Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թվականներին միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության անդամների 61 տոկոսը՝ շուրջ 137 հազար 700 մարդ, անցած տարվա դրությամբ դեռեւս բացակայել են եւ գտնվել են ՀՀ այլ մարզում, Երեւանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում։ Ի դեպ, 38 տոկոսը՝ շուրջ 86 հազար 700 մարդ, վերադարձել են իրենց մեկնումներից, իսկ 1 տոկոսն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր՝ շուրջ 2400 մարդ։ Պարզվում է, որ միգրացիոն գործընթացներում ներգրավված եւ անցած տարվա դրությամբ մեկնումներից վերադարձած տնային տնտեսությունների անդամներից 87 տոկոսի բացակայության տեւողությունը կազմել է մինչեւ մեկ տարի, իսկ 13 տոկոսինը՝ մեկ տարի եւ ավելի։
Բացի այս, ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017-2018 թվականներին արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամների 10.9 տոկոսի տեղաշարժերի բնույթը անցած տարվա դրությամբ եղել է ներհանրապետական՝ Երեւանի, ՀՀ մարզերի միջեւ, 8.5 տոկոսինը՝ Արցախի հետ, իսկ մնացած 80.6 տոկոսինը եղել է միջպետական, որի մեծամասնության՝ 86.2 տոկոսի տեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի հետ։ Անցած տարվա դրությամբ վերադարձած ընտանիքի անդամների 6.2 տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 3.5 տոկոսը՝ Արցախից, 71.4 տոկոսը՝ Ռուսաստանից, 3.4 տոկոսը՝ ԱՊՀ այլ երկրներից, 8 տոկոսը՝ եվրոպական երկրներից։ Այսինքն՝ ստացվում է, որ աշխատանքային միգրանտների 71.4 տոկոսը Ռուսաստանում է գտնվել եւ այնտեղից է վերադարձել։
Օրինակ, եթե 2018 թվականի հունվար- ապրիլին Հայաստանից Ռուսաստան ժամանել է 4 900 միգրանտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 2.5 անգամ եւ կազմել 12 800 մարդ։ Ըստ հետազոտության արդյունքների՝ 2017-2018թթ. 3 ամիս եւ ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից մեկնած եւ 2018 թվականի դրությամբ բացակայող տնային տնտեսությունների 15 եւ բարձր տարիքի անդամների 13.5 տոկոսի տեղակայման վայրը եղել է ՀՀ տարածքում՝ Երեւանում, ՀՀ մարզերում, 12 տոկոսինը՝ Արցախում, իսկ 74.5 տոկոսինը եղել է արտերկրում, որոնց գերակշիռ մեծամասնությունը՝ Ռուսաստանում։
Կարդացեք նաև
Ի դեպ, անցած տարի կատարված հետազոտություններից պարզ է դարձել, որ կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 եւ բարձր տարիքի անդամներից նշել են հետեւյալը՝ ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով եւ լավ պայմաններով, պլաններ չունեմ, փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իմ կենսամակարդակն ինձ համար ընդունելի է, չգիտեմ՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից, փնտրում եմ եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս, սպասումներ չունեմ ընդհանրապես, ստիպված եմ հեռանալ Հայաստանից։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում