Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն ու Երևանը «փոքր քայլերով» առաջ են շարժվում. «Կոմերսանտ»

Դեկտեմբեր 04,2019 18:30

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ավարտեց երկօրյա այցը Բաքու, որի արդյունքում մասնավորապես քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման հարցը «փոքր քայլերով»: Դրա մի մասն արդեն իրականացվել է, գրում է «Կոմերսանտը»: Երկար տարիներ հետո առաջին անգամ տեղի է ունեցել լրագրողների փոխադարձ այց: Ըստ «Կոմերսանտի» քննարկվում են հասարակական և մշակութային գործիչների, խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվում է նաև գերության մեջ պահվող անձանց փոխանակման հարցը: Կարճ ասած, կողմերից ոչ մեկը գործընթացի նկատմամբ վստահութան պակաս չունի. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի թեև Լեռնային Ղարաբաղի հարցում «առաջ շարժվելու» հույս է հայտնել, միաժամանակ հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է շարունակել սպառազինության ձեռքբերում: Մոսկվայից:

Հաշտեցրու՛, բայց զինի՛ր

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր գործարքների մասին վաղուց է խոսվում: 2003թ. կողմերը ստորագրել են 5 մլրդ դոլարի համաձայնագիր, որի շրջանակում Մոսկվան Բաքվին է մատակարարել տանկեր, զրահափոխադրիչներ, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինքնագնաց և հրազենային սարքեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր և այլ սպառազինություններ: Նոյեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում, կոչ է արել բլոկի անդամ երկրներին սպառազինություն չվաճառել Ադրբեջանին: Նա, ակնհայտորեն, դիմում էր առաջին հերթին Ռուսաստանին:

«Կոմերսանտի» խնդրանքին ի պատասխան՝ մեկնաբանելով այդ կոչը, Լավրովը երեքշաբթի ակնարկել է, որ Մոսկվան ոչ մի ամոթալի բան չի տեսնում Բաքվին զենք մատակարարելու մեջ:

«Ռազմատեխնիկական գործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից է: Մենք դա զարգացնում ենք միանգամայն թափանցիկ՝ միջազգային իրավունքի և Ադրբեջանի ու ՌԴ օրենսդրության նորմերի լիարժեք համապատասխանությամբ: Եվ լիարժեք կերպով հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որ ձևավորվել է տարածաշրջանում և որը կարևոր է, որպեսզի այստեղ պահպանվի կայունություն»,- հավաստիացրել է նա:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի ռազմական ներուժն ավելի բարձր է գնահատվում, քան Հայաստանինը. առաջին հերթին այն պատճառով, որ ադրբեջանական բանակն ավելի լավ է զինված: Միաժամանակ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որը երաշխավորում է իր անդամների հավաքական պաշտպանությունը հնարավոր արտաքին հարձակումներից: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով «Կոմերսանտի» հարցը Փաշինյանի կոչի վերաբերյալ, ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են ստորագրել նոր սպառազինության պայմանագիր: «Կան որոշակի հետաքրքիր գաղափարներ: Հենց որ այդ գործարքն ավարտվի, մենք տեղեկատվություն կտրամադրենք լրատվամիջոցներին»,- ասել է նա:

Խոսք խոսքի հետևից

Հատկանշական է, որ Սերգեյ Լավրովը Բաքու էր գնացել նոյեմբերի 11-ին Երևան կատարած այցից հետո: Այցերը Հայաստան և Ադրբեջան ավանդաբար նրա մոտ հաջորդում են իրար: ԱԳՆ-ի հետ աշխատող լրագրողները գիտեն՝ եթե հայտարարվել է մի երկիր գնալու մասին, ապա մյուսին էլ պետք է սպասել, և երբեմն Լավրովը դրանք համատեղում է մեկ շրջագայության մեջ: Դա է պահանջում միջնորդի դերը երկու հակամարտող երկրների հարաբերություններում: Ընդ որում, մայրաքաղաքներից յուրաքանչյուրում խանդով հետևում են՝ ինչ է ասել Ռուսաստանի նախարարը մյուս երկրում, գրում է թերթը:

Երբեմն միայն մի բառն էլ կարող է սկանդալի տեղիք տալ: Երևան կատարած վերջին այցի ժամանակ Սերգեյ Լավրովն արտաբերեց առաջին հայացքից անմեղ արտահայտություն: «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, առանց նրա բնակչության հնարավոր չէ որևիցե համաձայնություն կնքել»: Հայաստանում այդ հայտարարությունը խանդավառությամբ ընդունվեց, Ադրբեջանում բուռն դիմադրություն առաջ բերեց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթներից մեկում ասաց, որ խոսքը կարող է լինել միայն այդ տարածաշրջանի «բնակչության» մասին, որը նախքան հակամարտությունը բաղկացած էր հայերից ու ադրբեջանցիներից: Լեռնային Ղարաբաղի «ժողովրդի» մասին խոսքից հետո Սերգեյ Լավրովին ադրբեջանական մամուլում մեղադրեցին «ագրեսորին» հրահրելու մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ տեղի լրատվամիջոցներին հավաստիացրեց, որ Մոսկվայի մոտեցումը հակամարտության գործում չի փոխվել:

Բայց Բաքվում տենչում էին դա լսել անձամբ Սերգեյ Լավրովից: Նա էլ փորձեց բոլորին հանգստացնել: Առաջին հերթին Ռուսաստանի արտգործնախարարը պատմեց, որ Ռուսաստանում գնահատում են Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները: Դրանք, ըստ Սերգեյ Լավրովի, «բարձրության» վրա են, «բոլոր ոլորտներում զարգանում են առաջընթացով», ինչի հավաստումն են պետությունների ղեկավարների պարբերական շփումները: Նախարարը հիշեցրեց, որ այս տարի ռուսաստանցի զբոսաշրջիկները թվով առաջատար են Ադրբեջանում հանգստացողների մեջ (800 հազար մարդ): Ադրբեջանի տնտեսությունում Ռուսաստանի ներդրումները կազմում են մոտ 1.5 մլրդ դոլար: Ադրբեջանում աշխատում է ավելի քան 300 ընկերություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: Իսկ ապրանքաշրջանառությունը, նրա խոսքով, ավելացել է մոտ 15 տոկոսով և այս տարի «հանգիստ» կգերազանցի 3 մլրդ դոլարը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ Սերգեյ Լավրովը ավելի պակաս լավատես էր: «Փոխզիջման հասնելու համար կան հնարավորություններ: Բայց գործը հեշտ չէ: Այս հակամարտությունը ամենաերկարատևն է ԱՊՀ տարածությունում»,- հիշեցրել է նա: Միաժամանակ Լավրովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին այն բանի համար, որ երկկողմ մակարդակում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ռուսաստանի առաջ քաշած գաղափարները գտնվում են Բաքվի ուշադրության տակ: Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է Ռուսաստանի ապրիլյան նախաձեռնությունը՝ կողմերին մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» մերձեցնելու ուղղությամբ:

Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին տեղի ունեցավ երկար տարիներ հետո լրագրողական առաջին փոխադարձ այցը: «Կոմերսանտի» աղբյուրները Երևանում և Բաքվում չեն բացառում, որ հետագայում տեղի կունենա հասարակական և մշակութային գործիչների, ինչպես նաև խորհրդարանականների խաչաձև այցեր: Քննարկվում է նաև ռազմագերիներին փոխանակելու հարցը, ընդ որում, Բաքուն արդեն դրան համաձայնությունը տվել է, գրում է թերթը:

Իրավիճակը, սակայն, ըստ թերթի, բարդանում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում 2020թ. տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ինչը նշանակում է, որ տեղի իշխանությունների և նրանց աջակցող Երևանի կողմից մինչ այդ լուրջ զիջումների պետք չէ սպասել:

Սպասվում է, որ առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ տեղի կունենան նաև Ադրբեջանում:

Երեքշաբթի բանակցություններից հետո Էլմար Մամեդյարովն ասաց, որ այսօրվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը Բաքվին ձեռնտու չէ: «Առաջին հերթին, իհարկե, բանակը պետք է վերադառնա զորամասեր, և ոչ թե գտնվի դաշտում: Հետո արդեն կարելի է մտածել փախստականներին վերադարձնելու, տնտեսական հնարավորություններն ու ճանապարհները բացելու շուրջ»,- ասել է նա:

Չորեքշաբթի Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Դիվանագետները կքննարկեն այդ թվում մարդասիրական մերձեցման հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերը համաձայնության կգան «առաջ շարժվելու» հարցում:

Նախատեսված են նաև երկու նախարարների բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Թե որքան դանդաղ է ընթանում կարգավորման գործընթացը՝ կարելի է դատել այդ հանդիպման հնարավոր արդյունքների մասին Սերգեյ Լավրովի մեկնաբանությունից: Նրա խոսքով՝ Մոսկվան կցանկանար, որպեսզի Բրատիսլավայում ընդունվեր հնգակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ընդ որում, խոսքը ոչ թե նոր բեկումնային պայմանավորվածությունների, այլ պարզապես կարգավորման սկզբունքները հաստատելու մասին է, որոնք կողմերը ստորագրել են տարիներ առաջ: Բայց անգամ դրան հասնելը բարդ է: «Եթե ինչ-ինչ պատճառներով համատեղ հայտարարություն ընդունելն անհնար լինի, ապա այնուամենայնիվ, երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը կամրագրեն փաստաթղթով»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ այնուամենայնիվ, հնգակողմ հայտարարություն կլինի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031