Լրահոս
Օրվա լրահոսը

Սամսոնյանը՝ նախարարին. «Արեւաբույրցիները 30 տարի դպրոց չունեն, հներից հույս չեն ունեցել»

Դեկտեմբեր 05,2019 15:44

«Առաջարկել էի, որ Արարատի մարզի Արեւաբույր համայնքում կառուցվի նոր դպրոց, որովհետեւ եղած դպրոցը նորոգման հույս ու հնարավորություն չունի: Առաջարկել էի նաեւ, որպեսզի Արարատ քաղաքում կիսաքանդ շենքի շինարարությունն ավարտին հասցվի, եւ մարդկանց տրվեն բնակարաններ: Առաջարկել էի, որ Երեւանի «Ծարավ աղբյուր» թաղամասում, որտեղ երիտասարդներ են բնակվում, դպրոց կառուցվի: Բայց առաջարկներս չեն ընդունվել: Կուզենայի կանգնեք ու ուղիղ ասեք՝ ինչո՞ւ չեք ընդունել առաջարկներս»,-ԱԺ հերթական նիստում, երբ քննարկվում է 2020թ.-ի պետբյուջեի նախագիծը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսպիսի հարցադրումներ հղեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ամբիոնի մոտ կանգնած Ջանջուղազյանը նշեց՝ «այլընտրանք չունեմ, որովհետեւ կանգնած եմ», դահլիճում ծիծաղ հնչեց, ապա նախարարն ասաց. «Ուղիղ էլ ասեմ, բայց ասածս հարց է պարունակում: Ձեր առաջարկները քննարկե՞լ եք մյուս առաջարկների համատեքստում: Ձեր առաջարկը, կներեք, կտրված է կոնտեքստից: Մենք վերլուծել ենք, ունենք ռազմավարական ծրագիր, որոշել ենք առաջնահերթությունները: Չի եղել այնպես, որ դպրոցի կառուցումը համարել ենք առաջնահերթություն, բայց չենք ներառել բյուջեի նախագծում: Մենք շարժվում ենք այն ճանապարհով, որը թույլ կտա բացահայտել առաջնահերթությունները, որոնք կարող ենք մեզ թույլ տալ: Դա վերաբերում է նաեւ ձեր մյուս առաջարկներին»:

Անի Սամսոնյանին նախարարի պատասխանը չգոհացրեց. «Ի՞նչ է նշանակում, թե դպրոց կառուցելը ձեր համար անհրաժեշտություն չէ: Արեւաբույր համայնքում մարդիկ 30 տարի ուզում են դպրոց ունենալ: Հներից հույս չեն ունեցել, նորերից ունեն, իսկ դուք ասում եք, թե առաջնահերթություն չի: Իսկ «Ծարավ աղբյուրի» բնակիչները մնացել են «Գազպրոմ»-ի թանկ դպրոցի հույսին: Ձեր տրամաբանությունը չեմ հասկանում»:

Ջանջուղազյանը պատասխանեց. «Շատ ափսոսում եմ, որ իմ պատասխանն ընկալվեց այնպես, թե մեր համար դպրոց կառուցելն անհրաժեշտություն չի: Մեկ միլիարդ դրամի չափով դպրոցի կառուցում ենք նախատեսում, բայց դա չի նշանակում, թե ձեր մատնանշած դպրոցները պետք է լինեն առաջնահերթ: Դրանք էլ են առաջնահերթ, բայց առաջնահերթությունների մեջ ամեն տարի մեր հնարավորություններին համարժեք պետք է վարվենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031