Հեռուստամարաթոնի արդյունքները վերլուծելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ վստահությունը գահավիժում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր ժամանակին բավական ոգևորված էին իշխանափոխությամբ։
Ավելին, տարբեր երկրներից ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն, սփյուռքի բազմաթիվ համայնքներում որոշում է կայացվել չասենք՝ բոյկոտել, բայց գոնե ուղղակի չմասնակցել հեռուստամարաթոնին տարբեր պատճառներով:
Նախ՝ շատերը վստահ են, որ այս հանգանակությունն այս տեսքով այլևս սպառել է իրեն:
Երկրորդ՝ քանիցս վարչապետն ու այլ իշխանավորներ նշել են, որ բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, առկա են նաև սառեցված գումարները, պարզապես օպտիմալ ծախսելու խնդիր ունեն:
Կարդացեք նաև
Այդ դեպքում ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը:
Մյուս կողմից՝ մարդիկ տեսնում են, որ իրենք փաստացի խաբված են, այդ զգացողությունն ավելի է խորանում կոռուպցիոն տարբեր պատմությունների, ապազգային քաղաքականության, արցախյան բանակցություններում անհասկանալի, մշուշոտ վիճակի և անհանգստացնող գործընթացների, դատարանները կամակատար դարձնելու ուղղությամբ հետևողական քայլերի, անձնական ու քաղաքական դրդապատճառներով ապօրինի հետապնդումների (այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու) և մի շարք այլ փաստերի արդյունքում։
Սփյուռքի ուղղությամբ իրենց աշխատանքը ակտիվացնելու համար իշխանությունների համար լուրջ ցուցիչ պետք է լիներ սեպտեմբերին Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, երբ վերջինս սփյուռքահայերի մասնակցությամբ մեծ հավաք էր նախաձեռնել Լոս Անջելեսում։ Ցուցիչ դարձավ, բայց ոչ այն տեսակետից, ինչ պատկերացնում էր իշխանությունը: Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի առնվազն 30-35 հազար մարդ։
Բայց, ահա, ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել էր մոտ 10 հազար մարդ, սակայն շրջանառվում էին նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։
Սպասվածից անհամեմատ սակավամարդությունը ևս ցույց տվեց, որ Փաշինյանի հեղինակությունն ու վարկանիշը արագորեն նվազում են։
Առավել ևս ցույց տվեց, որ կարծիքը, թե մեծաքանակ լոսանջելեսահայության շրջանում ներկա իշխանությունները դեռ վստահության բարձր մակարդակ ունեն, իրականությանը չեն համապատասխանում։ Թերևս հավաքի ժամանակ վարչապետի ելույթն էլ ավելի շատ գրական երեկոյի էր նման, քան ծրագրային հայտարարության։
Ուստի պետք չէ զարմանալ, որ այդ դեպքից հետո Փաշինյանը խուսափում է սփյուռքում հավաքներ կազմակերպելու տարբերակից և նախընտրում է հանդիպումներ ունենալ փակ, կամերային ֆորմատով և փոքրաթիվ սփյուռքահայերի հետ։
Այս ամենը, կարծես, պետք է որ ահազանգ դառնար իշխանության համար, որպեսզի սփյուռքի հետ կապերը կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը լինեն, և պաթետիկ ճառերի փոխարեն կներկայացվեին գործնական առաջարկություններ։
Սակայն հնարավոր է, որ արդեն նույնիսկ շատ ուշ է, և «գնացքը վաղուց հեռացել է»:
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում: