Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատերազմը մնալու է աղքատի ու խեղճի վզի՞ն»

Դեկտեմբեր 05,2019 14:30

«Եթե ադրբեջանցիներն ասում են՝ Ֆիզուլին մերն է, պիտի էդ Ֆիզուլին վերադարձվի, որ իրենց համար էլ լավ լինի: Ղարաբաղը՝ ղարաբաղցիներով անկախ պետություն է դառնում՝ Լաչինով եւ Քելբաջարով. դա էլ ղարաբաղցիների համար է լավ: Դե մեզ համար էլ՝ լավ ու լավ է, եթե էդ հարցերը կարողանում ենք լուծել». «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Դա հարուստների համար օրենք է, որը կօրինականացնի իրենց չծառայելը բանակում: Այդ նախագիծը մեծահարուստների համար է. մեկ ամսում զինգրքույկ ստանան եւ գնան իրենց գործերին: Ոչ մի աղքատ մարդ չի կարող օգտվել այդ օրենքից»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած օրենքի նախագծին, որը մեծ աղմուկ է բարձրացրել: Հիշեցնենք, նշյալ նախագծով առաջարկվում է, որ 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայել բանակում, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս արագացված ընթացակարգով ծառայություն անցնել ու ստանալ պահեստազորային գրքույկ:

Գեներալ Գագիկ Մելքոնյանն ասում է, որ մեկ ամիս հարկավոր է, որպեսզի զինվորը երդման արարողությանը պատրաստվի եւ տարակուսում, թե այդ ինչպես պետք է մեկ ամսում հասցնի զինվորական գործը յուրացնել, ավարտել եւ զորացրվել: «Մեկ ամսում չի հասցնի ավտոմատին ծանոթանա, բա եթե տվյալ զինակոչիկը տանկային գումարտակում լինի… Առնվազն 5-6 ամիս զինվորին հարկավոր է զինվորական որեւէ մասնագիտություն տիրապետելուն, որպեսզի պահեստազոր անցնելով եւ հետագայում, Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակում պիտանի լինի մի բանի: Այլապես, եթե երկրում պատերազմ եղավ, այդ զինվորը չի մասնակցի ոչ մի բանի»:

Նախագծի հեղինակը իր առաջարկը հիմնավորել-բացատրել էր՝ տվյալ գումարով զորամասերում ժամանակաից սպորտհամալիրներ կկառուցվեն: Գեներալ Մելքոնյանը դեմ չէ, որ զորամասերը ժամանակակից եւ հարմարավետ լինեն, բայց կարծում է, դրա համար այլ բան կարելի է մտածել եւ պետությունը կարող է դա ապահովել: Իսկ պատգամավորի հիմնավորումից տարակուսած է. «Մարդիկ հիմա էլ ասելու են՝ փող են հավաքում, որ բանակի համար բան կառուցեն»: Ինքը չի ցանկանում տվյալ պատգամավորի փոխարեն՝ մտածել, թե ինչու է նման բան անցնում նրա մտքով, ինքը մեկ բան հաստատ գիտի. «Պատերազմող երկրում, բոլորը պետք է հավասարապես ծառայեն հայրենիքի համար: Այլ հարց, երբ 27 տարին լրացած է եւ մարդը չի ծառայել, որեւէ օրենքի նախագիծ մտածեն,  դա այլ բան է: Երբ կանցնենք պրոֆեսիոնալ բանակի, այդ ժամանակ արդեն ուրիշ հարց: Իսկ հիմա՝ պատերազմի մեջ ենք, չորս կողմում թշնամիներ ու մտածենք, թե ո՞նց անենք, որ էս մեկն է՞լ չծառայի: Բա ո՞վ է լինելու էդ պատերազմում կռվողը: Էլի մնալու է աղքատի ու խեղճի վզի՞ն: Բանվորագյուղացիական բանա՞կ, որը եղել է, էլի մնա՞»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ՝ մտահոգություն-մտավախություններ ունի՞ Արցախի հարցի կարգավորման ներկայիս փուլի հետ կապված, քանի որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ մեղադրանքները, թե Արցախի հարցում ստվերային պայմանավորվածությունների եւ գործարքների են գնում, չի դադարում, մանավանդ, որ վարչապետի հակասական հայտարարությունները, հարցի կարգավորման վերաբերյալ հստակ տեսլականի բացակայությունը եւ աշխարհաքաղաքական զարգացումները հիմք տալիս են նման մեղադրանքների համար: «Այժմ նման խնդիր մենք չունենք: Ստվերային բանակցություն չկա, վարչապետն ասում է՝ առանց ղարաբաղցիների ոչ մի հարց չի լուծվի, իսկ էն ժամանակ ասում էին՝ 7 շրջան կտանք՝ մեր անվտանգության, սրա-նրա համար կտանք»: Մեր զրուցակիցն, իհարկե չի վիճում եւ վիճարկում, որ Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներն էլ մշտապես հայտարարել են՝ հարցի լուծման վերջնական որոշումը պետք է կայացվի Արցախում: Ասում է. «Ղարաբաղցին պիտի որոշի, ոչ թե մենք՝ էստեղ նստած, պիտի ասենք՝ տալի՞ս ենք, թե չենք տալիս: Նախկին իշխանությունները Ղարաբաղի կարգավիճակը փոխեցին, իրենք վերցրեցին դրոշը ձեռքները եւ գնացին՝ մենք բոլորի համար պատասխան ենք տալիս: Հա, հասկացանք, իրենք ղարաբաղցի էին եւ կկարողանային այդ հարցը ինչ-որ չափով լուծել եւ ղարաբաղցիներին պատասխան տային: Բայց հիմա վարչապետը պարզ ասում է՝ առանց ղարաբաղցու՝ Ղարաբաղի հարցը չի լուծվելու»: Նկատեցինք, որ վարչապետն այլ բաներ էլ է ասում. օրինակ՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, կամ պետք է լինի հարցի այնպիսի լուծում, որը կբավարարի երեք ժողովուրդներին եւ հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ո՞րն է այն լուծումը, որը պետք է բավարարի երեք ժողովուրդներին եւ ոչ թե պետություններին: Գագիկ Մելքոնյանն այսպես է պատկերացնում. «Օրինակ, հետեւյալ կերպ եմ ես պատկերացնում. եթե ադրբեջանցիներն ասում են՝ Ֆիզուլին մերն է, պիտի էդ Ֆիզուլին վերադարձվի, որ իրենց համար էլ լավ լինի: Ղարաբաղը՝ ղարաբաղցիներով անկախ պետություն է դառնում՝ Լաչինով եւ Քելբաջարով. դա էլ ղարաբաղցիների համար է լավ: Դե մեզ համար էլ՝ լավ ու լավ է, եթե էդ հարցերը կարողանում ենք լուծել»: Դիտարկմանը՝ Ադրբեջանը կհամաձայնվի՞ նման տարբերակի, քանի որ Ալիեւն ու յուր տիկինը չեն թաքցնում Երեւան «գալու» իրենց նկրտումները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե չեն համաձայնվելու՝ ուրիշ տարածքներ էլ կկորցնեն, եթե պատերազմ սկսեն: Թող սկսեն պատերազմ՝ իրենք հսկա տարածքներ ունեն, մենք էլ շատերի վրա աչք ունենք: Մենք պատրաստ ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031