Եթե հավատալու լինենք էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ապա Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել։ Ուրիշ բան, թե ո՞վ և ինչպե՞ս է այն պատկերացնում։
Օրինակ՝ նախարարը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում է այնպես, որ «Արհեստական մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել, հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու»։
Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, դեռ հարցի մի կողմն է։ Բայց արդյո՞ք դա բավական է ասելու, որ տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել։
Այն, ինչ ասում է նախարարը, ըստ էության նորություն չէ։ Մենաշնորհներ ու կոռուպցիա չլինելու, հավասար մրցակցային պայմաններում բոլորի համար ազատ գործելու հնարավորությունների ընձեռնման մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է վարչապետ դառնալուց անմիջապես հետո։ Եվ եթե դա է տնտեսական հեղափոխությունը, ապա ինչո՞ւ էր ամիսներ անց պարբերաբար հայտարարվում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ Կամ՝ եթե տնտեսական հեղափոխությունը մենաշնորհների ու կոռուպցիայի մեջ է, իսկ դրանք վաղուց արդեն չկան, էլ ի՞նչ տնտեսական հեղափոխությունից ենք խոսում։
Կարդացեք նաև
Բայց տնտեսական հեղափոխությունը միայն մենաշնորհների ու կոռուպցիայի մեջ չէ։ Չհաշված, որ դրանց վերացման մասին հայտարարությունները խիստ չափազանցված են։
Մենաշնորհները Հայաստանում ամենևին էլ չեն վերացել։ Այսօր էլ դրանք կան ու գործում են տնտեսության տարբեր ոլորտներում։ Այդ առումով շատ բան չի փոխվել։ Եվ այն, որ առանձին շուկաներում նոր ընկերություններ են հայտնվել՝ դա դեռ հիմք չէ մենաշնորհների վերացման կամ հավասար մրցակցության մասին խոսելու համար։ Վաղուց հայտնի բան է, թե այդ շուկաներում ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով են նոր ընկերություններ հայտնվում՝ մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով։
Մենաշնորհներ Հայաստանում եղել են ու կան։ Հատկապես որ, դա թույլատրված է օրենքով, և խոսքը գերիշխող դիրք զբաղեցնելու մասին է։ Այնպես որ, մենաշնորհների վերացման մասին խոսելու փոխարեն՝ լավ կլիներ, որպեսզի կառավարությունը մտածեր (թեև վաղուց արդեն քայլեր ձեռնարկելու ժամանակն է) գերիշխող դիրքը շուկաներում սահմանափակելու մասին։ Թե չէ, այս պայմաններում անիմաստ է ընդհանրապես խոսել հավասար մրցակցային միջավայրի առկայության մասին։ Առավել ևս, որևէ մեկը չի կարող բացառել կռուպցիան։ Աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի հաջողվել վերացնել, և Հայաստանը բացառություն չէ։
Լավ է, որ գոնե վարչապետը խոսում է համակարգային կոռուպցիայի մասին։ Չնայած փորձը ցույց տվեց, որ նույնիսկ դրա վերացման մասին խոսելն է չափազանցված։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում