Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտաշատում շաքարավազն ամենաէժանն է եղել, Իջեւանում ամենաթանկը բանջարեղենն է վաճառվել

Դեկտեմբեր 06,2019 14:30

Միրգը, բանջարեղենը, ոչ ալկոհոլային խմիչքները, կաթնամթերքը, պանիրը, ձուն, յուղերը եւ ճարպերը, հացաբուլկեղենը, ձավարեղենը եւ այլ ապրանքներ թանկացել են: Այս մասին երեկ տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական կոմիտեն: Այս ապրանքների գները բարձրացել են հոկտեմբեր ամսվա համեմատությամբ: Ըստ կոմիտեի պատասխանատուների, հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով: Ընդ որում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառ քաղաքում: Երեւանում, կոմիտեի տվյալներով,  սպառողական գներն աճել են 1.1%-ով:

Ըստ նույն աղբյուրի,  2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 2.6% գնաճ, ինչին, վիճակագիրների համոզմամբ, մեծապես նպաստել են մրգի եւ բանջարեղենի՝ համապատասխանաբար 3.5% եւ 20.1% գնաճերը:

Բանջարեղենն այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ  20.1% տոկոսով թանկացել է: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ էլ բանջարեղենը թանկացել է 10.6%-ով: Բանջարեղենն ամենաթանկը Իջեւանում է եղել: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 20.5%-ով:

Միրգը այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, թանկացել է 4.3%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ` 3.5%-ով: Միրգն ամենաթանկը վաճառվել է Գավառում:

Փոխարենը յուղերը եւ ճարպերն այս տարվա  նոյեմբերին 2018 թ.-ի նոյեմբերի համեմատությամբ 4.5%-ով էժանացել են, բայց 2019-ի հոկտեմբերի համեմատությամբ` 0.7%-ով թանկացել են:

Ըստ կոմիտեի, կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատությամբ արձանագրվել է 2.2% գնանկում, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Ձվի գինն այս տարվա նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ նվազել է 3.7%-ով, իսկ 2019 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.0% գնաճ:

Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ հացաբուլկեղենն ու ձավարեղենը նույնպես թանկացել են: Այս ապրանքները 0.3%-ով էլ թանկացել են այս տարվա հոկտեմբերի  համեմատ:

Ըստ նույն աղբյուրի, այս տարվա նոյեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ 2.7%-ով էժանացել է մսամթերքը: Բայց այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ նոյեմբերին 0.1%-ով մսամթերքը թանկացել է: Կապան եւ Երեւան քաղաքներում մսամթերքի գներն աճել են՝ համապատասխանաբար 0.3% եւ 0.4%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում գրանցվել է 0.8-0.1%

Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 7.3%, իսկ 2019թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.2% գնանկում: Շաքարի եւ շաքարավազի գներն իջել են հանրապետության բոլոր քաղաքներում, իսկ Արտաշատում ամենաշատն է էժանացել:

Ձկան եւ ծովամթերքի գները նույնպես նվազել են: Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս ապրանքների գները իջել են 4.7%-ով, իսկ այս տարվա նոյեմբերին` հոկտեմբերի համեմատությամբ, 0.9%-ով գնանկում է եղել:

2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնանկում:

Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են նաեւ կենցաղային եւ այգեգործական գործիքների գները՝ 0.2 %-ով, կահույքի եւ կահավորանքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահկարասու, գրասենյակային պարագաների գնաճը կազմել է  0.3 %: Ըստ վիճակագրական կոմիտեի, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի ապրանքային խմբում գներն աճել են 0.8%-ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը թանկացել են՝ 1.3 %-ով, հագուստը` 1.5 %-ով: Կոմիտեի ուսումնասիրությունները պարզել են, որ միաժամանակ նվազել են տարբեր տեսակի կոշկեղենի գները 0.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը՝ 0.6%-ով, վառելանյութինը եւ քսայուղերինը՝ 0.3%-ով, բնակարանի նորոգման եւ սպասարկման նյութերինը՝ 0.1%-ով, իսկ գորգերի եւ հատակի ծածկերի, դեղագործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի գինը 0.2%-ով իջել է դիզելային վառելիքը` 0.2%-ով թանկացել: Բայց 2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար` 10.2% եւ 9.3%-ով, իսկ 2018 թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.5% եւ 7.1%-ով:

Ծառայությունների սակագները 2019 թ. նոյեմբերին 2018 թ. նոյեմբերի համեմատ աճել են 1.2%-ով, բայց այս տարվա հոկտեմբերի համեմատ սակագների մակարդակը նոյեմբերին մնացել է անփոփոխ կամ` նվազել են: Այսպես. 2019 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 2.7%-ով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 0.3%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 1.3% նվազումով), հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 0.2%-ով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.1%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, վարսավիրանոցների եւ անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական, սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ եւ համանման կազմակերպություններ) սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031