«Այնպես չի, որ ԲՀԿ-ն ժողովրդին լավություն է արել, ԲՀԿ-ն կատարել է ժողովրդի կամքը, իսկ ցանկացած քաղաքական գործիչ, կուսակցություն ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է կատարել ժողովրդի կամքը: Հետեւաբար, ասել՝ եթե մենք չլինեինք՝ վարչապետ չէր ընտրվի՝ ճիշտ չի: Իրենք արել են այն, ինչ ժողովուրդը պահանջել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ թեժ բանավեճ եղավ ԲՀԿ-ականների ու Իմ քայլականների միջեւ:
Ըստ Կոնջորյանի, ԲՀԿ-ն սովոր է կուլիսային պայմանավորվածություններով հարցերը լուծել ու թափանցիկ աշխատող իշխանությունների հետ չգիտի աշխատել. «Ասո՞ւմ եք այսպիսի վատ բան ենք արել, ուրեմն պիտի մինչեւ վերջ գնաք: Ասում եք ներդրումների համար արհեստական, ապօրինի պատեր են շարվել, ուրեմն գնում ենք մինչեւ վերջ բացահայտելու: Ես էլ ձեր հետ գնում ենք եւ մերկացնում ենք: Բոլորիս խնդիրն է, որ մեր երկրում չլինեն մարդիկ, ովքեր ապօրինի սահմանափակումներ են դնում: Այլ հարց է, որ կան որոշ մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ շինթույլտվությունները եւ բոլոր ընթացակարգերը պիտի լինեն նախորդների նման դաբրոներով ու երբ որ ըստ դաբրոների չի լուծվում խնդիրը, այլ՝ ըստ օրենքի, իրենք դրանից ներվայնանում են: Ուրեմն ես՝ Փարսադանի տղա Մուրադս գամ հասնեմ էստեղ ու ինձ ասեն՝ нет? Հիմա հա, կարող է գաք հասնեք ու ասենք нет, որովհետեւ օրենքին հակասում է: Մարությանն ասեց, որ չունենք տարածք կենտրոնում»:
Կոնջորյանն ասաց, որ Հայկ Մարությանը շատ սիրված քաղաքապետ է, շատ լավ իր գործն անում է, ու որոշ խմբեր, որոնք հասկանում են, որ Մարությանը ջարդում է նախկին կոռումպացված համակարգի ողնաշարը, ներվայնանում են ու Մարությանի դեմ արշավներ են սկսում. «Մենք երիտասարդ ենք, բայց շատ լավ հասկանում ենք, թե ինչն ինչոց է, որտեղից ում ականջներն են երեւում, ով ինչ խնդիր է իրականում լուծում եւ իհարկե թույլ չենք տալու, որ հանկարծ փորձեն մանիպուլյացիաներ անեն: Իրենց պատկերացմամբ թույլ օղակ են գտել եւ հարձակվում են էդ թույլ օղակի վրա, չի՛ լինելու»:
Իսկ թե ո՞ւմ ականջներն է տեսնում՝ Կոնջորյանն ասաց, որ այս պահին միայն այդքանը կասի, փակագծեր չի բացի, բայց եթե պետք եղավ՝ ԱԺ ամբիոնից էլ անուններ կտա:
Կարդացեք նաև
Հարցին՝ կարո՞ղ է բանը հասնի նրան, որ մի ժողով էլ Նիկոլ Փաշինյանը հրավիրի, ինչպես Սերժ Սարգսյանը, ու դնի Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու հարցը՝ Կոնջորյանը պատասխանեց. «Հայաստանում քաղաքական դաշտից մարդկանց հեռացնելու է այսուհետ ՀՀ ժողովուրդը, մենք համեմատելի չենք նախորդ իշխանությունների հետ: Բայց, իհարկե, լավ կլինի, որ երբ գալիս նման վերամբարձ հայտարարություններ են անում՝ հետագիծ եւ այլն, ամեն մարդ նայի իր անցած ճանապարհը եւ խոհեմություն ունենա, ցանկացած բառ, որ դուրս է գալիս իր բերանից, ունենալու է հետեւանք ու վերադառնալու է իրեն: Թող որեւէ մեկին չթվա, որ կան արտոնյալներ ու եթե Գագիկ Ծառուկյանը բան է ասում՝ պիտի չարձագանքենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ