Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանից խոշտանգման միջոցով ցուցմունք են կորզել. Երեմ Սարգսյան

Դեկտեմբեր 05,2019 18:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) տեղի ունեցավ գործով ապացույցների հետազոտում:

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ այն որոշման մեջ, որը 2007-ին քննիչն է կազմել քրեական գործով վարույթ կարճելու մասին, չկա տվյալ այն մասին, որ որևէ կերպ հասկանալի լինի, որ Հայկ Սարգսյանն է կրակոցն արձակել: Երեմ Սարգսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել ու մանրամասնեց. «Դավիթ Սիմոնյանը առերեսման ժամանակ մարմնական վնասվածքների մասին հարցին ի պատասխան ասել է, որ իր թևերն ու դեմքը մոծակներն են կծել, աչքում առկա արյան պատճառը արյան ճնշումն է եղել, իսկ ձախ երիկամն էլ ցավում էր: Տուժող Սիմոնյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտարարել է՝ քանի որ քնել է քրեակատարողական հիմնարկի առկա կոշտ մահճակալի վրա, դրա համար է մեջքը ցավում, իսկ դեմքն ու թևերը կծել են մոծակները: Նա պնդել է, որ որևէ մեկը չի հարվածել, մարմնին վնասվածք չի հասցրել, և որևէ մեկն այդ վնասվածքներում մեղավոր չէ»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի և Դավիթ Սիմոնյանի առերես հարցաքննության ընթացքում այնքան ակնհայտ են եղել Դավիթ Սիմոնյանի մարմնական վնասվածքները՝ դեմքի, ձեռքերի հատվածում, աչքի արյան հետ կապված, անընդհատ նույն դիրքով նստած լինելը, հետևաբար տրամաբանորեն ծագել է այն միտքը, որը Դավիթ Սիմոնյանը խոշտանգման, բռնության է ենթարկվել ինչ-որ անձանց կողմից, որ նման ցուցմունք տա: Այսինքն՝ նրանից խոշտանգման միջոցով նման ցուցմունք են կորզել»:

Հայկ Սարգսյանի պաշտպանն ասաց, որ այս կասկածից ելնելով՝ միջնորդություն է ներկայացվել, որ փորձաքննություն կատարվի ու պարզվի՝ իրականում սա բռնության հետևա՞նք է, թե՞ իրականում մոծակն է կծել, արյան ճնշումն է, բայց չեն նշանակում. գուցե գիտեին, որ բռնության են ենթարկել, դրա համար»:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հակադարձեց, թե, երևի, անհրաժեշտ է եղել, որ այդ պահին առաջանա խոշտանգման ենթարկելու վերաբերյալ կասկածը պաշտպանի կողմից, որ վիճարկի ցուցմունքի արժանահավատությունը:

Երեմ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ չկա քրեական գործ, չկա ուսումնասիրված քրեական գործ. «Չկա տենց որևէ մարդ, այս հանրապետությունում մեկը, որ կարող է ասել՝ այս տվյալն այս քրեական գործում չկա, քանի որ քրեական գործը չի ուսումնասիրել: Եթե կարող են համոզել, որ գործի նյութերը հետազոտել են, ես կլռեմ»

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031