Քաղաքական էլիտան այլևս չի կարող բավարարվել չոր աշխատավարձով։ Հիմա արդեն 600.000-ը կամ 700.000-ը շատ քիչ է նրանց համար։ Ոչինչ, որ այսօր հասարակության մի ստվար հատված նույնիսկ չոր աշխատավարձից է զրկված։ Խոսքը ոչ թե հարյուր հազարների, այլ նույնիսկ տասնյակ հազար դրամների մասին է, որի կարիքը մարդիկ մեծապես զգում են։
Ժամանակին ժողովրդի հոգսն իրենը համարող քաղաքական իշխանությունը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին։ Հիմա նրան ավելի շատ հետաքրքրում է իր անձնական բարեկեցությունը, քան թե ժողովրդի վիճակը։ Ու բնավ կարևոր չէ, որ հասարակության մի ստվար հատված օրվա հացի խնդիր ունի, իսկ բնակչության գրեթե մեկ քառորդը տառապում է աղքատության մեջ։
Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23,5 տոկոսն աղքատ է։ Խոսքը 700.000 մարդու մասին է, ում ամսական եկամուտը չի հասնում նույնիսկ 43.000 դրամի։ Իսկ կառավարության անդամներն ու ժողովրդի ընտրյալները չեն բավարարվում 600-700.000-ով։ Ու դրա համար լայնորեն օգտվում են պարգևավճարներից՝ արդյունքում ստանալով ընդհուպ մինչև 1,5 մլն դրամ աշխատավարձ կամ եկամուտ՝ կարևոր չէ, թե դա ինչպես կկոչվի։
Պարզվում է՝ կառավարության անդամների ու ժողովրդի ընտրյալների համար բյուջեում փող կա, բայց աղքատների համար չկա։ Անցած տարվա արդյունքներով Հայաստանում շուրջ 30.000 ծայրահեղ աղքատ կա։ Նրանք ստանում են ամսական 25.000 դրամից պակաս եկամուտ։
Կարդացեք նաև
Ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնելու համար, ըստ պաշտոնական հաշվարկների, պահանջվում է ընդամենը 1 մլրդ դրամ։ Խոսքը շուրջ 2 մլն դոլարի մասին է։ Այսինքն՝ այնքան, որքան ժողովրդի ընտրյալներն ու Ազգային ժողովի աշխատակազմը 10 ամսվա ընթացքում ստացել է միայն պարգևավճարների տեսքով։ Ու եթե այդ գումարները չվճարվեին՝ կարելի էր Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում