Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի. Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 05,2019 21:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

***

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.

«Մեծարգո պարոն նախագահ,

Պետական այրեր,

Օտարերկրյա դեսպաններ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրության, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։

Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։

2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար:

Հայաստանն իր դիրքերն ամրա¬պնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:

Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համ-աշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:

Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և ողջ անձնակազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար։

Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարավորություններով համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկաներ դուրս գալու և համա-գործակցության հարթակներ ձևավորելու համար։

Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։

Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորարարական տեխնոլոգիաների լեզվով։

Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնա¬կաններ ու գյուտարարներ, որոնց աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում։

Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»։

Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանակության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքահեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են։

Պարոն Կանադե, մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետու¬թյան պետական մրցանակին արժանանալու առիթով: Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը:

Մեկ անգամ ևս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։

Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք:

Շնորհակալություն»։

Տակեո Կանադեն ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարող են նպաստել ոլորտի առաջընթացի ն ու զարգացմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031