Դեկտեմբերի 3-ին Տորոնտոյի Կաթողիկե եկեղեցու սրահում հանդիպում էր կազմակերպվել Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս, հասարակական ակտիվիստ, Տորոնտոյի ՀՕՄԻ մասնավոր հայկական վարժարանի երբեմնի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։
Հանդիպման նախաձեռնությունը Անաբել և Վահե Ծատուրյաններինն էր։ Րաֆֆի Դուդակլյանի հետ հանդիպման նպատակը Տորոնտոյում բնակվող հայերի համար Հայաստանին առնչվող իրենց հուզող հարցերի շուրջ քննարկման, երկխոսության հնարավորություն ստեղծելն էր։
Հանդիպումը, որին ներկա էին շուրջ 70 հոգի, վարում էր լրագրող Մերի Մուսինյանը, ում հետ զրույցից հետո պարոն Դուդակլյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին։
Կարդացեք նաև
Ո՞ւր է հասել Հայաստանը հեղափոխությունից հետո, որո՞նք են նոր կառավարության ամենամեծ ձեռքբերումներն ու ամենլուրջ մարտահրավերները, ո՞ր փուլում է Արցախյան հարցը, զարգացման ինչպիսի՞ ռեալ հեռանկարներ կան մեր պետության համար, սահմանամերձ գյուղերի վերաբնակեցման ի՞նչ խնդիրներ այսօր ունենք, ինչպե՞ս պիտի միմյանց ավելի լավ ճանաչեն Սփյուռքը և Հայաստանը։
Այս և նման այլ հարցադրումներ հնչեցին հանդիպման ընթացքում, որոնց մանրամասն արձագանքեց Րաֆֆի Դուդակլյանը։ Ներկաները բոլորը ոգևորված էին հանդիպմամբ և համակարծիք, որ Սփյուռքում այսպիսի հանդիպումների և բաց զրույց-երկխոսությունների պակաս կա, ինչն էլ հաճախ նպաստում է միմյանց ճիշտ չընկալելուն։
Տիգրան ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ