Լրահոս
Օրվա լրահոսը

«Խթանում եք «սեւով աշխատանքը». քաղաքացիները առողջության պարտադիր ապահովագրության նախագծի մասին

Դեկտեմբեր 05,2019 14:00

Առողջապահության նախարարության շրջանառության մեջ դրած «Առողջության համապարփակ ապահովագրության» հայեցակարգը դժգոհությունների ալիք է բարձրացրել: Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական e-draft.am կայքում տեղադրված այս նախագծին դեմ քվեարկողների թիվն ավելի շատ է, երեկ երեկոյան նախագծի քվեարկությունն էր՝ Դեմ՝ 10349, Կողմ՝ 8133:

Նշենք, որ նախագիծը դեռեւս պետք է ներկայացվի կառավարություն, որտեղ հավանություն ստանալուց հետո այն շրջանառվի եւ քննարկվի Ազգային ժողովում: Նախագծով սահմանվում է աշխատող քաղաքացիներից գանձել ամսական 6% առողջության հարկ: Այս եւ այլ դրույթներ, նախագծի հեղինակների պնդմամբ, հնարավոր է քննարկումների արդյունքում փոփոխվեն:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունների բաժնում քաղաքացիներն ամենաշատը դժգոհում են, թե՝ ինչո՞ւ պետք է աշխատող քաղաքացին վճարի չաշխատողի կամ ստվերում աշխատողի բուժման համար:

Օրինակ՝ Վարդան Փարեմուզյանը նախագծի վերաբերյալ e-draft.am-ում գրել է. «Պարտադիր բժշկական ապահովագրության գաղափարն առաջին հայացքից խոստումնալից է, սակայն ոչ այս կերպ…. Կողմ եմ պարտադիր ապահովագրությանը: Դեմ եմ նման կերպ  6% հարկմանը. այն պետք է ունենա ստորին եւ վերին շեմ, որից ավելի մեծ ծածկույթ ցանկացողներն արդեն թող լրացուցիչ վճարեն… Կուտակայինի երկրորդ սերիան պետք չէ ամեն գնով անցկացնել. ԴԵՄ ԵՄ! շարժումը հիշեք»:

Գուրգեն Գրիգորյանն էլ գրել է՝ «Ուսումնասիրելով եւ համադրելով եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները, կուտակային կենսաթոշակային համակարգի նոր փոփոխված, բարձրացված սանդղակը 2021-2022թթ.–ից, եւ սույն նախագծով առաջարկվող առողջության պարտադիր ապահովագրությունը, ստացվում է, որ աշխատող քաղաքացիների հարկերը ավելի են բարձրանում՝ նվազելով զուտ եկամուտը տարեկան գնաճին զուգընթաց: Սա ուղիղ հարված է ցանկացած ընտանիքի բյուջեին: Հաշվի առնելով տնտեսական զարգացման ընթացքը, քաղաքացիների գերակշռող մասի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը վաղաժամ է: Նման նախագծի կարելի է անդրադառնալ առնվազն 5-10 տարի հետո: Նման նախագծի ներդնումը այսպիսի «տխուր» առողջապահական համակարգում, երբ դեռ քաղաքացիներից շատերը համապատասխան պարզ բժշկական ծառայություններից օգտվելու համար գումար են հավաքում, որ մեկնեն արտերկիր բուժման՝ անթույլատրելի է»:

Մեկ քաղաքացի էլ՝ Անդրեյ Տեր-Մինասյանն էլ գրել է. «Պարտրաստ չեմ վճարել հարկերից խուսափողների եւ տաքսիստների համար, ես կհեռանամ ՌԴ: Իսկ ՀՀ-ում ապրող ոչ ՀՀ քաղաքացիների հարցը ո՞նց է լինելու»:

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն էլ գրել է. «Տեղյակ եք արդյոք, որ ատամնաբույժը, պլաստիկ վիրաբույժը հարկ հիմնականում չեն վճարում: Իրենց հա՞րկն էլ ենք մենք վճարելու: Վարչապետի ելույթ՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2»՝ սահմանվել է 23% համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ. հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Ստացվում է, որ 6 %՝ նոր հարկի դեպքում: Վարչապետը սխա՞լ էր ասում»:

«Դուրս եկեք մեր գրպանից»,-գրել է մի քաղաքացի:

Լեւոն Բաբալյանն էլ մեկ այլ մտահոգություն է հայտնել նախագծի մասին. «Անբարեխղճության ռիսկերի մեղմացման նպատակով համավճարների ներդրումը անխուսափելի անհրաժեշտություն է, ծառայության արժեքի 10-20% չափով։ Նույնպես առաջարկում եմ, որ հարկային ամբողջ բեռը դարձյալ չդրվի ձեւակերպված աշատողների եւ նրանց գործատուների վրա, իսկ տաքսու վարորդները եւ ստվերում աշխատող մարդիկ մնան ազատված բոլոր հարկերից։ Դա մեր տնտեսությունը հաստատ չի խթանի, երբ իջեցվում է եկամտահարկը, այն պարզապես մի ուրիշ հարկով փոխարինելու համար։ Եվրոպական լավագույն փորձը հուշում է, որ ապահովագրական վճարները պետք է անեն բոլորը, անկախ աշխատավարձից եւ եկամուտներից, սակայն սոցիալական անվճարունակ խմբերը պետբյուջեից ստանում են դոտացիաներ իրենց վճարումները կատարելու համար»։

Անահիտ Գոգյանն էլ գրել է. «Ընդհանրապես առողջության ապահովագրությանը դեմ եմ՝ Լեհաստանի փորձին ականատես լինելով։ Այստեղ աշխատավարձից բավականին մեծ տոկոս են պահում առողջության ապահովագրության համար, բայց մասնագետի մոտ գնալու համար մի քանի ամիս շուտ պետք է գրանցվել։ Օրինակ՝ փետրվարին կոկորդս ցավում էր, գրանցվեցի ԼՈՌ-ի մոտ գնալու համար, հերթս հասնում էր մայիսին։ Կամ էնդոկրինոլոգի մոտ գնալու համար գրանցվել եմ մարտին, հերթս գալու է դեկտեմբերին։ Մի լեհ ուսանող պատմում էր, որ ընկերուհուն վիրահատել էին, կարերը քանդելու համար գնացել են բժշկի, ասել է 2 ամսից նոր ազատ ժամանակ կունենամ, երկու ամսից եկեք։ Լեհաստանում այստեղի համալսարանը աշխատողների համար տրամադրում է լրացուցիչ վճարովի ապահովագրություն, որն ունենալու դեպքում կարելի է այդքան երկար հերթերի մեջ չընկնել։ Այդ լրացուցիչից օգտվում են հիմնականում երեխա ունեցողները։ Փոխարենը կան կենտրոններ, որոնցում ծառայությունները վճարովի են։ Շատերը դիմում են վճարովի ծառայությունների, որտեղ գրանցվելու դեպքում հերթը հասնում է 2-3 օրից, մինչդեռ առանց իրենց կարծիքը հարցնելու, նրանց աշխատավարձերից ապահովագրական գումարը հանվում է։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, Լեհաստանում, կամ համենայն դեպս Տորուն քաղաքում, վճարովի բժշկական ծառայությունների գները համեմատելի են Հայաստանի գների հետ»։

«Խթանում եք «սեւով աշխատանքը»,-գրել է մի քաղաքացի:

Մի քաղաքացի էլ հետաքրքրվում է՝ արդեն վճարում է հարկ եւ ունի բուժապահովագրություն իր եւ իր ընտանիքի համար, ինչո՞ւ պետք է եւս մեկ լրացուցիչ վճարում կատարի ապահովագրության համար, որն ավելի վատն է լինելու. «Եթե կառավարությունը մի ձեռքով վերադարձնում է հինգ տոկոս, մյուսով խլում է վեց տոկոս, ինչո՞ւ է մանիպուլյացիաների ենթարկում»:

Այս հարթակում հատուկենտ էին նախագծի մասին դրական կարծիքները: Օրինակ Հայկ Գրիգորյանը գրել է. «Առողջության համապարփակ ապահովագրության պետական համակարգը միակ երաշխիքն է, որ նաեւ արդեն իսկ հիվանդ, աղքատ ու 70-ից ավելի տարիք ունեցող մարդիկ կունենան երաշխավորված բուժական ծառայություն ստանալու հնարավորություն: Սա ակնհայտ փաստ է, քանի որ ոչ մի մասնավոր ապահովագրող ընկերություն նման պարտավորություն չի ստանձնի երբեք: Չի ստանձնի, քանի որ առաջին հերթին նրան իր ֆինանսական շահն է հետաքրքրում, իսկ նշված խմբերում ընդգրկված մարդը միայն բեռ կարող է լինել մասնավոր ընկերության համար: Հենց դրա համար է, որ աշխարհի ցանկացած պետություն պետք է կատարի սոցիալական արդարություն ապահովողի ու պաշտպանողի իր հիմնական դերը: Պետությունը նրա համար է, որ պաշտպանի թույլին, ծերին, հիվանդին, աղքատին, քանի որ ոչ մի բիզնես դա երբեք չի անի: Ընդդիմադիրներին հիշեցնեմ, առողջապահական ծախսերը, սովորաբար մարդու վրա «հարձակվում են» անսպասելի ու նաեւ մեծամասշտաբ ծախսերի թափով ու չեմ կարծում, որ աշխարհում շատ կան մարդիկ, որոնք, ասենք, 5, 6, կամ 7% միշտ խնայում են ու ամենաքիչը 100 000 դոլար միշտ մի կողմ դրած են պահում`զուտ իրենց առողջապահական ծախսերի համար: Էլ չեմ խոսում ընտանիքի մյուս անդամների ապահովության մասին: Պատահական չէ, որ առողջության ապահովագրությունը ցանկացած քաղաքակիրթ, սոցիալական ու զարգացած երկրի թիվ մեկ պարտավորությունն է աշխարհում: Ստեղծե՛նք, վերջապես, կիրթ հասարակություն, քանի որ համոզված եմ. կիրթ մարդը կարող է հիվանդանալ, իսկ կիրթ հասարակությունը՝ ոչ»:

Պատրաստեց՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
4.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031