի հետ որոշակի գործողություններ կատարի։ Բայց հենց սեռական ակտի դիմելը ավելի հազվադեպ է լինում, կարծում եմ հասկանում են, որ ավելի ապացուցելի ու ակնհայտ ցավալի բան կա, ու երեխան ոնց էլ լինի դրանից կբողոքի։ Իսկ մյուս գործողությունները երեխան կարող է ուղղակի չհասկանալ, որովհետև իրեն չեն սովորեցրել, իր մարմնի որ հատվածին կարելի է դիպչել, որ հատվածին` ոչ»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։
Նա նշում է, որ սեռական բռնության տրավման գիտնականների կողմից չափվում է աղետից հետո մարդկանց ունեցած տրավմայի հետ, ինչպես օրինակ պատերազմը, երկրաշարժը, և սեռական բռնությունը որպես կանոն անհետևանք չի լինում:
Անվստահություն իրավապահ համակարգի հանդեպ
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ խնդիրը նաև իրավապահ համակարգի հանդեպ անվստահությունն է, քանի որ, նույն քննչական գործողությունները, նյութերի նախապատրաստումը, կատարվում է երեխաների հետ ոչ այնքան բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, ինչի արդյունքում հնարավոր է երկրորդային տրավմա առաջանա երեխայի մոտ։
«Կարող են հարցեր տալ, որոնք երեխային կհասցնեն սթրեսային իրավիճակների կամ ծաղրական վերաբերմունք լինի, անվստահություն երեխայի նկատմամբ։ Եվ հոգեբանների ներգրավվածությունը բավարար չլինի, որպեսզի երեխան այդ իրավիճակից դուրս գա։ Այդ ամբողջ բացերի պատճառով, գուցե նաև ծնողները, խուսափում են բարձրաձայնել։ Կա նաև խնդիր, որ մամուլում դեպքերը ոչ պատշաճ ձևով կարտացոլվի,- ասում է Հովհաննիսյանը,- հնարավոր է նաև անձնական տվյալները չեն պահպանվի և երեխայի հետագա ճակատագրի վրա դա մեծ և ցավալի ազդեցություն կունենա, այսինքն` մարդու մոռացվելու իրավունքը երբևէ չի պաշտպանվում։ Նույն իրավապահ համակարգից ինֆորմացիաներ են դուրս գալիս, որոնք պետք է պահպանվեին, և հաճախ ծնողները խուսափում են վստահել այս համակարգին»։
Սեռական բռնությունների պատմությունները պայթեցնում են հասարակությունը
Հասարակությունում սեռական բռնության շուրջ ավելի բաց ու անկեղծ սկսեցին խոսել վերջին մեկ տարում։ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է, որ դա սկսվեց այն բանից հետո, երբ «Բուկինիստ» գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացումն ավարտվեց սկանդալով․ քննարկմանը միջամտեցին մի խումբ անձինք, պնդելով, թե գիրքը քարոզում է այլասերվածություն ու ուղղված է հայկական ավանդական ընտանիքի դեմ: Մինչդեռ գրքի թիրախում երեխաների ծնողներն են, որոնք պետք է իրազեկվեն և կարողանան պաշտպանել իրենց երեխաներին սեռական բռնությունից։
Գիրքը կազմվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանի կողմից։ Ավելի ուշ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարեց, որ խրախուսում է կրթությունը, խրախուսում է իրազեկվածությունը, գիտելիքը։
«Պետությունը սեռական բռնության ենթարկված անձանց համար ոչինչ չի անում և մենք շնորհակալ են բռնության զոհերի հետ աշխատող միակ կազմակերպությանը»,- ասել էր նախարարը։
Որոշ ժամանակ անց լրագրող Լյուսի Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է «Հետք»-ի հրապարակած հոդվածը, չեխ նկարչուհի Էվայի մասին, ով Հայաստանում ենթարկվել էր սեռական բռնությունների։ Շուտով լրագրողը 36 ժամում ստանում է 200 պատմություն՝ բոլորը սեռական ոտնձգությունների մասին։ Սոցցանցերում այն մեծ արձագանք գտավ, շատերը սուր զարմանքով էին արձագանքում՝ մի՞թե այս ամենը Հայաստանում է կատարվում, հատկապես, երբ բռնարար մանկապիղծն, օրինակ, հարազատներից մեկն էր՝ պապը, քեռին, հորեղբայրը, զարմիկը։
Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ նման քայլերը պայթեցնում են հասարակությունը, որը տևում է միայն որոշակի ժամանակահատված, հետո նորից նույնը շարունակվում է, և որևէ լուծում չի գտնվում։
«Մասնագիտացված կառույցները պետք է սկսեն մտածել ինչպե՞ս լուծել այս խնդիրները, ավելի խորը մասնագիտական մոտեցում ցուցաբերել, մանկավարժական, գիտական, հոգեբանական։ Որքան պրոֆեսիոնալ շրջանակներ ներգրավվեն, այնքան ավելի լավ կլինի, որովհետև ընտանիքները շատ հաճախ տարբեր մոտեցումներ ունեն։ Իսկ կրթական համակարգը կարող է մանկավարժական, գիտական մոտեցում ունենալ, կրթել երեխաներին»,- ասում է իրավապաշտպան Հովհաննիսյանը։
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
Սույն հրապարակումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տեսակետին