Հայաստանի գրողների միության հարգելի անդամներ,
Խոսքի ու գրի վարպետներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ։
Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ։ Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին մեծն Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը։ Հիշենք, թե ովքեր էին Վերնատան անդամները՝ Ղազարոս Աղայան,Հովհաննես Թումանյան,Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան…
Իհարկե, պակաս պատկառելի չէր 1934թ. ստեղծված Հայաստանի գրողների միության կազմը՝ Չարենց, Թոթովենց, Ալազան, Բակունց, Մահարի… Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղափարական ծանր մուրճը իր կնիքն էր դնում խոսքի ու մտածողության վրա, իսկ դրան հակառակվողը դավաճան էր կամ թշնամի: Դա մի շրջան էր, երբ ազգայինը որակվում էր նացիոնալիստական, մարդկայինը՝ նիհիլիստական: Դա մեծերի ու փոքրերի, նշանավորների ու աննշանների ժամանակն էր, թերևս ամենաբարդ ժամանակը Հայաստանի գրողների միության կյանքում:
Կարդացեք նաև
Այդ շրջանում բարդ էր ապրելը, ուր մնաց թե՝ ստեղծագործելը: Սակայն, այդ ամենին զուգահեռ, ստեղծվում էր գրականությունը՝ արձակ ու չափածո, ընդունելի ու անընդունելի, դրվատելի ու դատափետելի:
Գրողների միությունը, ի դեմս իր անդամների, ընկալվում էր որպես ժամանակ ձևավորող ու ժամանակը իմաստավորող, ժամանակն արժևորող կազմակերպություն: Նրա շարքերում եղել են թե՛ ժամանակին շունչ տվողներ, թե՛ ժամանակի կողմից հալածվածներ:
Իմ հիշողության մեջ այն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, որտեղ ապրում էին Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը,Հրանտ Մաթևոսյանը, որտեղ ապրեցին նաև Մուշեղ Գալշոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռազմիկ Դավոյանը, Աղասի Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է:
Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում:
Շրջանցելով գաղափարական կապանքները և հավատարիմ մնալով ազգային գրականության ավանդույթներին՝ հենց այդ շրջանի գրականությունը նոր սերունդներին դաստիարակեց հայրենասիրության և ազգային իդեալներին հավատարմության ոգով: 1988-ի սերունդը այդ գրականության պտուղն էր:
Այսօր Հայաստանն ապրում է փոփոխված ժամանակներում, փոփոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ է նաև հոգեբանության, ընկալումների, նույնիսկ զգացողությունների փոփոխություն:
Գրողների միությունում ժամանակը երբեք չպետք է կանգ առնի: Միությունը պետք է համաքայլ լինի ժամանակին, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի, առաջնորդի ժամանակը:
Վստահ եմ, նոր ժամանակները ծնունդ կտան նոր ստեղծագործական մտածողության ու նոր որոնումների, նոր ստեղծագործությունների ու նոր գրական հաղթանակների։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, նրա բոլոր անդամներին և մաղթում ամենայն բարիք, ստեղծագործական եռանդ, անաչառություն ու հավատարմություն սեփական եսին, գրչին ու ճշմարտությանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ