Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հայցվորի՝ նիստի արդյունքում խախտվել են հոգաբարձուների խորհրդի գործունեությանը վերաբերող բազմաթիվ ընթացակարգային դրույթներ

Դեկտեմբեր 06,2019 14:00

Երեւանի ընդհանուր իրավասության դատարան դիմած Գեւորգ Էմին-Տերյանը հայտնել է, որ  2018թ. փետրվարի 27-ին Երեւանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի 37/135 հրամանով ընդունվել է աշխատանքի, որպես համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-ԵՊՀ մամուլի խոսնակ մեկ ամբողջական դրույքով: Նշված հրամանով, միաժամանակ, նա թողնվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի ժամավճարային հիմունքներով դասախոսի պաշտոնում մինչեւ 2017/18 ուստարվա վերջը:

Սակայն համալսարանի ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար  Ա. Մալխասյանի 2019թ. հուլիսի 26-ի թիվ 137/13 հրամանով Գ. Էմին-Տերյանը տեղափոխվել է այլ աշխատանքի, այն է՝ նշանակվել է Համալսարանի հանրային ծառայության պետ-մամուլի խոսնակ. հայցվորի հետ սկզբնապես կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիրը փոխարինվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով:

Հայցվորի տեղեկացմամբ, այս տարվա հունիսի 28-ին տեղի ունեցած Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստի արդյունքում «խախտելով հոգաբարձուների խորհրդի գործունեությանը վերաբերող բազմաթիվ ընթացակարգային դրույթներ` Համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի առաջարկով որոշվել է ձեւավորել միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիք: Դրանով, փաստորեն, մինչ այդ անմիջականորեն ռեկտորի ենթակայությամբ գործող «Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ-ԵՊՀ մամուլի խոսնակ» պաշտոնի համար արհեստականորեն ու առանց որեւէ տրամաբանության սահմանվել է անմիջական ենթակայության եւ վերադասության այլ կարգ` փաստացի սահմանելով անմիջականորեն պրոռեկտորին ենթակայության օրենսդրական պահանջ»:

Գ. Էմին-Տերյանն ասում է, որ Հոգաբարձուների խորհրդի նշված արձանագրությամբ ամրագրված որոշումն ակնհայտորեն անհիմն է, պրոռեկտորի հաստիքն ապօրինի, արձանագրությունը չի բխում աշխատանքային հարաբերությունների պատշաճ կազմակերպման գաղափարից, ուղղակիորեն հակասում է աշխատանքային հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրության պահանջներին ու հիմնարար սկզբունքներին, խաթարում է աշխատանքային հարաբերությունների կայունության եւ յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների ապահովման սկզբունքը, ուստիեւ, ենթակա է անվավեր ճանաչման:

Իրավական կարգավորումների համար որպես հիմք նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, համաձայն որոնց,  աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով:

«Վկայակոչված օրինադրույթի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ աշխատանքային իրավահարաբերություններին օբյեկտիվորեն բնորոշ է դրանց էությունը կազմող հարաբերության տարրերի համարժեք որոշակիացումը, ներառյալ աշխատանքային ենթակայության եւ վերադասության հետ կապված հարցերի հստակ ուրվագծումով: Ակներեւ է, որ աշխատողի իրավունքի շարունակական եւ կոպիտ խախտում կարող են համարվել ոչ միայն վերջինիս հաստիքի կրճատման կամ աշխատանքից ազատմանն ուղղված գործողությունները, այլ նաեւ այնպիսի արարքները, որոնք օբյեկտիվորեն ոտնձգում են վերջինիս պատշաճ աշխատանքային մթնոլորտի ապահովմանը»,-նշել էր հայցվորն իր հայցադիմումում:

Իսկ ինչ է ասում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 24-26-րդ հոդվածները:

Հայցվորի տեղեկացմամբ. «Թե նշյալ հոդվածների, թե ԵՊՀ կանոնադրությամբ Համալսարանի ռեկտորի գործունեությանը վերաբերող եւ ոչ մի ակտով նախատեսված չէ խորհրդի կողմից Համալսարանի ռեկտորի առաջարկությամբ որոշումների ընդունման որեւէ ընթացակարգ: Մինչդեռ, նման ընթացակարգով առաջնորդվելով, խորհուրդն ուղղակիորեն խախտել է իր կողմից որոշումների ընդունման սահմանված ընթացակարգերը: Այսինքն, ակներեւ է, որ բացի բովանդակային-իրավական բաղադրիչներից, սույն դեպքով առկա է այն իրավիճակը, երբ վիճարկվող որոշմամբ խախտվել է նաեւ օրենսդրությամբ որոշումների ընդունման համար սահմանված ընթացակարգը, որն ինքնին օրենքի ուժով պետք է հանգեցնի առկա իրավիճակի վերացմանը»:

Հետեւաբար, դատարան դիմած դիմումատուի գնահատմամբ, գործատուի կողմից դրսեւորված գործողությունները ոչ այլ ինչ են, քան աշխատողի իրավունքների կոպտագույն խախտում` դրանից գործատուի համար բխող բոլոր անբարենպաստ հետեւանքներով, որոնք ակնկալվում է առարկայացնել սույն հայցադիմումի շրջանակներում:

Հայցվոր կողմը պահանջում է «Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով» պրոռեկտորի հաստիք ձեւավորելու մասով անվավեր ճանաչել 28.06.2019թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստի արձանագրության 1-ին կետը, մասնակի` միջազգային համագործակցության վարչությունը միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորին անմիջական ենթակայությամբ որոշելու մասով անվավեր ճանաչել 10.09.2019թ. ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գեւորգյանի թիվ 165/199 հրամանը եւ վերականգնել մինչեւ հայցվորի իրավունքի խախտումը եղած դրությունը:

Դատարանից խնդրվում է պատասխանողին պարտավորեցնել մասնակի` հասարակայնության հետ կապերի ոլորտում սահմանափակել «Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով» պրոռեկտորի հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքային պարտականությունների կատարումը` մինչեւ սույն գործով կայացվող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ մասնակի կասեցնել` միջազգային համագործակցության վարչությունը միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորին անմիջական ենթակայությամբ որոշելու մասով 10.09.2019թ. ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գեւորգյանի թիվ 165/199 հրամանի գործողությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031