ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ կապված կոռուպցիայի գործի մասին՝ հորդորեց անմեղության կանխավարկածը չխախտել. «Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվություն լինի: Առայժմ միայն ԱԱԾ-ի հայտարարությունը կա»:
Հարցին՝ դուք ճանապարհ եք անցել իր հետ, աշխատել եք, սպասո՞ւմ էիք, որ նման մեղադրանք կլինի՝ Հարությունյանը պատասխանեց, որ չի ուզում մեկնաբանել այդ գործը՝ սահմանափակվելով միայն ԱԱԾ-ի հայտարարությամբ: Կա անմեղության կանխավարկած, երբ որոշակի փուլում կլինենք ու կարձանագրվի, որ դա իրոք փաստ է, համապատասխան եզրակացություն կլինի»:
Հարցրեցինք՝ վարչապետն ասել էր, որ փոխնախարարները պետք է վարորդներ չունենան, ո՞նց է ստացվել, որ ձեր փոխնախարարը վարորդ ունի՝ նախարարը պատասխանեց. «Նա գնալիս է եղել կադաստր՝ պետգույքի կոմիտե, կամ վերադառնալիս է եղել: Տվյալ պահին հերթապահ մեքենա էր, որեւէ փոխնախարարի ոչ տանից բերում են աշխատանքի, ոչ տանում են հետ աշխատանքի, այդ թեման փակված է»:
Հարցին՝ վարչապետն ասաց, որ կոռուպցիայով զբաղվող անձանց թաթիկները կտրելու ենք, համամի՞տ եք այդ մտքի հետ՝ նախարարը պատասխանեց. «Այո, ցանկացած դեպքում երբ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է եւ ամենաշատ քրգործերը հարուցվել է մեր ոլորտում, եթե չեմ սխալվում»:
Կարդացեք նաև
Հարցին՝ նման դեպքերից խուսափելու համար դուք հետեւո՞ւմ եք նախարարության գնումներին, կասկածելի գործարքներին՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Սա մեկ հայտարարություն էր, եթե փաստ լինի, փաստը կուսումնասիրենք: Մնացած գնումների, իհարկե, խիստ հետեւում ենք, մեկուկես տարվա ընթացքում մենք նման իրավիճակում չենք եղել»:
Ի դեպ, նախարարը հաստատեց, որ Լոռեցյանը պարգեւատրված փոխնախարարներից է: Իսկ պարգեւատրում տալիս են լավ աշխատանքի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ