Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է ուզում Ադրբեջանը, պարզ է: Իսկ մե՞նք…

Դեկտեմբեր 06,2019 10:00

Ադրբեջանի դիրքորոշումը Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտնի է. այս դիրքորոշումը հատուկ քարոզչական նպատակով հրապարակվել էր Բրատիսլավայում Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպումից առաջ: Հիշեցնեմ՝ Ադրբեջանի ցանկություններն են՝

ա/ որ հայկական զինված ուժերը դուրս գան նախկին ԼՂԻՄ եւ այն շրջապատող տարածքներից,

բ/ որ Արցախ վերադառնան ադրբեջանցի «փախստականները»,

գ/ որ դրանից հետո Արցախի «հայկական եւ ադրբեջանական համայնքները» որոշեն Արցախի կարգավիճակը:

Իր ցանկությունների ցանկի վերջում Ադրբեջանը բավականին իմպերատիվ եղանակով ավելացրել է, որ այլ տարբերակների այդ երկիրը համաձայն չէ:

Ակնհայտ է, որ Արցախում, Հայաստանում կամ աշխարհի որեւէ երկրում չկա որեւէ հայ, որը համաձայն կլինի խնդրի լուծման նման տարբերակի հետ: Բայց փաստ է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են եւ ինչ-որ հարցեր քննարկվել են: Եվ շատ բնական երկու հարց է առաջանում

1/ եթե կողմերից մեկի դիրքորոշումն այս աստիճանի հստակ է եւ կարծր, ապա ինչի՞ շուրջ են բանակցություններն ընթանում,

2/ ի՞նչ է հայկական կողմը հակադրում այդ կարծր դիրքորոշմանը:

Մեր ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, խոսվել է «հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման» մասին, ինչպես նաեւ նշվել է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը»: Այդ ամենն, իհարկե, շատ լավ է, բայց չի փարատում մեր հասարակության մեջ կասկածներն առ այն, որը բանակցվում է ինչ-որ մի ծրագիր, որի մեջ այս կամ այն չափով ներառված են Ադրբեջանի վերը շարադրված ցանկությունները:

Հակառակում համոզվելու համար մեզ, հավանաբար, պետք է իմանալ Հայաստանի՝ նմանատիպ ձեւով շարադրված դիրքորոշումը, որը նույնքան միանշանակ կերպով կներկայացնի հայկական կողմի բանակցային դիրքերը: Հայաստանի արտգործնախարարի ելույթը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին, որտեղ շեշտվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը, այս առումով, կարծում եմ, բավարար չէ. Ադրբեջանը հստակ ծրագիր է նշում, իսկ մենք՝ միայն սկզբունքները:

Մենք ուզում ենք, որ բանակցություններին մասնակցեն Արցախի ներկայացուցիչնե՞րը: Շատ լավ, այդ դեպքում թող այդ փաստաթուղթը գրի Արցախի ԱԳՆ-ն, որը ճիշտ նույն ձեւով կհրապարակվի Մնացականյանի ու Մամեդյարովի հաջորդ հանդիպումից առաջ:

Խնդրի լուծումն, այո, պետք է բավարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Թե ինչն է բավարարում Ադրբեջանի ժողովրդին, արդեն պարզ է: Մնում է պարզել, թե ինչն է մեզ բավարարում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    ԵՍ համակարծիք եմ Ձեր կարծիքին։ Նստել ենք ուղտին ու կուզեկուզ ենք ման գալիս։ Արցախի հարցի վերջնական լուծումը կլինի պատերազմով

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031