Ինչպես տեղեկացրել ենք, նեյրովիրաբույժ, «Առողջ հանրություն» հ/կ նախագահ Մարինա Խաչատրյանը նոյեմբերի 20-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ըստ պտտվող լուրերի, Գյումրիի տնակներում բնակվող մայրերը հենց տնակներից վաճառում են իրենց երեխաներին։
«Բայց մենք հասկանում ենք չէ՞, որ քաղաքացին չի կարող գտնել գնորդ, նույնիսկ ինձ ասացին, որ մայրերն՝ արցունքն աչքերին, լացելով, ինչ-որ իրենց ստիպում են կամ համոզում են․․ Սա, իհարկե, դեռևս խոսակցությունների մակարդակում է, բայց ես ԱԱԾ-ին կոչ եմ անում շտապ կարգով այս հարցը նույնպես ուսումնասիրել, ես վստահ եմ, որ իրենք ունեն այդ տեղեկությունները։ Այստեղ մի ահասարսուռ բան կասեմ, ըստ լուրերի, Գյումրու տնակներից երեխաները վաճառվում են թուրքերին։ Այսինքն՝ թուրքը քիչ չէ գալիս է, մտնում է մեր երկիր, մի հատ էլ մեր երեխային տանում է, մի հատ էլ թրքացնում է, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում մեր երկրում», -ասել էր նա։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը Մարինա Խաչատրյանի կողմից «Հենարան» մամուլի ակումբում արված հայտարարությունը ստուգելու, անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ նրա մտքերը բովանդակող տեսանյութն ու «Շոկ․ Գյումրու տնակներից մայրերն իրենց երեխաներին վաճառում են թուրքերին» վերտառությամբ հրապարակումն անմիջապես ուղարկել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։
Aravot.am-ը դատախազից հետաքրքրվեց, թե ի՞նչ են ցույց տվել ստուգումների արդյունքները, կա՞ն մանկավաճառությունը հաստատող փաստեր։
Կարդացեք նաև
«Կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի «Մուշ» և «Կումայրի» բաժինների ծառայողների կողմից տեսանյութում և հոդվածում մտահոգության տեղիք տվող հանգամանքների շուրջ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել։ Ավելին, ոստիկանության աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել Մարինա Խաչատրյանի հետ, որի ընթացքում նա հայտնել է, որ ստույգ տեղեկությունների չի տիրապետում՝ մասնավորապես նշելով, որ տվյալ հարցի շուրջ իրեն ոչ ոք չի ահազանգել, կոնկրետ անձանց տվյալներ չի կարող նշել, իր նշված խոսակցությունները օդում պտտվող լուրեր են»,-ասաց Կարեն Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Մարինա Խաչատրյանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք էր առաջացրել գյումրեցիների մոտ, նրանք նախազգուշացրել էին, որ իրավապահների կողմից չհիմնավորվելու դեպքում պատասխանատվության են կանչելու այս տիկնոջը՝ մի ամբողջ քաղաքի բնակիչների պատվի հետ խաղալու ու կեղծ լուրեր տարածելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ