«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ հենց իրենք մի հարցով քննադատում են իշխանություններին, միանգամից իշխանությանը քծնողների մի «կարմիր բանակ» հարձակվում է իրենց վրա. «Ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինի: Ասենք, վարչապետը գալիս է այստեղ, ընդունում է մեր բարձրացրած օրակարգը, ասում է՝ հա, ուզում ենք կոռուպցիայի հետ կապված բարձր նշաձող լինի, ինչ-որ մարդիկ արդեն 5-6 օր է՝ հարձակվել են մեր վրա, ուզում են իշխանությանը ծառայություն մատուցել: Չեն հասկանում, որ դրա կարիքը չկա, էդքան քծնելուց էլ իրանց վրայից կարող է հոտ գա»:
ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին կոռուպցիայի գործով առաջադրված մեղադրանքի հետ կապված Մարուքյանն ասաց. «Լավ կլինի՝ ունենա փաստաբաններ, պաշտպանվի: Ես մի բան գիտեմ, որ կաշառքի գործով դժվար է մարդ դատելը, եթե ձեռքին չես բռնում:
Aravot.am-ի հարցին՝ ո՞նց է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս զգուշացրել է՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, պատերին կտանք, ասֆալտ եւ այլն ու հիմա ամենաթունդ հեղափոխականներից մեկը կոռուպցիայի գծով բռնվում է, ո՞նց կլինի նման բան՝ Մարուքյանը պատասխանեց. «Աստվածաշնչում գրված է՝ գայթակղություն լինելու է, բայց վա՜յ նրան, ում միջոցով կլինի: Ես այս գործի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես: Բա ի՞նչ, մտածում եք՝ որ հեղափոխություն է եղել, մարդիկ եկել են իշխանության, բոլորը սո՞ւրբ են, ո՛չ, իրենք էլ են գայթակղվելու, դրա համար էլ մենք էդքան ուշադիր ենք…Չպիտի տրվենք ինչ-որ էյֆորիաների՝ վայ, քաղաքապետը սուրբ է, կամ վարչապետը սուրբ է, ոչ մեկը սուրբ չի եւ բոլորը կարող են սխալվել: Դրա համար է պետք հակակշիռների համակարգը, հիվանդ է համակարգը, ուզում ենք առողջացնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ