Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել, հորեղբոր տղա է եղել, թե մորքուրի մարդ… Շորտիկով կամ պլավկիով չի եկել քաղաքապետարան». Գեւորգ Պետրոսյան

Դեկտեմբեր 05,2019 14:25

Երեկվանից հակասական տեղեկություններ են ստացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնած տեղեկության հետ կապված, թե Աբու Դաբիի թագաժառանգը եկել է Հայաստան, ուզել է ներդրումներ անի, խնդիրներ են հարուցել:

Մեկ հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հանդիպել է թագաժառանգի որդին, մեկ՝ հորեղբոր որդին, երեկ էլ դեսպանատնից հայտնեցին, որ Հայաստան Աբու Դաբիի թագաժառանգը չի եկել, եղել է նրա օգնականը, ուստի այսօր ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից փորձեցինք ճշտել՝ ի վերջո ո՞վ է եղել Ծառուկյանի կողմից հրավիրված մարդը: Պետրոսյանը պատասխանեց. «Էդ թագաժառանգի անուն տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ իր կյանքում չի տեսել, էդ ո՞նց որոշեց»: Ասացինք՝ դեսպանատնից են հայտնում՝ Գեւորգ Պետրոսյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել, թագավորի տղա է եղել, հորեղբոր տղա է եղել, մորքուրի մարդ, էդ մարդիկ եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու: Փոխանակ կարեւորեք ինչի համար են եկել, ասում եք՝ նրա անունը թագաժառա՞նգ էր, թե՞ ինչաժառանգ»:

Պետրոսյանը բորբոքված ասում էր, որ Ծառուկյանը ներդրում է բերել ու այդտեղ ամենակարեւոր հարցը այն են դարձնում, թե թագաժառանգը շորտիկո՞վ է եղել, թե՞ ջինսով. «Հլը մի հատ էդ դրեսս կոդը, ով որ դրա անունը տալիս է, հլը իրանց հագածը նայի: Չեմ ուզում անուն տամ, բայց էսօր պատգամավոր կա, որ ամառը նայում ես՝ չես կարա ենթադրես իր զբաղմունքի մասին: Էդ մոռացա՞ք, կամ կառավարությունում բոլորը դրեսս կոդին հետեւո՞ւմ են»:

Հիշեցնենք, որ Մարությանը նշել էր, որ Աբու Դաբիից եկած հյուրերը իր հետ հանդիպմանը եկել էին ջինսերով ու հեռախոսով էին խոսում:

Մենք հիշեցրինք՝ ձեր ուսանողին սափրված չլինելու՝ թրաշի համար հանել էիք դասից՝ Պետրոսյանը արձագանքեց. «Լավ չեք ուսումնասիրել, ես հանել եմ դասից նրա համար, որ ինքը կիսակքած վիճակում է դասախոսին դիմավորում ու ասում է՝ որտե՞ղ է արգելված, որ ես պիտի կանգնեմ, մենք ըտե՞նց ենք ապրել»: Մեր դիտարկմանը՝ դուք ուզում էիք, չէ՞, որ որպես դասախոս ձեզ հարգեն, բա քաղաքապետի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման են գնացել, դա էլ է, չէ՞, հարգանք, թե ինչ ես հագնում՝ նա պատասխանեց. «Էսօր էն վիճակը չի, որ կարեւորենք մեր հյուրի՝ ներդրողի հագուստը եւ ի վերջո էնպիսի հագուստ չի եղել, ասենք, շորտիկով կամ պլավկիով չի եկել քաղաքապետարան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031