ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր հարցրեցինք՝ դպրոցական պայուսակները դեռ ծանր են, ինչքան էլ դասագրքերը կիսվեցին, միեւնույն է, երեխայի մեջքի համար նման քաշով պայուսակը խնդրահարույց է, դուք ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք այդ ուղղությամբ: Նախարարը պատասխանեց, որ գրքերի ամբողջ ծավալը դեռ չի կրճատվել, սա շարունակական պրոցես է, հաջորդ տարիներին էլի կիսվելու են գրքերը. «Ես սովորաբար խնդրում եմ ծնողներին կամ աշակերտներին մի հատ ցույց տալ, թե ինչպիսի պայուսակներ են կրում ու ինչ կա այդ պայուսակների մեջ եւ տեսնում եմ, որ ավելորդ բաներ կան, որոնք կարող են չտանել: Բացի այդ, կան պայուսակներ, որոնք ինքին արդեն ծանր են՝ դատարկ վիճակում»:
Լրագրողները փոխանցեցին, որ բողոքներ կան, թե ոչինչ չի փոխվել ու շարունակվում է տնօրեններին գումարով նշանակելու արատավոր պրակտիկան: Նախարարը չհամաձայնեց՝ հորդորելով կոնկրետ փաստեր ներկայացնել՝ ո՞վ է գումարով նշանակել. «Նման տեղեկություններ չեն հասել ինձ, երբ կհասնեն, համապատասխան եզրակացություններ կլինեն…Խնդրում եմ, մեզ էլ կօգնեք դրանով, եթե տվյալ փաստերը փորձեք վեր հանել: Գուցե ինչ-որ մի իքս դպրոցում կա նման երեւույթ, գնանք միասին, ձեռքը բռնենք, թաթիկները կտրենք եւ առաջ գնանք»:
Հարցին՝ ԳԱԱ-ին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ԳԱԱ նախագահը մտավախություն ունի՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է, եւ դուք տեսնում եք, պետբյուջեի փոփոխությունները վկայում են դրա մասին: Մենք չենք ելնում էն նպատակահարմարությունից ու պարտադիր այն պայմանից, որ որեւէ կառույց պետք է մնա կամ չմնա, այլ՝ ինչպես ենք զարգացնելու: Մենք ուժեղացնելու ենք ԳԱԱ ինստիտուտները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ