Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժխտողականությունից հրաժարվելը պետք է արվի գորդյան հանգույցը կտրելով»

Դեկտեմբեր 05,2019 12:00

Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ:

– Ինչպես գիտենք, Թուրքիան միշտ ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ ճնշում գործադրում այլ պետությունների վրա եւս: Ի՞նչ եք կարծում, որն է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը:

– Պատճառները շատ են, որոնց մասին գրում են մեր պատմաբան եւ արեւելագետ գործընկերները: Հստակ չեմ կարող պատասխանել, բայց իմ ասածների մեջ ճշմարտություններ կլինեն: Մեկն այն է, որ Թուրքիան վախենում է ճանաչել, քանի որ փոխհատուցում կպահանջվի, եւ նա չի կարող փոխհատուցել: Փոխհատուցելն իրենից ենթադրում է հողային, տարածքային եւ նյութական փոխհատուցում: Երկրորդն այն է, որ իր ռենոմեն ընկնում է միջազգային հարթակում, բայց ամենակարեւորն այն է, որ թուրքական հասարակությունը կհասկանա, որ խաբված է եղել հարյուր տարի եւ ավելի: Դա ինքնության մեծ բեկում կլինի, քանի որ կմտածեն, որ իրենք վատ մարդիկ են եւ ոչնչացրել են մարդկանց զուտ հայ լինելու համար: Այսինքն, թուրքական հասարակության մեջ ճեղքվածքներ կբերի, որոնք ցանկացած հասարակության մեջ վտանգներ ունեն: Բացի դրանից, ժխտողականությունը թուրքական քաղաքականության գիծ է, որից հրաժարվելը բարդ է, եւ այն պետք է արվի գորդյան հանգույցը կտրելով, որից էլ իրենք վախենում են, քանի որ հայերը երբեք չեն դադարեցնի  իրենց պահանջները:

– Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, եւ օրինագիծ առաջադրվեց Սենատում, որը մերժվեց: Ի՞նչ եք կարծում, արդյոք Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի միջեւ կայացած մամլո ասուլիսը ազդե՞ց Սենատի որոշման ընդունման վրա:

– Այն, իհարկե, ունի: Հենց մի քանի օր առաջ մի հանրապետականի հարցրին՝ թե ինչու այդպես եղավ, եւ նա պատասխանեց, որ իրեն ասվել է BLOCK դնել այդ հարցի վրա: Այդպես էլ շարունակվելու է, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր դաշնակից է:

-Ինչպե՞ս կգնահատեք թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը՝  Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում:

– Այդպիսի ճանաչում չի լինելու:

– Գերտերություններից ոմանք արդեն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, եւ եթե ԱՄՆ-ն էլ ընդունի այն, ապա կստացվի, որ գերտերությունների մի մասը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ եք կարծում, արդյոք գերտերությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կստիպի՞ այլ պետություններին եւ հատկապես Թուրքիային դադարեցնել մերժողականությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

– Իհարկե, մեծ նշանակություն կունենա ճանաչումը: Դա քաղաքական ճնշում կլինի Թուրքիայի վրա, բայց հարցի լուծումը իրավունքի ոլորտում է՝ իրավական փաստաթղթերի պատրաստում, իրավական «զենքի» օգտագործում: Բայց իրավականն էլ տարբեր են: Առաջինը դատարան գնալն է, որտեղ եւս կարող է պարտություն լինել, քանի որ ամեն ինչ քաղաքականացված է: Այնպես որ, ճանապարհը դա չէ, այլ փոքր-փոքր քայլերով առաջ գնալը եւ գրագետ հայցեր նախապատրաստելը եւ հետո նոր դատարան գնալը: Բայց դա էլ պահանջում է մեծ գումար եւ աշխատանք, որը այստեղ բացակայում է:

– Ի՞նչ աշխատանքներ են տարվում ձեր թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու  համար:

– Իրականացնում ենք ցուցադրություններ, գիտական հետազոտություններ, պաշտոնական պատվիրակների ընդունում եւ ճանապարհում: Ի վերջո, այդ մարդիկ են որոշումներ կայացնում: Նրանք գալիս են, տեսնում, ամեն ինչ բացատրվում է նրանց: Նրանք համոզվում են այդ հարցում, որոնք էլ հետագայում կարող են օգտագործել իրենց որոշումների ընդունման մեջ:

Զրույցը վարեց Լուսինե ՆՈՎՇԱՏՅԱՆԸ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի
մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող

«Առավոտ» օրաթերթ
4.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031