Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Եթե ՀՅԴ-ն զրո ազդեցությամբ ուժ էր, ինչու հասաք կարմիր բերետավորներին»

Դեկտեմբեր 05,2019 15:35

Խոսելով ՀՅԴ-ի` որպես զրո քաղաքական ազդեցությամբ քաղաքական ուժ վարչապետի գնահատականի մասին, ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Եթե ՀՅԴ-ն զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժ էր, ինչո՞ւ այդպես մեծ, լայն թափով երիտասարդների ընդամենը մեկ` նախարարի հետ հանդիպելու եւ իրենց առաջ քաշած հարցերը քննարկելու պահանջին այդպիսի հակընդդեմ քայլ փորձեցին իրականացնել, ինչո՞ւ այդքան ոստիկանական ուժեր բերեցիք, կարմիր բերետավորներին հասաք, եթե զրո քաղաքական ազդեցությամբ ուժ էր Դաշնակցությունը…Ես կասեմ, որ ընդհակառակը, իրենք շատ լավ վախենում են ՀՅԴ-ից, որովհետեւ Դաշնակցությունն այն ուժն է, որը երկրի իշխանություններին թույլ չի տալու ազգակործան քաղաքականություն իրականացնել, չի թողնի, որ նրանց որեւէ քայլը խաթարի մեր ազգային արժեքները…Չէ՞ որ իրենք եկել են կոնկրետ ծրագիր իրականացնելու….իրականացնում են ազգակործան քաղաքականություն եւ այդ ճանապարհին ամենավտանգավոր ուժը, պատնեշը հենց Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է»,-ասաց Կյուրեղյանը:

Ապա հիշեցրեց. «Թող հիշեն Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը եւ իր ճակատագիրը որպես քաղաքական գործիչ»:

Հրապարակախոս Էդիկ Անդրեասյանի խոսքերով, իշխանությունը խոստացել էր, որ երկրում պետք է լինի համերաշխություն, հարցերը պետք է քննարկվեն. «Բայց եթե կնախընտրեն պայքարի այլ մեթոդներ, Դաշնակցությունը միշտ էլ պատրաստ է լինելու դիմագրավելու եւ հարվածներ տալու եւ իր կեցվածքը պահելու»:

Նրա խոսքերով, դաշնակցական երիտասարդության բարձրացրած հարցերը միայն նեղ շրջանակի չեն հետաքրքրում եւ դրանք համազգային նշանակություն ունեն. «Պատահական չէ, որ ՀՅԴ երիտասարդական միության երիտասարդների հետ հայագիտական ամբիոնները, ուսանողները բարձրացնում են այդ հարցերը, եւ իշխանության գնահատականները, որ սա քաղաքական ուժերի հրահրած շարժում է, ՀՅԴ-ն է իր երիտասարդներին առաջ տված` փորձում հարցեր լուծել, հեռու են իրականությունից»:

«Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը հիշեցրեց, որ երբ շաբաթներ առաջ երիտասարդները բարձրացրել էին Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, ինքը ասուլիսում այդ օրերին հայտարարել էր, որ հրաժարական չի լինելու. «Խնդիրը Արայիկ Հարությունյանը չէ, եւ մի հարցում Նիկոլը ազնիվ է: Արայիկ Հարությունյանը չէ հակահայ քաղաքականության կերտողն ու ջատագովը, դա Նիկոլ Փաշինյանն է իր ամբողջ թիմով, դա նրանց թիմային քաղաքականությունն է»:

Ինչ վերաբերում է երիտասարդության եւ ոստիկանության միջեւ եղած բախմանը, Էդիկ Անդրեասյանի խոսքերով, ընդհարումը հրահրվել է հենց ԿԳՄՍ նախարարության կողմից. «Դեկտեմբերի 2-ին ուսանողները հայտարարել էին, որ գնալու են նախարարի հետ հանդիպման, սակայն նույն օրը Արայիկ Հարությունյանը եւ նախարարությունը հայտարարեցին, որ հանդիպման պայմանավորվածություն չկա եւ ուսանողներին ստախոս հանեցին» Նրա ձեւակերպմամբ, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարյա աղանդավորական նախագիծ է, որի համաձայն հայերենը հալածվում է Հայաստանում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031