Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսում է փուլ առ փուլ անցում կատարել կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին

Դեկտեմբեր 05,2019 17:35

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի նպատակը կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Արդյունքում, անցում կկատարվի կենսաթոշակների և խնամքի նպաստի վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։ Օրինագծերով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սահմանելով բացառության որոշ դեպքեր: Մասնավորապես՝ բացառություն կլինեն, եթե՝ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով նաև առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով: Նախ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (2020-ի հուլիսի 1-ից), ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում (2021-ի հունվարի 1-ից), 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Նախատեսվում է նաև, որ տվյալ բնակավայրում մինչև սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև սահմանված ժամկետում կենսաթոշակ վճարելը վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը։ Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո ևս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է. «Ռազմավարական առումով եկեք արձանագրենք, որ, չգիտեմ ինչ ժամանակացույցով, իքս պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի: Հիմա մենք կրկնակի, եռակի, քառակի, 5 անգամ ավելի շատ ռեսուրս ենք ծախսում կոռուպցիոն գործեր քննելու և այլնի համար: Այդ ատկատը և այլն, և այլն ինչպե՞ս է արվում՝ կանխիկի միջոցով»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այստեղ էլ է առկա քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր: «Մեկուկես տարվա փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ խնդրահարույց երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու: Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո, երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ինչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով:

 Իհարկե, խնդիրներ է բերում, բայց այդ խնդիրներն ամբողջ աշխարհում էլ կան, ամբողջ աշխարհը լուծում է, և դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ: Հիմա ինքնակառավարվող մեքենաներ, էլեկտրամոբիլներ են օգտագործում, որոնք այդ հարցերը լուծում են: Բայց Հայաստանում չկա իրավիճակ, երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Մենք ունենք երևույթներ, որ երբ մենք դա անում ենք կյանքի որակը բարձրացնելու համար, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ»:

 Կառավարության ղեկավարի խոսքով՝ սրանք լուրջ խնդիրներ են, որոնց մասին, պետք է նաև բարձրաձայն խոսել:  Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն   ընդգծել է   հանրապետությունը մետաղի ջարդոնից ազատելու հարցի կարևորությունը. «Մենք այո՛, այդտեղ պետք է գնանք նաև կոշտ միջոցների, ասենք՝ եթե դու ոչ մեկին, այդ թվում քեզ, ոչ պիտանի մեքենան շարունակում ես պահել և միջավայրն աղտոտել, ուրեմն պետք է տուրք վճարես դրա համար: Հակառակ դեպքում մենք դուրս չենք գա այս փոսից, անընդհատ տեղապտույտ կկատարենք»:

Վարչապետն անդրադարձել է նաև մետաղի ջարդոնից ազատվելու հետ կապված իր գրառմանը. «Երբ ես գրառում էի արել, որ պետք է ազատվել ժանգոտած ու անպետք մետաղի ջարդոնից, շատ հետաքրքիր արձագանք ստացա: Ասում են՝ փաստորեն դուք պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը: Որ այդ մետաղը ժանգոտում է, ոչ մի կոպեկի օգուտ չի բերել այդ մարդուն՝ ոչինչ, որ երեխաներ են բարձրացել ընկել՝ ոչինչ: Ու այստեղ կրկին գալիս է ներքաղաքական դավադրությունը, որ, փաստորեն, հեղափոխությունը նրա համար էր, որ այդ «ժեշտի կուզովները» նախկին ռեժիմի շահերին ծառայեցնեն: Խելագարվելու  բան է»,- ասել Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց է լուծվում:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Սոցիալական աջակցության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Ըստ այդմ՝ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ: Մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից և համայնքներից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելով կարիքի գնահատման գործառույթը: Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման համար։ Մասնավորապես, մշակվել է կարիքների գնահատման համար անհրաժեշտ դեպքի վարման տեղեկատվական համակարգ, որի գործածումը կնպաստի գործընթացի  թվայնացմանը, կբարձրացնի դրա թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Այսպիսով, իրականացված քայլերն ամբողջության մեջ պետք է նպաստեն սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ամբողջական ներդրմանը՝ որպես հետևանք ունենալով նաև ավելի հասցեական և համայնքահենք ծառայությունների տրամադրումն ըստ գնահատված կարիքի։

Հավանություն է տրվել նաև ««Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաև Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի 8-րդ հանձնարարականի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով: Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ: Նախատեսվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Օրինագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ: Օրինագծով սահմանվել է կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

«Աշխատիր, Հայաստան» ռազմավարությամբ կսահմանվեն զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները

Գործադիրը հաստատել է «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը: Ռազմավարությունը սահմանում է զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում 2013 թ. սկսած արձանագրվել է տնտեսական աճի ոչ շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ աճն անբավարար չափով է զուգակցվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ, առկա է զբաղվածության ոլորտը բնութագրող ցուցանիշների բաց կամ ցուցանիշներ, որոնք ամբողջական չեն, ինչպես օրինակ` աշխատուժի պահանջարկի մասին տեղեկատվությունը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում պետական քաղաքականություն մշակելիս: Միաժամանակ զբաղվածության պետական ծրագրերը կամ գրավիչ չեն, կամ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Գործազրկության նվազեցման գործում կարևոր դերակատարություն ունի հատկապես կրթության ոլորտը։ Ներկայումս խզված է կրթություն-աշխատաշուկա կապը, մինչդեռ որակյալ կրթությունն ունակ է ոչ միայն լավ աշխատող, այլև լավ գործատու պատրաստելու, ինչպես օրինակ` ձեռներեցության հմտությունների խթանման միջոցով ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպաստելը և այլն: Ռազմավարությամբ սահմանվում են նշված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները: Այսպիսով՝ ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով: Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում, զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում և այլն: Արդյունքում՝  կլինեն հստակ սահմանված զբաղվածության ոլորտի բարեփոխումների առաջնահերթություններ, ինչը հնարավորություն կտա համակարգված և ներդաշնակ իրականացնել ոլորտին առնչվող ծրագրերը:

Աջակցություն՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ-ում իրենց տեխնոլոգիական սթարթափ գաղափարները գրանցելու համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը հայկական ծագումով տեխնոլոգիական տաղանդների ներուժի ներգրավման միջոցով. լավագույն բիզնես ծրագրերին տրամադրվելու են դրամաշնորհներ: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով  առաջարկվում է 80,000.9 մլն դրամի չափով կատարել միջծրագրային վերաբաշխում: Ըստ հիմնավորման՝ շուրջ 24 մլն դրամն անհրաժեշտ է ուղղել սփյուռքից ժամանող մասնակիցների ավիատոմսերի ձեռքբերման կամ փոխհատուցման ծախսերն իրականացնելու համար: Առաջարկվում է դրամաշնորհը տրամադրել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության ՀԿ-ին: Միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. դեկտեմբերի 16-20-ը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը նաև ունի դրական երկրորդային ազդեցություն  Հայաստան հայրենադարձության վրա, քանի որ ծրագրի արդյունքում հաղթող սթարթափները պարտավոր են գրանցել իրենց սթարթափը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 օրյա բութքեմփ սթարթափների համար, որի ընթացքում տեխնոլոգիաների ոլորտի բիզնես քոուչների և մենթորների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ, անհատական խորհրդատվություն և աջակցություն մրցութային հանձնաժողովի առջև իրենց սթարթափի ներկայացմանը նախապատրաստվելու համար: Բուն միջոցառման վերջին օրը սթարթափները կներկայացնեն իրենց գաղափարները, լուծումները և բիզնես ծրագիրը մրցութային հանձնաժողովին: Հաղթողների համար նախատեսված են  մրցանակներ՝ դրամաշնորհի տեսքով։

 

Աջ ղեկով մեքենաների ղեկային համակարգը կփոխարինվի Հայաստանում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել «թեթև մարդատար ավտոմոբիլների» տողով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը նշել է, որ  նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: Այնուհետեւ մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ  ընդհանրապես արգելվել էր աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը: Արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում են փոխարինել աջակողմյան ղեկային համակարգը ձախակողմյանի:

«Այդ քաղաքացիները ստիպված շատ են մեծ գումար ծախսել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն, բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է կառավարության ղեկավարը`արձանագրելով, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, իսկ շահագործելու դեպքում տուգանքներ կլինեն: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին ու հույս հայտնել, որ այն չի չարաշահվի:

Հարցի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են  կարծիքներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական որոշում կայացնելու համար  մանրամասն ուսումնասիրել հարցը՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կառավարության նախաձեռնության՝ «կադրերի բանկի» միջոցով։ «Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են: Սկզբնական շրջանում մենք խնդիր ունեինք ահռելի քանակությամբ ինֆորմացիայի մշակման հետ կապված: Հիմա արդեն նաև մեխանիզմ ենք ստեղծել, թե ինչպես պետք է այդ համակարգն աշխատի»,-ասել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է ԱԺ նախագահին դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարել  Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի ՀՀ 2005 թ. հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական ներգործության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» համապատասխան որոշման կիրառելիությունը որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված բոլոր դեպքերի համար, շտկել տեխնիկական վրիպակները: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգը  կիրառվում է մի շարք դեպքերում, այդ թվում՝ ՀՀ օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու համար: Սակայն պատճառված վնասի հաշվարկման բանաձևերը կիրառելի չեն խախտումների հետևանքով հայտնաբերված վնասի հաշվարկման համար, քանի որ դիտարկում են աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասի խախտման պահից մինչև հողամասը նախնական տեսքի բերելու պահն ընկած ժամանակահատվածները: Վերահսկողական գործառույթի իրականացման ժամանակ որոշել խախտման պահը հնարավոր չէ, կարող է ամրագրվել միայն խախտման հայտնաբերման պահը: Ըստ այդմ, մասնավորապես,  նախատեսվում է վերահսկողական գործառույթների շրջանակում կիրառելու նպատակով վնասի հաշվարկման բանաձևերում սահմանել աղբոտման կամ աղտոտման հետևանքով խախտված հողամասը նախնական տեսքի բերելու ժամանակաշրջանի հաշվարկման եղանակ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031