Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց՝ տեղեկություն կա, որ արծվաշենցիներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց պետք է անեն: Այս հայտարարությունից մի ժամ հետո Արծվաշենի նախկին բնակիչներն արդեն կառավարության շենքի մոտ էին:
Արծվաշենցիների պահանջի մասին այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց. «Բոլոր այդ մարդիկ ստորագրել են փաստաթուղթ, որ պետությունը իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է, նոտարով հաստատված է: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում են՝ այո, էն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել են, որ մենք էդ փաստաթուղթը ստորագրենք, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից էս դրսեւորումը տեղի է ունենում. պարզ պատճառ, որովհետեւ մենք 1,2 միլիարդ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու, բայց նրանք նույնիսկ դա չեն ստացել: Էս ի՞նչ երեւույթ է էս չուզողի, չուզող հարեւանի տրամաբանությամբ ասելը «այ, ինչի նրա հարցը լուծեցիք», ի՞նչ է ակնկալվում, մեզնից էլ է ակնկալվում, որ բիրտ լինենք»:
Բողոքի ցույցի մասնակիցները, որոնք ղարաբաղյան պատերազմին բռնի տեղահանվել են Արծվաշենից, (հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է), տեղափոխվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք:
Aravot.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ վերաբնակեցվել են մոլոկանների լքված ու կիսաքանդ տներում.«Էդ տներն արդեն քանդվում են, հնարավոր չի ապրել: Խնդրում ենք մեր գումարը հատկացնեն, մեր տները վերանորոգելու համար: Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»:
Aravot.m-ի այն դիտարկմանը, որ վարչապետն ասել է՝ փաստաթուղթ եք ստորագրել, որով եւ պետությունն այլեւս պարտավորություն չունի գումար վերցրել, արծվաշենցիներից մեկն ասաց. «350 հազար դրամ են տվել, մինչեւ տուն ենք հասել, տակը 50-ն է մնացել»:
Նրանք ասացին, որ այդ գումարը ոչ բոլորն են ստացել, բայց անգամ եթե մի մասը ստացել է, դա, ինչպես փաստաթղթում է գրված, նյութական աջակցություն էր, ոչ թե բնակարանի վերանորոգման հատկացում կամ փոխհատուցում:
Նրանք նորից հիշեցրեցին, թե Ադրբեջանից բռնագաղթվածներին պետությունը աջակցություն է տվել, բայց իրենց մոռացել են. «Բաքվեցիք էլ են մերը, բան չենք ասում, բա՞ մենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ