ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ գործընթացի շրջանակներում չարաշահելով պաշտոնեական լիազորությունները։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2010 թվականին հիշյալ ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի արժեքը գնահատվել է 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ։
Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել՝ գնահատվելով 411․832․400 դրամ։
Մինչդեռ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ այդ ժամանակ ընկերության միայն ակտիվները փաստացի կազմել են 783․789․000 դրամ, իսկ գույքը ոչ թե 70 և ավելի, այլ առավելագույնը 30 տոկոս մաշվածություն է ունեցել և այն պետք է գնահատվեր շուրջ 995․000․000 դրամ։ Այնուհետև, ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ռադիո» ՓԲ ընկերության անարդյունավետության վերաբերյալ ոչ արժանահավատ տվյալներ, որոնց հիման վրա կառավարության 2010 թվականի դեկտեմբերին կայացրած որոշմամբ ընկերությունն առանց մրցույթի և գնահատված արժեքից 50 տոկոս ցածր գնով օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «ԵվրոՊրեսԳրուպ» ընկերությանը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․160․000․000 դրամի վնաս։
Կարդացեք նաև
Պարզվել է նաև, որ ընկերությունը 2013 թվականին 250․000 ԱՄՆ դոլարով վերավաճառվել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲ ընկերությանը, որի բաժնետերերը ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մերձավոր շրջապատից են։ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
ՀՀ ոստիկանություն