Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Ցեղասպանություն» (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

Դեկտեմբեր 06,2019 12:30

Գրող, հրապարակախոս Սպարտակ Մաթոսյանի հոգու պոռթկումն է ընդդեմ չարի՝ թուրք-ազերի բարբարոս ցեղերի, որոնք դարերով հետ են տարել մարդկության բնականոն զարգացման ընթացքը: Ժողովածուն մի նոր հայացք է ցեղասպանությանը:  Իր չափածո եւ արձակ գործերում վավերագրերի, փաստերի հիման վրա հեղինակը արտացոլում է թուրք-ազերի… ոհմակների ոճրագործությունները, անմարդկային դաժանությունները, դատապարտելի արարքները. ոչ միայն բնիկ հայերի, այլեւ մյուս քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ:

«Պոեմ մարդկության չարիքի մասին» գործում պատկերագրվում է մեր փառահեղ անցյալը. որ հայն արարչագործված է, որ նա արարել է ոսկեղենիկ անկրկնելի ձեռագրեր, մագաղաթներում պատմագրել՝ «Բնույթն ամենի, ծնունդն աշխարհի, երեւույթների բախումն ամեհի, բնութագրել տարբերությունը չարի ու բարու, չարին անիծել, երկրպագել է  բարությանն ազնիվ…»:

Բայց խաթարվել է հայի կյանքը. հեռավոր Ալթայի խորքերից թաթար-մոնղոլների հետ վայրագ խուժանն է ներխուժել մեր հայրենիք, արմատներ գցել, բնադրվել՝ «Բնադրվեցի՛ր, բայց քրիստոնյա իմ ժողովրդից երբեք ու երբեք խաղաղ արարել չսովորեցիր…»:

Ս. Մաթոսյանը սպառիչ եւ սպանիչ է ներկայացրել թուրքի կերպարը՝ որպես մարդատյաց համիդ, որպես դավադիր թալեաթ… Ահազանգ է, թուրքին չհավատալու արձագանք, զգոնության կոչ, վերապրածի տառապալից հոգու մխիթարություն:

Պոեմի մասին իրենց դրվատանքի խոսքերն են հղել «Կալիֆոռնիա կուրիեր» ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը (ԱՄՆ), Լիլյա Աղաջանյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո), մոսկվաբնակ վիրահայ բանաստեղծուհի Հասմիկ Սերմարիչան, գրականագետ, բանաստեղծուհի Էսթեր Դավիդյանը (Լա Քրեսենթա, Կալիֆոռնիա):

«Քուրդ Հասոյի շունը» եղերապատումը պոեմի շարունակությունն է, որը նվիրված է  թուրքերի կողմից գնդակահարված Մելիք Սարգսի Կարապետյանին եւ նույն ճակատագրով Համամլիի (Սպիտակ) շրջանի զոհվածների հիշատակին: Թուրքը օգտվելով ժողովրդի անօգնական վիճակից, հայաթափում էր, ողջակիզում… Պատումի գույները մռայլ են, դառնաթախիծ: Մեկ անգամ եւս հաստատագրվում է, որ թուրքը սրբություն չունի, որ թուրքը մնում է թուրք:

Սոփիի որդուն՝ Մելիքին, որը աղ ու հաց էր տանում իրենց օջախում գտնվող փաշային՝ իբրեւ վերջինս «լավ նայեր» իրենց, բայց… Ու երբ Մելիքի հայրն է խնդրում փաշային՝ որդուն խնայել, փրկի, տմարդի փաշան անտարբեր նետում է. «Դե հայ տղամարդ է, պիտի տանեն…, օսմանյան կառավարության հրամանն են կատարում…»:

Վրեժի ցասումն է Սոփիին մղում փաշայի պահապանի հրացանը վերցնել ու գոչյունով մտնել ոճրագործի սենյակը. «Ասում ես՝ օսմանյան կառավարության որոշո՛ւմն են կատարում ասկյարները… Սա էլ ի՛մ որոշումն է, շուն… Սա քեզ՝ Մելիքի տված աղ ու հացի դիմաց…»:

«Հոգեկիրը» գրոհապատում է՝ Շուշիի ազատագրումը: Հեղինակը գրոհին հաղորդել է պատկերավորություն. «Տիգրանը կիսաբաց աչքերը դարձյալ ուղղեց դեպի վեր. թանձր ամպերից այն կողմ թաքնված էր կապտավուն երկնքի անսահմանությունը… Ակնթարթային լույս ճառագեց հանկարծ՝ արեգակից էլ պայծառ: Երկնքի ծպտյալ խավարի միջից ամրակուռ մի քաջալերանք, ոգեղեն, աննյութ մի ոգեւորություն մխրճվեց Տիգրանի սրտի ու հոգու դարպասներից ներս…»:

Հոգեկիրը ուղղորդում է Տիգրանի ամեն քայլը՝ մինչեւ Շուշիի ազատագրումը: Եվ խաղաղություն, հանգստություն է իջնում նրա վրա, իսկ «Մանկան տեսիլով» աներեւակ հոգեկիրն Աստծո տունը խնկարկող աղոթքների հետ համբարձվել էր առ Աստված… Նա դեռ էլի էր գալու…»:

«Իմ մոլորված վիրավոր կռունկ» նովելը Ս. Մաթոսյանը նվիրել է երկրաշարժից զոհված դստերը՝ Սիրանուշի հիշատակին: Անասելի ցավ կա, ափսոսանք… հոր՝ հեղինակի հոգու խորքում. «Սիրանուշի թրթռուն սիրտը լցված էր հուզականությամբ ու զարմանալի նախազգացմամբ…»:

Իր մոլորյալ կռունկի ճիչը տագնապի, ինչ-որ վատ լուրի զգացում էր արթնացրել ու արցունքի քողով պատել նրա աչքերը: Երկրաշարժ… «Սիրանուշի քնքուշ, գեղգեղուն հոգին իր ջութակի հնչյունների հետ թռավ, գնա՜ց կռունկների երամների հետ… Գարնանը, երբ սկսվում է կռունկների վերադարձը, իմ նորակառույց տան պատուհանները միշտ բաց ենք թողնում: Այս էլ քանի գարուններ սպասում ենք քո վերադարձին, իմ մոլորված ու վիրավոր կռունկ: Հավատա, Սիրանուշ, որ ապրում ենք այդ հավատով»:

Ժողովածուն ընթերցվում է հուզականությամբ: Ցասում կա, ցավ ու վերապրած տառապանք: Թեմաները հոգեցունց են, սակայն հեղինակի՝ Սպարտակ Մաթոսյանի հոգին լցված է ապագայի նկատմամբ հավատով ու մարդասիրությամբ…

Գուրգեն ԼՈՌԵՑԻ        

«Առավոտ» օրաթերթ
5.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031