Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանի անորոշ անդորրը. ICG

Դեկտեմբեր 04,2019 23:55

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) իր կայքում ներկայացրել է ծավալուն հոդված Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև սահմանամերձ հայկական գյուղերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

25 տարի է անցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ կնքված հրադադարից հետո:  Բայց դրանից հետո էլ հաճախակի են բախումներ բռնկվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով:

Սակայն այս տարի վեճը մի փոքր սառեց, ինչը հետևանք էր Հայաստանում 2018թ. ապրիլի ապստամբությունից հետո կառավարության փոփոխության: Երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև նրանց արտգործնախարարները հանդիպել են մի քանի անգամ: 2018թ. սեպտեմբերին և 2019թ. մարտին անվտանգության անձնակազմն ու քաղաքական ներկայացուցիչներին միմյանց հետ կապող երկու նոր թեժ գծերը օգնել են մեղմել սահմանի երկայնքով լարվածությունը և նվազեցնել մարտական պայմաններում զոհերի թիվը: Հաղորդակցման այդ ուղիների մասին երկար ժամանակ խոսում էր Ճգնաժամային խումբը:

2019թ. սեպտեմբերին մենք գնացինք Հայաստան՝ այցելելու Ադրբեջանի հետ միջազգային սահմանին մոտ գտնվող գյուղերը: Մի շարք վայրերում երկարատև հակամարտությունը սահմանը վերածել է ռազմաճակատի: Մենք նաև մայրաքաղաք Երևանում հանդիպեցինք Ադրբեջանից եկած հայ փախստականների հետ:

Ադրբեջանցի դիպուկահարների կրակը Տավուշի հյուսիս-արևելյան շրջանում գտնվող հայկական Մովսես գյուղում կարող է հարվածել գրեթե բոլոր բացօթյա կետերին: Ադրբեջանական դիրքերն անցնում են աջ կողմով՝ բարձր լեռան եզրերով: Վերջին ամիսներին կրակոցները դարձել են ավելի հազվադեպ, բայց բնակիչները դեռ զգում են չլուծված հակամարտության ազդեցությունը: Մեկուսացումը նույնպես մեծ մտահոգություն է, քանի որ Մովսեսը շրջակա գյուղերին կապող միակ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: 90-ականներին պատերազմի պատճառով փակված երկրորդ ճանապարհը վերաբացվեց անմիջապես այն բանից հետո, երբ Բաքուն և Երևանը 2018 թ. սեպտեմբերին համաձայնեցին վերաբացել հաղորդակցության ուղիները: Չնայած այն անցնում է զինված սահմանի մոտով, որոշ գյուղացիներ խիզախություն են գտնում օգտագործել այն:

Ռիմա Աբրահամյանը հայ փախստական է ադրբեջանական Բաքվից: Նա փախել է հայրենի քաղաքից 30 տարի առաջ և այդ պահից ի վեր չի կարողացել վերադառնալ: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նրա տունը եղել է այս մեկ սենյակը Երևանի հետնախորշերում, որը ժամանակին ինստիտուտ էր եղել: Նա սենյակը կիսում է մոր և որդիների հետ: Շենքում ապրում են նաև բազմաթիվ այլ հայ փախստական ընտանիքներ, որոնք հակամարտության առաջին տարիներին փախել են Ադրբեջանի ամենամեծ քաղաքից էթնիկ բռնությունից: Ինչպես Ռիման, նրանք էլ չեն կարողացել տուն գնալ:

Ադրբեջանից ավելի քան 60,000 հայ փախստականներ բնակություն են հաստատել Երևանում: 1990-ականների սկզբին մոտ 725,000 մարդ տեղահանվել է, այդ թվում ավելի քան 200,000 էթնիկ հայեր Ադրբեջանից, և շուրջ 525,000 ադրբեջանցիներ `Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց կամ Հայաստանից: Հայաստանի իշխանությունները համոզել են բազմաթիվ փախստականների ընդունել ՀՀ քաղաքացիություն. այդպիսով նրանք հրաժարվել են նաև իրենց իրավական իրավունքներից՝ որպես տեղահանված անձինք, և ցանկացած օգնությունից, որ կարող էին ստանալ: Ռիման, այնուամենայնիվ, հրաժարվում է ՀՀ քաղաքացիություն ընդունելուց, չնայած նրան, որ Բաքու վերադառնալու շատ հույս չունի:

Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով փռված ամենախոցելի գյուղերից մեկի՝ Մովսեսի դպրոցի դասասենյակներում գերակշռում է զինվորական համազգեստը և պաստառները, որոնք օգտագործվում են զինվորականան հրահանգավորումների համար: Վերջին մի քանի ամիսներին դիպուկահարների կրակն ու բախումները հազվադեպ են եղել: Բայց խաղաղության գործընթացում երկար տարիների փակուղին նշանակում է, որ պատերազմին միտված վարքը ներդրված է բյուրոկրատիայի քաղաքականության մեջ և ամրապնդված՝ սահմանի բնակչության մտածողության մեջ:

Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող պահածոյի գործարաններից մեկում կինը սմբուկ է խորովում: Արտադրանքը վաճառվում է Հայաստանում և արտահանվում է նաև Ռուսաստան: Ձեռնարկատերն այստեղ բիզնս է հիմնել՝ դրանում դնելով այն գաղափարը, որ տարածաշրջան պետք է բերել ներդրումներ, ինչը կնվազեցնի արտագաղթը շրջակա գյուղերից: Տասնամյակներ շարունակ տեղի բնակիչները կայուն կերպով լքել են տարածաշրջանը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված:

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լանդշաֆտը հատում են ոչնչացված տրանսպորտային միջոցները: Մովսես գյուղի մոտակայքում այս ավտոբուն այստեղ է դեռ խորհրդային ժամանակներից՝ լուռ ականատես լինելով փակուղի մտած հակամարտությանը:

Նույն սցենարի մասն են կազմում փշալարերն ու բլուրների վրա կանգնած ամրոցները, ինչպես նաև անապահովության մշտական զգացողությունը, որը կործանում է մարդկանց կյանքը: Տեղացիները ողջունում են երկու երկրների միջև հաղորդակցման ուղիների բացմանը հաջորդած անդորրը, բայց ժամանակ առ ժամանակ բախումներն ու դիպուկահարների կրակը, ինչպես նաև գյուղի ծայրամասում գտնվող ականապատ դաշտերը սնում են խոցելիության զգացումը: Երկու պետությունների միջև հարաբերությունները տատանվում են, և տեղերում քաղաքականության մեջ ներծծված ռազմատենչ կեցվածքը հաճախ ուժեղացնում է լարվածությունը սահմանի երկայնքով:

Լևոն Մարիանյանն ապրում է սահմանամերձ Պառավաքար գյուղում: Նրա խաղողի այգիները գտնվում են հարթ հովտում, ուստի հեշտ թիրախ են դառնում վերը նշված բարձունքներում տեղակայված ադրբեջանցի դիպուկահարների համար:  Երեք տարի առաջ կրակ էին բացել նրա մեքենայի վրա, երբ նա դուրս էր գալիս ֆերմայից, և վիրավորել նրան:

«1980-ականների վերջին ես ծառայել եմ Աֆղանստանում ՝ որպես խորհրդային զինվոր,- ասում է նա:- Այնտեղ ինձ վրա ոչ մի անգամ չեն կրակել: Ո՞վ կպատկերացներ, որ ինձ  վրա կկրակեն, երբ ես խաղող եմ մշակում իմ երկրում»:

Ադրբեջանական առաջնագծից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղում խաղողի բերքահավաքը սեպտեմբերին է: Առավոտյան  ընդմիջման ժամանակ գյուղացիները վազերի արանքում փոքրիկ տարաներով թունդ սուրճ են պատրաստում: Մինչև վերջերս նրանք չէին կարողանում հավաքել խաղողի բերքը՝ վախենալով շրջակա բլուրներում գտնվող ադրբեջանական դիպուկահարներից: Գյուղացիներն ասում են, որ կրակոցներ դեռ ժամանակ առ ժամանակ լսվում են, բայց ավելացնում են, որ անվտանգության նոր երաշխիքներն իրենց աշխատանքները շատ ավելի անվտանգ են դարձրել: «Տասնամյակներ շարունակ այսքան հանդարտ չէր եղել», – ասում է գյուղացիներից մեկը:

Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող դպրոցում ստորգետնյա ապաստարան կա: Նմանատիպ ապաստարանների մեծ մասը եղել են դեռ խորհրդային տարիներից, երբ Մոսկվան վախենում էր պատերազմել աշխարհի այլ տերությունների հետ: 1990-ականների սկզբից, այդուհանդերձ, հայկական և ադրբեջանական բանակների փոխհրաձգությունն էր, որ ստիպում էր աշակերտներին թաքնվել այդ ամրացված ապաստարաններում:

Ինգա Մանուկյանը հայ փախստական է ադրբեջանական Բաքվից: Նա և նրա ամուսինը փախել են երեք տասնամյակ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վաղ փուլերում ՝ էթնիկական բռնությունների հետևանքով: Նա չի կարողացել վերադառնալ և այժմ ապրում է նախկին հանրակացարանային սենյակում՝ տարածքը կիսելով որդու և թոռնուհու հետ: Նախկին ամուսինը մահացել է Հայաստան փախչելուց մի քանի տարի անց, զրկված լինելով պատշաճ բժշկական խնամքից: Նա դեռ պահպանում է փաստաթղթերը, որոնք հավաստում են իր ընտանիքի սեփականության և գույքի նկատմամբ իրավունքները Բաքվում, որտեղ հույս ունի ևս մեկ անգամ վերադառնալ:

Սարգիս Առաքելյանը մոր հետ ապրում է Մովսեսի բլրի վրա: Նրանց տունը գտնվում է դիմացի սարի վրա գտնվող ադրբեջանական ռազմական անցակետերի ուղիղ տեսադաշտում և երբեմն հարվածների տակ է հայտնվել: Սարգիսն ասում է, որ իր երեխաները, ինչպես տարիներ շարունակ շատերը, ծանր կենցաղային պայմանների պատճառով հեռացել են գյուղից՝ թողնելով գյուղը ամայացած:

Երկու մարդ ձկնորսություն են կատարում Ջողազի ջրամբարի հայկական կողմում, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի մարտական դիրքերի միջև: Տեղացիներն ասում են, որ այս հանգիստ ջրերում ձուկ որսալը, հատկապես նավակով, վտանգավոր բիզնես է: Ադրբեջանի լեռներից դիպուկահարների կրակը անհնար է դարձնում նավավարությունը՝ ստիպելով ձկնորսներին ջրամբար մտնել միայն գիշերը, եթե ընդհանրապես մտնում են: Թեև վերջին ամիսներին լարվածությունը թուլացել է, շատերը դեռ վախենում են: Այս տարածաշրջանին իրական խաղաղություն կբերի միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031