ՀՀ արտահանող ընկերությունները միավորվել են մեկ հարթակում: Ներկայում անվճար միջոցառումների շարք է սկսվել «Բարեւ» խորագրի ներքո, որի նպատակն է մեկտեղել արտահանմամբ զբաղվող ընկերություններին, արտադրողներին, միեւնույն ժամանակ այն ընկերություններին, որոնք աջակցում են արտահանմանը` բեռնափոխադրող, իրավաբանական եւ այլ ծառայություններ մատուցող, PR, դիստրիբյուցիոն եւ այլն:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը (լուսանկարում): Նրա խոսքով` սա փորձի փոխանակման, քննարկման ու բանավիճելու անվճար հարթակ է, որի նպատակն է սինքրոնիզացնել արտահանմանն առնչվող բոլոր ընկերությունների գիտելիքներն ու փորձը:
«Մեր ուժեղ կողմն այն կլինի, որ տեղեկացված լինենք, կիրառենք բոլոր գործիքները «կռվի դաշտում», որը Հայաստանի սահմաններից դուրս է: Ունենք շատ հզոր հայկական ընկերություններ, որոնք լուրջ հաջողությունների են հասել, սակայն ունենք նաեւ այնպիսիները, որոնք մի կես դար հետ են ընկել: Նրանք կամ չեն տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը, կամ եթե տեղեկատվությանը տիրապետում են՝ չեն կիրառում, ոմանք էլ անտեսում են միջազգային շուկաների առանձնահատկությունները: Ցավոք նաեւ, երբեմն դրսում «խաղում» ենք նույն կանոններով, ինչ ներսում…»,- ասաց Նարեկ Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է արտահանման դերակատարմանը յուրաքանչյուր երկրի, մասնավորապես Հայաստանի համար, մեր զրուցակիցը նշեց. «Հայաստանի բնակչությունը փոքրաթիվ է, սակայն մենք ունենք մեծ հնարավորություններ, դրա համար մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որ շուկաներում ինչ պետք է վաճառենք, որովհետեւ չենք կարող ամեն ինչ ամեն տեղ վաճառել»:
Կարդացեք նաև
Հայաստանից արտահանման մասին խոսելիս էլ նա ասաց, որ եթե 10 միավորանոց համակարգով գնահատելու լինենք, օրինակ, հայկական գինու վաճառքը ԱՄՆ-ում, ապա այն 7 միավորի «կձգի», քանի որ Հայաստանն ավելի լավ է ներկայացված այնտեղ, քան վրացականը, բայց նաեւ Վրաստանը 40-ից ավել ծրագիր ունի գինու առաջ մղման: «Արտահանմանը չի կարելի նայել որպես մի բանի, միատարր բանի, դա նույնն է, որ ընդհանուր ասես՝ ինչպե՞ս եք գնահատում տրամադրությունը Հայաստանում, կոնկրետ երկրների ու կոնկրետ ապրանքատեսակների օրինակով պետք է խոսել: Իսկ այս հանդիպումների նպատակն այն է, որ ցույց տանք, որ արտահանումը բարդ եւ հետաքրքիր ուղղություն է: Այսօր մեր հասարակությունը չափից դուրս քաղաքականացված է, եւ տնտեսական լուրերը զիջում են քաղաքականին: Հետեւաբար՝ պետք է այնպես անել, որ գործարարները վերադառնան գործարար դաշտ: Ճիշտ է, քաղաքականությունն էլ է հետաքրքիր, բայց պետք է գործ անել, որ աշխատատեղեր ստեղծվեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Միջոցառման ժամանակ արտահանողները ներկայացրին իրենց փորձառությունը: Օրինակ, նրանցից մեկն ասաց, որ հայաստանյան գոմեշի մածունը հետաքրքրել է նաեւ մեքսիկացիներին: Պարզվեց նաեւ, որ օրինակ, «Չանախ» պանիրն էլ պահանջված է Բելառուսում, եւ այնտեղ այն օգտագործվում է սուրճի հետ: Ներկայացվեց նաեւ, թե ո՛ր ապրանքը, ո՛ր երկրում եւ ինչ փաթեթավորմամբ ու քաշով պետք է հրամցնել, որ տարօրինակ չընկալվել ու «չխրտնեցնել» դրսի սպառողին, կամ ինչպես հնարավորինս «լավ պրծնել» Լարսի ավանդական դարձած խնդրից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ