Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին և միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին:
Նախագահը ողջունել է Երևանում նման տեխնոլոգիական համաժողով անցկացնելու նախաձեռնությունը: «Ժամանակն է, որ բոլորս համատեղենք մեր ջանքերը, քանի որ համախմբվելով ավելի մեծ արդյունքներ կարող ենք ունենալ և նպաստել տեխնոլոգիական ոլոտում մեր երկրի առաջընթացին»,- ընդգծել է նախագահը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանում գալիք տարի անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողովի», այնպես էլ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով ATOM նախաձեռնության բաղադրիչները՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս համաշխարհային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, տեսնել նաև Microsoft ընկերությանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ