Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ են հայտնաբերվել. «Ժամանակ»

Դեկտեմբեր 05,2019 11:20

«Վանաձորում հազարավոր գույքեր կան, որոնց մասով գույքահարկ է վճարվում, նույնն էլ մեքենաների հետ կապված։ Մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք մտնել բազա՝ ճշտել, թե այդ գույքահարկերը ճիշտ են վճարվում, թե քիչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կապված ընկերության վերաբերյալ քրեական գործին։

Ասլանյանի խոսքերով, սակայն, այս քրեական գործը իրենց զգոնացրել է, և իրենք ավելի հետևողական են, որպեսզի ճիշտ գույքահարկեր վճարվեն համայնքային բյուջե։

Նշենք, որ ոստիկանությունն ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ է հայտնաբերել, որոնց հիման վրա ընկերությունն անշարժ գույքի դիմաց ավելի քան 4 անգամ քիչ գույքահարկ է վճարել համայնքին։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի պետի որոշման մեջ նշված է. «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, ելնելով խմբային շահերից և անձնական դրդապատճառներից, գիտակցելով, որ քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է 40 միլիոն դրամը, 2009 թվականի հուլիսի 16-ին կազմել և իրենց ստորագրությամբ հաստատել են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին ուղղված կեղծ գրություն, որում, առանց համապատասխան հիմքերի, կեղծ տեղեկություններ են ներառվել հիշատակված անշարժ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ»։

2005 թվականին «Վանսեյսմշին» անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 միլիոն 102 հազար դրամ։ Մինչդեռ, ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3,2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Ըստ ոստիկանության՝ ՀՀ «Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ 40 միլիոն դրամից բարձր կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափը 4,5 անգամ թանկ է մինչև 40 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համեմատ։ Այս դեպքում «ՎԱԲԱ» ընկերությունն անցած տասը տարիներին շուրջ 1 միլիարդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ իսկապես սխալ, քիչ մուտքեր են արվել համայնքային բյուջե, ապա իրենք կդիմեն դատարան նախկինում չվճարված գումարները հետ ստանալու պահանջով։ «Իրավական մեխանիզմներ կան, մենք կճշտենք, եթե նման հնարավորություն լինի, ապա անպայման այդ գումարները հետ կվերադարձնենք»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով. «Այս դեպքից հետո, ճիշտն ասած, կասկածներ են առաջացել, որ այլ ընկերություններ ևս հնարավոր է դրան դիմած լինեն։ Մենք մեր բազաները կթարմացնենք, կճշտենք հիմնականում մեծ ընկերությունների հետ կապված, համադրումներ, ճշտումներ կանենք անպայման։ Ամեն դեպում ուզում եմ ասել, որ սա բացառիկ դեպք չէ, նախկինում էլ են եղել նման դեպքեր, և մենք մեր բազաները կթարմացնենք անպայման»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031