Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդին դա դուր է գալիս

Դեկտեմբեր 05,2019 10:00

Քաղաքապետարանին «Կամազներ» նվիրելու, ինչպես նաեւ արաբական շեյխի ներկայացուցիչներին հիասթափեցնելու պատմությունները դարձել են այս օրերի քաղաքական քննարկումների գլխավոր թեման։ (Անգամ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու լուրն իր նշանակությամբ խամրում է «շեյխա-կամազային» կրքերի ֆոնի վրա):

Առաջին դեպքում պարզ է, որ Հայկ Մարությանը ղեկավարվում էր ամենաազնիվ մղումներով, բայց փորձի բացակայության պատճառով որոշել էր գործարքը թաքցնել, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի։ Բայց մեր դարում, երբ անգամ Թրամփ-Զելենսկի խոսակցության մանրամասներն են հայտնի դառնում, որեւէ բան թաքցնելը պարզապես անհնարին է։ Հակահարձակման գնալն այս պարագայում քաղաքապետի եւ նրա թիմակիցների կողմից խոհեմ չէր։ Պարզապես պետք էր խոստովանել սխալը եւ ամեն ինչ անել, որպեսզի նման նվիրատվությունների մեխանիզմը լինի հնարավորինս բաց ու թափանցիկ։

Շեյխի ներկայացուցիչների դեպքում դարձյալ քաղաքապետարանը կարիք ունի կատարելագործելու գործնական բանակցությունները վարելու իր արվեստը։ Երկու պատմություններն էլ այնքան էլ սարսափելի չեն, պատահում է։ Որոշակի տագնապ է առաջացնում իշխանության անսխալականության բարդույթը եւ դրանից բխող ագրեսիվ արձագանքը: Նման իրավիճակներում, կարծում եմ, չարժե բռնցքամարտիկի դիրք ընդունելն ու, ինչպես սիրում են ֆեյսբուքյան ակտիվիստները գրել՝ «խզարելը»:

Թվում է, թե բոլորը համաձայն են, որ ժողովրդավարական երկրում խորհրդարանը պետք է լինի բազմակուսակցական, այսինքն՝ բացի իշխանության, կառավարության ջատագովներից պետք է լինեն նաեւ ընդդիմադիրներ՝ պատգամավորներ, որոնք համաձայն չեն կառավարության կողմից տարվող քաղաքականության հետ: Եթե բոլոր պատգամավորները փառաբանեն կառավարության կամ քաղաքապետարանի բոլոր քայլերը, ապա նման խորհրդարան ընդհանրապես պետք չէ եւ, փառք Աստծո, անկախ Հայաստանում երբեք այդպես չի եղել:

Բայց հիմա՝ հեղափոխությունից հետո, քանի որ «Իմ քայլը» ստացել է Հայաստանի քաղաքացիների աննախադեպ աջակցությունը, իշխանական պատգամավորներին թվում է, թե իրենց թիմի մասին որեւէ քննադատական խոսք ասելը պետական դավաճանության նման մի բան է: «Մեզ ընտրել է ժողովուրդը, եւ, հետեւաբար, մեր բոլոր քայլերն անթերի են եւ քննարկման ենթակա չեն»` մոտավորապես այդպիսի տրամաբանությամբ են շարժվում «Իմ քայլի» պատգամավորները: Եվ հենց այդ պատճառով էլ ընդդիմության քննադատությանը պատասխանում են ոչ այնքան ըստ դրա բովանդակության, այլ՝ սպառնալիքներով. «Դուք ո՞վ դառաք, որ մեզ բան եք ասում: Հեսա ձեր վրա այնպիսի՜ կոմպրոմատներ կգտնենք, որ ձեր պապերին կհիշեք: Կբացահայտենք նախկին կոռումպացված ռեժիմի հետ ձեր կապերը»:

Բանավիճելու հրաշալի ոճ է՝ ժողովուրդը դա ողջունում է: Ինչպես եւ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բոլոր իշխանությունների համար ամենավտանգավորները ,,սվաղչիներն,,են…

  2. Artur Lazarian says:

    Ծայրից ծայր թատրոն է, «կրկէսի վերածուած հայրենիք»՝ «Հաց եւ տեսարաններ»։ Լուրջ, մտածող մարդն այստեղ անելիք չունի։

    Ես լրջօրէն մտածում եմ Ի ՍՊԱՌ դադարեցնեմ հայկական անցուդարձին հետեւել։

  3. Ruben says:

    ««Թավշյա քայլ» քցողներին ընտրել է թավշյա ժողովուրդը եւ հետեւաբար դրանց բոլոր քայլերն անթերի են եւ քննարկման ենթակա չեն» – կասեր ճռնիկի ճարտարապետը:

    «Էշի քուռակի դժբախտությունն այն չէ, որ ծնողներն են էշ, այլ՝ էշացված շրջապատը…»

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031