Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա կրթվելու ձգտում, կրթահամակարգի  թերություններն ու տարբերությունները խոչընդոտ չեն

Դեկտեմբեր 06,2019 13:00

Անին սովորում է Երեւանի պետական համալսարանում։ Նրա դասընկերներն այժմ 3-րդ կուրսի ուսանողներ են, իսկ ինքը դեռեւս 2-րդ կուրսում է սովորում։ 1 տարի ետ է ընկել իր տարեցիներից՝ ավելի առաջ գնալու նպատակով։

Այսօր բազմաթիվ երիտասարդներ դպրոցն ավարտելուց հետո նախընտրում են մեկնել արտասահման՝ ուսումը դրսում շարունակելու։

Ոմանք Հայաստանում են ավարտում ուսումը, հետո ավելի խորը մասնագիտական գիտելիքներ ստանում արտասահմանյան որեւէ համալսարանում։ Ոմանք էլ, օգտվելով այսօր տրամադրվող բազում ծրագրերից, ինչ-որ ժամանակահատվածով են ուսանում դրսում, հետո վերադառնում եւ ուսում ստանում Հայաստանում։

Վերջիններիս թվին է պատկանում նաեւ Անին։ Flex ծրագրի շրջանակներում նա դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է ԱՄՆ, 1 տարի ապրել եւ սովորել այնտեղ:

«Այս ծրագիրը մեծ հնարավորություններ է ընձեռել բացահայտել եւ ամուր կապեր հաստատել ամերիկյան եւ այլ մշակույթների հետ, ձեռք բերել բազմաթիվ ընկերներ, զարգացնել աշխարհայացքը եւ վերադառնալով հայրենիք՝ մասնակցել բազում կամավորական աշխատանքների՝ ընդգրկելով մյուս երիտասարդներին»,-ասաց Անին։ Նա փաստում է, որ Հայաստանում եւ արտասահմանում ստացած կրթության ծավալի ու մակարդակի միջեւ տարբերություններն ահռելի են. Հայաստանում ուսում ստանալն ավելի բարդ է։ Ըստ Անիի՝ դժվարությունները գալիս են հենց ուսուցման կարգից։ Հայաստանում լեզու սովորելու համար օգտագործում են գրքեր կամ բառարաններ, իսկ արտասահմանում ամեն դասաժամի ընթացքում դիտում են մուլտֆիլմեր, ֆիլմեր, հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ: «Այս ամենն է, որ նպաստում է իսկապես լեզու սովորելուն եւ որ ամենակարեւորն է՝ չձանձրանալ. չէ՞ որ լեզու սովորելու համար առանցքայինը հաղորդակցությունն է»,-ասաց նա։

Ուսանողի խոսքերով, Հայաստանում ծանրաբեռնվածությունն ամենամեծ խնդիրն է։ Արտասահմանում ծանրաբեռնվածություն նշանակում է շահագործում աշակերտին։ Յուրաքանչյուր աշակերտ ունի հանգստի ժամ դպրոցի կամ համալսարանի հանգստի սենյակում կամ գրադարանում, որտեղ ավարտում է իրեն տրված հանձնարարությունները, քանի որ դասերից հետո սկսվում են սպորտի պարապմունքները, որոնք նույնպես զարգացնում են միտքը։ Դե իսկ առարկաների ընտրության հարցում երիտասարդներն ազատ են. չկա ոչ մի պարտադրում։

Տարբերություններից բացի, Անիի պատմելով, կան նաեւ մի շարք թերի կողմեր Հայաստանում, օրինակ, Ամերիկայում, նրա տպավորությամբ, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ավելի ազատ են:

«Այն պակասը, որ ես զգում եմ, դա ոգեշնչված եւ գնահատված լինելն է դասախոսի կամ ուսուցչի կողմից։ Յուրաքանչյուր աշխատանք արտասահմանում գնահատվում է։ Մեծ է նաեւ խոսքի ազատության դերը։ Յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչը երբեք չի քննադատվում»,- հայտնեց Անին։

Մի սկզբունք կա, որով աղջիկն առաջնորդվում է՝ նախ սովորել խաղի կանոնները, հետո խաղալ ամենից լավը։ Ամեն ինչի հիմքը կրթությունն է, եւ հենց հայկական կրթությունն է, որ ճանապարհ է բացել իր առջեւ դեպի մեծ աշխարհ։ Ոչինչ ավելի լավը կամ վատը չի լինում, լինում են տարբերություններ։

Նրա ու շատերի համոզմամբ, կրթությունը եւ կրթվածությունը մեծ դեր ունեն անհատի կյանքում, անգամ ամենավատ պայմաններում, եթե կա նպատակ, անշուշտ կարելի է զարգանալ նույնիսկ ինքնակրթմամբ, եթե կա կրթվելու ձգտում, ապա կրթահամակարգի առավելությունները, թերություններն ու տարբերությունները չեն կարող խոչընդոտ լինել:

Սյուզի ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031