«Մենք հասկանում ենք մեր գործընկերների առաջարկը, եւ առաջին ընթերցման ժամանակ «Իմ քայլը» «կողմ» էր քվեարկել, բայց քննարկումների փուլում հանգել ենք խնդրի: Կամ ոստիկանության ու ԱԱԾ-ի սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք այն պարագայում, երբ նրանք դառնում են ԱԱԾ կամ ոստիկանության պետ-տեղակալներ, կամ էլ քաղաքական ճանապարհով նշանակված ոստիկանության պետին կամ գնդապետին պետք է գեներալի կոչում տանք»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» օրինագծին, որով ԱԱԾ-ի եւ Ոստիկանության պետի պաշտոններում կարող են նշանակվել համակարգի անձ չհանդիսացողները, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա բնորոշմամբ՝ վերոնշյալը շատ կոնկրետ պատճառ է. «Եթե Ոստիկանության կամ ԱԱԾ որեւէ վարչության պետի առաջարկում ենք դառնալ պետ կամ տեղակալ, նշանակում է, որ նա այլեւս զինվորական կարիերա չի ունենալու, իսկ զինվորականի համար դա շատ մեծ խնդիր է: Իսկ եթե «պահում» ենք զինվորական կարիերան եւ պետ նշանակում քաղաքական ճանապարհով, հետեւաբար ընտրվում է քաղաքացիական անձ, որին պետք է տանք գնդապետի, հետո՝ գեներալի կոչում»:
Փաշինյանի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է գնալ խնդրի լուծման ճանապարհով, բայց ոչ նման «դեֆորմացիաների» միջոցով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ