Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված իր տեղակալի մասին. «Եթե հաստատվի, ինձ համար ցավալի կլինի»

Դեկտեմբեր 04,2019 23:30

«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գևորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն»,-ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադառնալով իր տեղակալի ձերբակալությանն՝ ասաց  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ կա անմեղության կանխավարկած, այսօր չի անդրադառնա դեպքին:

«Կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։ Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է եւ  հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել բոլոր իր դրսեւորումներով, անկախ նրանից՝ դա ինչ ծավալի է, անկախ նրանից՝ ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որեւէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին եւ համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Էլի եմ ասում՝ կա անմեղության կանխավարկած, բայց օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում։ Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ օրինազանցության, օրենք խախտի, կատարի հանցանք, անկախ դրա ծավալից, անի թայֆայաբանություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմավարական, չգիտեմ՝ ինչ  շահերով, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու»։

Հարությունյանն ասաց՝ եթե տեղակալի գործով փաստը հաստատվի, իր համար դա շատ ցավալի եւ տխուր կլինի, որովհետեւ, այնուամենայնիվ, խոսքը նախարարի տեղակալներից մեկի մասին է.«Բայց ուզում եմ, որ բոլորը հստակ ֆիքսեն՝ կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է: Եվ բոլոր այն մեկնաբանությունները, թե՝ եթե  էդպիսի դեպք եղել է, արդյոք նախարարը տեղյակ չի՞ եղել, կամ իր արտոնմամբ չի՞ եղել այդ կոռուպցիոն: Կյանքում էդպիսի բան չի կարող լինել, եւ դա շատ լավ գիտեն մեր նախարարությունում, մեր քաղաքական թիմում, եւ ցանկացած դեպքում, եթե նույնիսկ սխալմունք տեղի ունենա, ոչ կոռուպցիայի մասին է խոսքը, մենք անպայման, ես անպայման դրա մասին կխոսեմ: Բայց կոռուպցիան տեղ չունի մեզանում»։

Նախարարը վստահեցրեց՝ համակարգային կոռուպցիա չկա նախարարությունում, իսկ առանձին դրսեւորումների դեպքում պատիժը շատ խիստ է լինելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031