ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը դիտարկում է բացառապես քաղաքական հարթությունում: Իրադարձությունների նման զարգացումը նա կապում է վերջերս, ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի հետ, որում, ըստ մեր զրուցակցի, Սերժ Սարգսյանը որոշակի փակագծեր բացեց եւ իր տեւական լռությունից հետո ուրվագծեց իր ասելիքը, ինչին ժողովուրդը սպասում էր: Իսկ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն՝ հանրապետությունից չբացակայելու համար, ըստ Հովհաննես Սահակյանի, ուղղակի ապացուցում են իր կասկածները:
Հարցին՝ քաղաքական առումով ինչ վտանգ է ներկայացնում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար, որ իշխանությունը նման ճանապարհով գնա, մեր զրուցակիցը պատասխանեց՝ հետհեղափոխական շրջանում հասարակության մոտ էյֆորիկ տրամադրություններն են անկում ապրել, խոստացված ներդրումային բումն առայժմ շոշափելի արդյունք չի ապահովում, անգամ նախադրյալներ չկան առաջիկա տարիների տնտեսական վերելքների համար, եթե մեքենաների մաքսազերծման գումարները հանենք՝ տնտեսական աճի մասին պատկերն ավելի առարկայական կդառնա, ավելին, հայաստանյան կյանքի թիվ մեկ թեման վերջերս դարձել էր այն, թե արաբ ներդրողները ջինսով էին հանդիպման գնացել, փողկապ կապել էին, թե՝ ոչ:
Ասում է՝ նաեւ տեսնում ենք, որ կոռուպցիան չի վերացել եւ հիշեցնում, որ իրենց իշխանության տարիներին էլ էին պաշտոնյաներ ձերբակալվում, պետությանը հասցված վնասը փոխհատուցվում էր եւ նրանք աշխատանքից ազատվում էին: Հիմա, պարզապես, այդ ամենը զուգորդվում է շոույով: Եվ վերջապես, Արցախյան հարցի կարգավորման այս փուլն էլ վստահություն չի ներշնչում, ավելին, մտահոգություններ է առաջացնում: «Սերժ Սարգսյանը եվրոպական ամբիոնից խոսեց այն մասին, որ չկա իրավական պետություն, չկա ժողովրդավարություն, կան քաղաքական հետապնդումներ, խոսեց «թավշյա» հեղափոխության մասին, ինչը, բնական է, դուր չէր գալու իշխանություններին»,- ասաց նա, որ իր խոսքում չի չարախնդում, քանզի բոլորս մեկ նավի մեջ ենք եւ իշխանությանը հորդորում է՝ սթափվել եւ վերադառնալ սահմանադրականության դաշտ՝ հարգել ՀՀ Սահմանադրությունը, պահպանել իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ ԱԺ ամբիոնը չդարձնել իշխանության սեփականությունը՝ խախտելով բոլոր ընթացակարգերը: Իշխանության պահվածքը նա համարում է ուղղակի վերաբերմունք պետությանը, պետականության եւ Սահմանադրությանը:
Հարցի իրավական մասը, Հովհաննես Սահակյանի համար խնդրահարույց է: Հիշեցնենք, երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ այն որակվում է շինծու: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էր նաեւ իր հարցազրույցներից մեկում, որոշ մանրամասներ ներկայացրել՝ ասելով, որ վեց էջանոց մեղադրանքը քննիչը երկու րոպեում է հասցրել գրել, պատրաստել եւ ներկայացնել իր պաշտպանյալին: Հովհաննես Սահակյանի համար նաեւ տարակուսելի է այն, թե գործի նախաքննական փուլում որտեղի՞ ց էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ հայտնի: Նրա համար տարակուսելի է նաեւ այն, որ մեղադրանքն առաջադրվել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա՝ առանց այլ ապացույցների: Մեր զրուցակիցը փաստում է, որ մեկ անձի ցուցմունքով քրեական գործերի հարուցումը գործող իշխանության աշխատաոճն է, ինչը անիրականանալի է դառնում արդարադատական համակարգի երբեւէ կայացման հեռանկարը: Ենթադրում է, որ միջազգային կառույցների հանդուրժողականությունն այս իրավիճակին պայմանավորված է ինչ-ինչ ակնկալիքներով՝ գործող իշխանությունից, բայց ինքը վստահ է, որ ժամանակի եւ տարածության մեջ այս ամենն իր դրոշմն է դնելու մեր երկրի միջազգային վարկանիշի վրա:
Կարդացեք նաև
Հղում անելով երրորդ նախագահի փաստաբանի հայտարարություններին, Հովհաննես Սահակյանը փաստում է, որ այս գործով բազմաթիվ դատավարական նորմեր են խախտվում:
Մամուլում հրապարակումներ եղան, որ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ:
Տեղեկություններ հրապարակվեցին նաեւ, որ նրանց միջեւ նաեւ առերեսում է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանին հարցրել են՝ ճիշտ է, որ պարտադրել եք, որ գյուղնախարարությունը «Ֆլեշից» պետք գնումն իրականացնի, մասնավորապես ասելով. «Լսում ես, արա, կգնաս Ֆլեշ-ից կգնես», Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իր ոճը չէ, ինքը երբեւէ չի ասել նման բան , նույն հարցի մասին պարզաբանում են պահանջել նաեւ Սերգո Կարապետյանից, ով կմկմալով ասել է, թե եղել է նման բան:
Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք՝ իրենց իշխանության տարիներին նախարար եղած եւ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունեցող Սերգո Կարապետյանն ինչ պատճառ ուներ երրորդ նախագահի դեմ ցուցմունք տալու: Հովհաննես Սահակյանն ասաց՝ նախ ինքը գործի նյութերին ծանոթ չէ, չգիտի՝ թե ով է ցուցմունք տվել, բայց գիտե, որ այլ ապացույցներ՝ գրավոր հանձնարարական եւ այլն, չկան: Իսկ մեկ մարդու ցուցմունքով «գործ սարքելու» ժամանակներն անցել են, 21-րդ դարում, նման ճանապարհ անցած մարդու նման այդպիսի գործելաոճը անլուրջ է: Առհասարակ, իշխանությանը հորդորում է՝ հարգել պետական ինստիտուտները, ցանկացած պահին պատշաճ պահել քրեադատավարական նորմերը, մանավանդ, եթե ամեն օր հայտարարում են իրավական պետություն կառուցելու իրենց ցանկության մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ