Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո խոսելով իր մանկությունից, ասաց, որ մինչեւ 13 տարեկան գյուղում է անցկացրել` Մառնեուլի շրջանում: Ասում է` լավ մանկություն է ունեցել եւ կարեւորում է գյուղը երեխայի` բնության հետ շփվելու առումով:
Սեդրակ Մամուլյանը նշում է, որ իր խոհարար դառնալը պատահական է ստացվել, սակայն հիշում է, թե ինչպես էր երեխա ժամանակ տատիկի հետ երկանքով փոխինդ աղում: «Այդ փոխինդի յուրահատուկ բույրը ես մինչեւ հիմա հիշում եմ»,-ասում է մեր զրուցակիցը:
Նշում է, որ երբ Երեւան տեղափոխվեցին, եւ այստեղ դպրոցն ավարտեց, ցանկություն ուներ զինվորական դառնալ, սակայն ընտանիքն ընդդիմացել է, ինչից հուսահատություն է ապրել: Դրանից հետո իր համար միեւնույն է եղել, թե ուր կընդունվի: «Հորս առաջարկով խոհարարական ուսումնարան գնացի, որտեղ տնօրենն իր համակուրսեցին էր: Բայց հենց մուտք գործեցի այդ աշխարհ, հասկացա, որ շատ հետաքրքիր աշխարհ է»,-հիշում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հոր խորհուրդների մասին էլ խոսեցինք: «Ամեն անգամ, երբ տանից դուրս էի գալիս, հայրս միշտ ասում էր` տղա ջան, հանկարծ այնպես չանես, որ ինչ-որ մեկի հացին վայիս լինես…Ես բավականին երիտասարդ տարիքում ղեկավար եմ եղել…»,-հիշում է ճանաչված խոհարարը:
Սեդրակ Մամուլյանին խնդրեցինք իր պատրաստածը համտեսած հայտնի մարդկանց վերաբերյալ տպավորիչ դրվագներ ներկայացնել: «40 տարվա ընթացքում տարբեր ոլորտների, տարբեր սոցիալական խմբերի, շերտերի մարդկանց հետ եմ շփվել, շատ մարդիկ են ճաշակել իմ պատրաստած կերակուրը, բայց ուզում եմ հիշել Խորեն Աբրահամյանի հետ կապված մի դրվագ…Ինքը հարիսա շատ էր սիրում…2004 թվականն էր, ես աշխատում էի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում…AGBU-ի այն ժամանակվա տնօրեն Աշոտ Ղազարյանը մի օր մոտեցավ ու ասաց, որ Բաբկենիչը հարիսա է ուզում…Ասացի` կպատրաստեմ սիրով…Դե մենք շատ էինք հանդիպել…Եկավ, ասաց` վարպետ…, ես էլ իրեն հարցրի, վարպետ ջան, ինչպես եք…Ասաց` առողջ եմ, լավ եմ, լավ…ճաշակեց հարիսան ու գնաց: Ցավոք սրտի, ինքը նույն օրը երեկոյան մահացավ…Սա նշածս համի, բույրի կարոտն էր, թերեւս, որ ամեն մարդ ցանկանում է վերապրել…Այս դրվագը երբեք չեմ մոռանա, իսկ այլ հանդիպումներն արդեն ածանցյալ են»,-հիշեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահը:
Մի դրվագ էլ Սոս Սարգսյանի մասին հիշեց. «Սոս Սարգսյանն էլ մահից առաջ խնդրել էր цыплёнок տապակա…Հարցրի տուն ուղարկեմ, վարպետ ջան, ասաց չէ, Սեդրակ ջան, հիվանդանոցում եմ…Վերջին օրերն էին»:
Սեդրակ Մամուլյանը հայկական ազգային խոհանոցը համարում է աշխարհի ամենաբազմազան խոհանոցը, նաեւ հավելում, որ միաժամանակ մեծ հարգանք է տածում աշխարհի բոլոր խոհանոցների հանդեպ: «Որպես զբոսաշրջային արդյունք մեր երկիր այցելած զբոսաշրջիկին նախ եւ առաջ գրավում է մեր խոհանոցը»,-վստահ է անվանի խոհարարը: Նա շեշտում է, որ պատահական չէր, երբ 2018-ին National Geographic-ը Հայաստանը, որպես գաստրոնոմիկ երկիր, համարեց 5 առաջատար երկրներից մեկը:
Հարցրինք` իր կարծիքով կանա՞յք են ավելի լավ խոհարարներ, թե՞ տղամարդիկ: Մայրերը` կարճ պատասխանեց մեր զրուցակիցը: Ապա` հիշեց իր մայրիկի եփած թելուկով ու լոբով ապուրները: «Ես հիմա էլ շատ բաներ եմ փորձում, բայց չեմ ստանում այդ համը, ինչպես չեմ կարողանում տիկնոջս եփած տոլմայի համը ստանալ»,-ասում է Սեդրակ Մամուլյանը:
Նրանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով խոհարարներն ըստ արժանվույն գնահատվա՞ծ են Հայաստանում, արժեւորվա՞ծ է, արդյոք, այդ մասնագիտության կրողը մեզանում: Պատասխանը բացասական էր: Մամուլյանը կարծում է, որ խոհարար բառը, երբ ռուսերենից են թարգմանում, ուղղակի եփող է հասկացվում, մինչդեռ խոհարարը արարողն է, այն էլ միտք արարողը:
«Երբ մահացավ 20-րդ դարի խոհարար եւ խոհարարության պապիկ համարվող Պոլ Բոկյուզը…Ֆրանսիայի նախագահն ասաց, որ նա ամբողջ Ֆրանսիան էր…Դուք պատկերացո՞ւմ եք այդպիսի բան Հայաստանում, իմ կարծիքով՝ դա առայժմ հնարավոր չէ…Բայց վստահ եմ, որ մի օր կգա ժամանակը, մեզանից հետո կգան հայ խոհարարներ եւ կբարձրացնեն խոհարարական միտքը համաշխարհային լսարանի համար ու նրանք կարժանանան նույն պատվին»,-ասաց մեր զրուցակիցը: Նա հավաստիացնում է, որ երիտասարդ խոհարարներ ունենք, որոնց մասին աշխարհը դեռ կխոսի:
Հարցրինք` իր կարծիքով ինչո՞ւ Հայաստանում Միշլենյան աստղեր ունեցող ռեստորաններ չկան: «Ես կարծում եմ, որ դա ուղղակի արարողակարգային խնդիր է, կախված է նրանից, որ վատ ենք ներկայացված, քարոզված, մենք այսօր էլ Հայաստանում աշխարհացունց խոհարարներ ունենք»,-համոզված է Սեդրակ Մամուլյանը: Նա ընդգծեց, որ իրենց կազմակերպությամբ ուզում են ստեղծել տեղական չափորոշիչ ու տեղական «Միշլենյան աստղ», եւ էական չէ կընդունի՞ աշխարհը, թե՞ ոչ. «Պետք է մեր առաջ բարձր նշաձող դնել եւ առաջ գնալ»:
Հարցրինք նաեւ` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Ես ոչ միայն հաջողակ մարդ եմ, այլեւ երջանիկ եմ, երջանիկ եմ, որ Հայաստանում եմ ապրում, հպարտ եմ իմ ընտանիքով, ընկերներով, հպարտ եմ, որ մի ազգի զավակ եմ, որն ինչ ունեցել է եւ ունի, ազնիվ մաքառումների արդյունքում է ստացել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:
Լուսանկարները` Նարեկ Ավագյանի եւ Սեդրակ Մամուլյանի ֆեյսբուքյան էջից: