Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն բանի պատճառով, որ ես սրճարան ունեի ու Խաչատուր Սուքիասյանը հաճախ էր գալիս, ինձ տարել են ոստիկանություն»

Դեկտեմբեր 05,2019 15:00

Ըստ Ալեն Սիմոնյանի, նախկինում գործարարները ինչ-որ գումարներ են վճարել ու իրենց բիզնեսներն ապահովագրել, իսկ հիմա միայն «շեֆ ջան, փորձում եմ քեզ շնորհակալ լինել» է:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը տված գնահատականն այս օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել: ՀՀԿ-ականները հիշեցում են, թե ինչպես էր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի կողքին կանգնած, լայն ժպիտով, հպարտ կեցվածքով «Ռոսսիա մոլի» բացումն անում: Մեկնաբանելով Սուքիասյանի հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի՝ վատ ընկեր լինելու մասին՝ Աշոտյանն էլ ասել էր, որ Հայաստանում բարոյականության անկում կա:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պարոն Սուքիասյանի ասածը տեղին եմ համարում եւ ուզում եմ հիշեցնել՝ 2008-ից հետո ինչպես իրավական համակարգը, այսպես ասած ոհմակներով մտել են ոչ միայն պարոն Սուքիասյանի տարբեր հիմնարկներ՝ սկսած էն ամենապուճուր «di Roma»-ից, վերջացրած ջրերի գործարանով, գրասենյակով, ինչպես ուզում էին ստեղծել իրավիճակ, որ տպավորություն ստեղծվի, թե պարոն Սուքիասյանենք ինչ-որ մարդ են առեւանգել ու իրենց մոտ պահում, եւ քրգործ հարուցել, ա՞յդ բարոյականության մասին է խոսքը գնո՞ւմ, հա՞, որ մտել էին թշնամու պես բոլոր էն մարդկանց օբյեկտները, որոնք 2008-ին աջակցություն էին ցուցաբերել ընդդիմությանը, ոչնչացնում էին մարդկանց, համակարգը, ով բարեւ էր տվել»:

Մենք հարցրեցինք՝ ինչո՞ւ են գործարարները բոլոր իշխանությունների օրոք ձգտում, այսպես ասած, «քիփ» լինել իշխանությունների հետ, մտերիմ լինել՝ ինչպես տանիք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վախ կա, տանիքի հասկացություն չկա այդքան, որքան վախն է: Մարդը մեծ ներդրումներ է անում ու վախենում է: Իշխանությունները տեսել են մի հատ լավ գործարար, ասել են՝ գնացեք հլը ստուգումներով մտեք իր օբյեկտը, հլը բարեկամներին գործից հանեք, մի հատ մտեք էս արեք, էն արեք… Էդ սովորույթը բիզնեսմենների մոտ բերել է այն մտածելակերպին, որ ինքը պիտի գոնե իշխանության հետ լավ լինի: Իսկ այսօր նույն բանը չկա՝ գործ ես անում, օրենք չես խախտում՝ ինչ քաղաքական հայացք ուզում ես ունեցիր: Ժամանակին նույնիսկ  դահլիճ չէինք կարողանում վերցնեինք, որեւէ հյուրանոցում հավաքվեինք, ինչի՞ մասին է խոսքը: Չգիտե՞նք ինչ պայմաններում էինք ապրում: Դա էլ ձեւավորել է այն պաշտպանողական ռեակցիան, որն, ի դեպ, Ազգային ժողով էր բերում գործարարներին: Գործարարը գալիս էր ԱԺ, որպեսզի իրեն է՛լ ավելի պաշտպանված զգա: Բա էդ է եղել: Էսօր ԱԺ-ում տեսնում եք, իշխող խմբակցության մեջ գործարարներ կա՞ն՝ լրագրողներ են, նախկին հասարակական սեկտորի աշխատողներ, գիտնականներ են, երիտասարդներ են: Դա մի բան է, որն էլի փոխվել է: Այսօր գործարարը կարիք չունի ԱԺ-ում հայտնվելու, որովհետեւ դա իրեն չի փրկելու, եթե ինքը հանցագործություն կատարեց: Իսկ եթե ինքը ազնիվ աշխատում է, դրա կարիքը ընդհանրապես չկա»:

Հարցրեցինք, այնուամենայնիվ, իներցիան ինչ-որ ժամանակ կաշխատի, հետո կտեսնեն, որ իրենց չեն հետապնդում, կանցնեն իրենց գործին, բայց հիմա էլ գործարարները էլի փորձում են հաճոյանալ իշխանություններին, հիշենք Սամվել Ալեքսանյանի քննարկված նկարը՝ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իներցիան աշխատում է: Ինչ-որ պահի կդադարի ու ճիշտ էլ կլինի: Մարդը 20 տարի էդ տրամաբանության մեջ է աշխատել, ես վստահ եմ, որ նույնիսկ գումարներ են վճարել, ես նման տեղեկություններ ունեմ: Ինչ-որ գումարներ են վճարել ու իրենց բիզնեսներն ապահովագրել, հիմա չկա այդ գումարները: Հիմա իրենք «շեֆ ջան, փորձում եմ քեզ շնորհակալ լինել» տրամաբանության մեջ ինչ-որ բան են անում, բայց դա էլ կանցնի: Ես չեմ ուզում կոնկրետ անուն տալ ու որեւիցե մեկին չեմ մեղադրում: Դա է եղել խաղի կանոնները եւ մարդիկ՝ ամենափոքր մակարդակից սկսած, փորձել են հարմարվել էդ խաղի կանոններին: Հիմա հլը չեն հասկացել, որ բան է փոխվել, որ դրա կարիքը չկա, որ չի փրկում, վաչապետը եթե եկավ քո հիմնարկի բացմանը, դա չի նշանակում, որ երկու շաբաթ հետո, եթե պարզվի, որ պետության դեմ, հանրության դեմ հանցագործություն ես արել, դա քեզ փրկելու է: Անձնական հարաբերություններն այլեւս հաշվի չեն առնվելու: Կա օրենք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կսովորեն: Մենք էլ կսովորենք, իրենք էլ կսովորեն»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի վեհ հատկանիշներով են բնութագրում այն, որ նա, չկիսելով Խաչատուր Սուքիասյանի հետ քաղաքական հայացքները, այնուամենայնիվ, գնաց նրա օբյեկտի բացմանը՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ախր դա վեհություն չի, է՜: Դա շատ վատ բան է, որ դու քո երկրի ղեկավար պաշտոնը գրավող մարդու մասին խոսելիս էդ ես որպես գնահատական տալիս: Է թող չգնար: Թող չմտնեին ամեն կերպ այդ հիմնարկները, թող մատուցողներից բռնած չտանեին, մեղադրանքներ չառաջադրեին, չթալանեին էդ կառույցը, չոչնչացնեին: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, հասկացել է, որ չի կարելի երկրում գոյություն ունեցող մեկ, երկու, երեք գործարարներից մեկին, որը տարբեր տեղերում մեծ ներդրումներ ունի, դնել մինչեւ վերջ ոչնչացնել: Չի կարելի մարդուն, ով տեռորիզմի մեջ որպես զալոժնիկ է հայտնվել, մեղադրել նրա մեջ, որ ինքը էդ րոպեին դուրս չի շպրտել իրեն պատուհանից: Սրա մասին պետք է խոսել, թե չէ հարձակվել են Խաչատուր Սուքիասյանի վրա, Խաչատուր Սուքիասյանը խի միա՞կ օրինակն է: Տարբեր բիզնեսների անուններ ու անձնավորությունների անուններ ասե՞մ: Օրինակ, ես ասեմ, իրենք կհասկանան, թե ես ում նկատի ունեմ: Վերցրեցին մի կազմակերպություն եւ պարոն Սուքիասյանի նշած բարեկամական կապ ունեցող անձանցից մեկը այդ հիմնարկը մեծացրեց, ուռճացրեց ձեւական եւ ստիպեց մեկ այլ նմանատիպ հիմնարկ ունեցող սեփականատիրոջը գնել այն՝ բավականին մեծ գումարով: Հիմա այդպես կարող եմ այնքան օրինակներ բերել, որ ՀՀԿ-ի օրը չհերիքի դրանց հակադարձել: Ով խոսի՝ իրենք պետք է լռեն, մոտակա 5-10 տարին իրենք կփրկվեն, եթե լռեն»:

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ «Ինձ անձամբ, այն բանի պատճառով, որ ես սրճարան ունեի ու Խաչատուր Սուքիասյանն ինձ մոտ հաճախակի գալիս էր, հաճախորդ էր, դրա պատճառով ինձ տարել են ոստիկանություն ու ես մի ամբողջ օր անցկացրել եմ ոստիկանությունում: Ով բարոյականության մասին խոսի՝ իրենք պետք է լռեն ու լռեն, որովհետեւ այն գործելաոճը, որն ունեցել են, բերել էր նրան, որը տեղի ունեցավ 2018-ին: Ճիշտ է ասում պարոն Սուքիասյանը՝ ինչ արվել է, արվել է իր մերձավոր շրջապատի համար: Ես պատրաստ չեմ մեղադրել մեծ գործարարին, որին էդքան թալանել են, փորձել են ոչնչացնել, ինչ ասես արել են, որ ինքը Երեւանի կենտրոնում այդ իրավիճակում այնուամենայնիվ ներդրում անելուց հետո հրավիրել է այդ պահին գործող իշխանությանը, որպեսզի նաեւ ինչ-որ չափ ապահովագրված զգա, որ այդ գումարը դրել է: Էլ չեմ ասում, որ ամբողջ շրջակայքը վերանորոգել է՝ մետրոյից սկսած, որ Երեւանի կենտրոնում  ինչ-որ  լավ բան լինի: Ու նրան մեղադրե՞լ, հլը թող 2008-2009-ը հիշեն, էդքան բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
4.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Երբ որ Քոչարյանը Արցախում պատերազմ էր հաղթում Գռզոն թիկունքում զբաղված էր համաժողվրդական սեփականության թալանով ընտրությունները կեղծելով:
    Ով խոսա քո նման գռզոյականները պիտի չխոսան:
    Բա եթե բոլորը հավասար են խի ես մենակ հիշում թե գռզոյի ձեռից ոնց Բջնին խլեցին, բա մյուս հարցով էլ հետաքրքրվի թե ժողովրդի Բջնին ոնց դառավ Գռզոյինը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031