«Արցախը Հայաստան է և վերջ»-ին հակառակ Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակելը, մասնավորապես՝ դրանց տրամաբանությամբ ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, վկայում են այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունը Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության մաս լինելու իրավաքաղաքական իրողությունը վերաամրագրելու փոխարեն համառորեն շարունակում է զիջողականության և Արցախի սուբյեկտացման գիծը՝ կամա թե ակամա նպաստելով մեր ազգային շահերի հաշվին Մոսկվայի և Բաքվի շահերի իրացմանը:
Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության փոխարեն Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա հիմնված՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին սրբորեն հավատարիմ մնալու մոտեցումը գործող իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է նաև նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ուստի Արցախի հարցում ևս նա դառնում է պարտվողական և զիջողական:
Գործող իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ, այլ հայոց պետականության և հայության լինել-չլինելու հարց է, ուստի չի կարող մյուս, օրինակ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների կամ նախորդ ռեժիմների պարագլուխներին պատասխանատվության կանչելու հարցերի նման դառնալ երկակի ստանդարտների ու խաղերի առարկա:
Հնարավոր չէ Ստեփանակերտի հրապարակում ի տես համայն հայության և աշխարհի՝ միացման կոչերի ուղեկցությամբ, Արցախը հայտարարել Հայաստան, այնուհետև շարունակել Արցախի սուբյեկտացումը, միջազգային հարթակներում ժխտել նրա հայաստանապատկանությունը և բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ ասպարեզ հանելով բանակցություններին Արցախի մասնակցության կամ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների կամքի ու շահերի համընկեցման վերաբերյալ անհեթեթ տեսակետներ:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալվեց, որովհետև Արցախի հարցում նախորդներից ժառանգած և նրա օրոք շարունակաբար կիրառված երկակի խաղի ճոճանակը կանգ առավ: Այդ ճոճանակն այլևս հնարավոր չէ վերագործարկել: Նույնիսկ ամենամեծ վստահություն վայելող իշխանությունը նման փորձ կատարելու դեպքում շատ արագ կկորցնի իր լեգիտիմությունը և կարժանանա նախորդի ճակատագրին:
Ռևանշիստական 5-րդ շարասյունը հենց դրան է սպասում, որպեսզի իր վերջին հարվածը հասցնի և մեզ նորից մխրճի անցյալի մղձավանջի ճահճի մեջ:
Ելքը մեկն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991 թվականից դավաճանաբար կասեցված գործընթացի ամբողջացումն ամրագրել որպես համազգային օրակարգի գերակա հարց և լուծել 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված ու մասնատված ՀՀ իրավահաջորդությունը ճանաչելու և նրա տարածքային ամբողջականությունը դեօկուպացիայի տրամաբանությամբ վերականգնելու համատեքստում:
Մինչ այդ՝ հարկավոր է հրաժարվել մեզ համար կործանարար Մադրիդյան սկզբունքներից, բանակցությունները ծառայեցնել բացառապես շփման գծում վերահսկողության ապահովման մեխանիզմների ներդրմանը և զուգահեռաբար որդեգրել Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ռազմավարություն՝ առաջին վերացնելով Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի արգելքը և Արցախը ՀՀ-ից տարանջատող այլ արհեստական խոչընդոտները:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն