ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը պնդում է, որ Արա Պապյանը որևէ ապացույցի չի տիրապետում, որը կարող է դատարան ներկայացնել:
Դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (նախագահող դատավոր Գոռ Թորոսյան) տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը:
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Սեդրակ Քոչարյանն Արա Պապյանից պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Կարդացեք նաև
Անի Ալավերդյանը դատարանի դահլիճում միջնորդեց, որպեսզի դատարանը զրկի Արա Պապյանին հարցազրույց տալու, գրառում կատարելու իրավունքից: Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 6-ին: Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասաց. «Վտանգավորն այն է, որ Արա Պապյանի հրապարակումները պարունակում են ատելության խոսքեր, զրպարտություններ, որին հետևում են ինչ-ինչ այլ սոցցանցերի օգտատերերի մեկնաբանություններ, որոնք պարունակում են վիրավորանք և զրպարտություն: Դատարանի պարտավորությունն է այդ ամենը կանխել, որ հետագայում հայցը բավարարվելու դեպքում այն առարկայազուրկ չլինի: Այսինքն՝ այնքան վիրավորանք և զրպարտանք կարող է ուղղվել հայցվորի նկատմամբ, որ վերջնական դատական ակտը լինի անիմաստ»:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Արա Պապյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ եթե կան գործարարներ, որոնք տուժել են Սեդրակ Քոչարյանի գործելաոճից, կարող են կապվել իր հետ: Լրագրողների հետ զրույցում Արա Պապյանն ասաց, որ այդպիսի մարդիկ շատ են և պատրաստ են, երբ ժամանակը գա, վկայություն տան:
Դառնալով հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությանը՝ Արա Պապյանն ասաց. «Այդ մարդկանց ազատ խոսքի իրավունքն է, եթե ոչ թե գովաբանում են, այլ վիրավորում, դրա մեղքը մերը չէ: Թող պատճառներն այլ տեղ որոնեն: Իմ խոսքում որևէ վիրավորանք չի եղել, ես տեղեկություն եմ հրապարակել դատական նիստի մասին և հայտարարել, որ եթե տուժել են հեռախոսի ներկրման հարցով, կարող են ինձ հետ կապվել: Սա քաղաքական հարց է, քանի որ հարցը վերաբերում է Քոչարյանների ընտանիքին: Այդ ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սեդրակ Քոչարյանի հայրը եղել է պաշտոնյա, եթե չլինեին քաղաքականության հետ կապված, այս խնդիրը չէր լինի: Վաղը դատարանը որոշում կկայացնի: Հույս ունեմ՝ դատարանը չի բավարարի միջնորդությունը և սահմանափակի իմ՝ հարցազրույց տալու և գրելու իրավունքը»:
Այն պատճառաբանումները, թե Սասնա ծռեր կուսակցությունն է տարածել Արա Պապյանի գրառումը, Արա Պապյանն արձագանքեց. «Ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ: Սասնա ծռերի իրավունքն է՝ կիսվե՞լ, թե՞ ոչ: Եթե նացիստական կուսակցությունը կիսվեր, կամ ադրբեջանական կայք, ինձ պիտի ասեին, որ նացի՞ստ եմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ