Արդեն քանի օր է՝ գործուղմամբ Բրյուսելում են գտնվում «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, հանդիպումներ են ունենում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ: Նրանց գործուղման մասին ֆեյսբուքից իմանալով՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրել էր, թե՝ «ոչ ոք չհարցրե՞ց թե ինչու եք միակուսակցական կազմով եկել ԵԽ։ ԱԺ-ն երեք ուժերից է բաղկացած և եթե Ձեր այցը ԱԺ-ից է, ապա շատ սխալ է, որ մի ուժ եք ներկայացնում Բրյուսելում ու խոսում ժողովրդավարությունից։ Եվրոպացիների մոտ, վստահ եմ, հարցեր են առաջանում, թե ժողովրդավարական Հայաստանում այդ ինչպես է միակուսակցական խորհրդարանական պատվիրակություն ձևավորվել դեպի ԵՄ»:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց պարոն Մարուքյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է վրդովմունքի պատճառը ու ի՞նչ սխալ են արել Իմ քայլականները: Մարուքյանի խոսքով՝ «Խորհրդարանական մշակույթում եւ ընդհանրապես բոլոր պատվիրակությունները, որոնք ԱԺ-ից մեկնում են, պիտի լինեն բազմակուսակցական, այսինքն, ներկայացված լինեն երեք խմբակցությունները, կամ անպայման ընդդիմությունից պետք է մարդ լինի: Բայց այս պատվիրակությունը ձեւավորվել է միակուսակցական, իսկ միակուսակցական պատվիրակություններ կարող են արվել միայն այդ կուսակցության հաշվին, ոչ թե ներկայացնեն խորհրդարանը զուտ մեկ կուսակցությունով: Սա շատ վատ է դիտվում թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, դրանից տպավորություն է ստեղծվում, թե խորհրդարանն ըստ էության, միաբեւեռ է, բազմակուսակցական չէ»:
Մարուքյանն ասաց, որ իմացել է, թե մենակ Ռուբեն Ռուբինյանն է գնալու, ոչ թե «Իմ քայլի» պատգամավորներով. «Ես իմ մտահոգությունը կփոխանցեմ Արարատ Միրզոյանին, որ այսուհետ նման պատվիրակություններ չձեւավորվեն»:
Ըստ Էդմոն Մարուքյանի, ժողովրդավարական պետություններում չի կարող լինել պատվիրակություն՝ մի կուսակցությունից բաղկացած: Նա ասաց, որ նախկինում, եթե ՀՀԿ-ականները մենակ էին գնում ԵԺԿ, օրինակ, գնում էին իրենց փողերով, ոչ թե Ազգային ժողովի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ