«Թույլ տվեք այնքան էլ վստահ չլինել, որ այդ անձինք շեյխերի ներկայացուցիչներ են եղել: Եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն՝ ԱՄԷ պաշտոնական ներկայացուցիչ, կարիք չէին ունենա զանգելու Գագիկ Ծառուկյանին, նա էլ՝ ինձ եւ խնդրի, որպեսզի ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ՝ նրանց ընդունելու համար»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրյալ Աբու Դաբիի թագաժառանգի շուրջ աղմուկին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե այդ հյուրերը շեյխի ներկայացուցիչ էին, դեսպանատան միջոցով պետք է դիմեին հայկական կողմին. «Այո, Ծառուկյանը զանգել է ինձ, խնդրել, որ խոշոր ներդրողներ են…ես էլ քաղաքապետին եմ զանգել, նա էլ կիրակի օրով ընդունել է: Քաղաքապետն արարողակարգով է ընդունել նրանց: Նրա համար տարօրինակ է եղել, որ նման մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ հանդիպում են ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Կարծում եմ՝ սա վերաբերմունք է պետական ինստիտուտի հանդեպ: Բացի այդ, նրանք ասել են, որ Երեւանի կենտրոնում հող են ուզում, բայց քաղաքապետն ասել է, որ կենտրոնում չկա, կարող են մասնավորից գնել: Երեք հյուրերն էլ, պարզվում է, զանգ են ստացել, եւ երբ քաղաքապետը ներկայացնելիս է եղել առաջարկը, սկզբում մեկն է խոսել հեռախոսով, հետո՝ երկրորդի հեռախոսին է զանգ եկել, քաղաքապետն էլի ընդհատել է իր խոսքը: Երբ երրորդին է զանգ եկել, քաղաքապետն ասել է՝ «ենթադրում եմ, որ այս խոսակցությունն էլ հետաքրքիր չի, ես, ըստ էության, ավարտեցի, ցտեսություն»…»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե մարդիկ թույլ են տալիս, որ իրենց հետ նման կերպ վերաբերվեն, ջինսով-բոթասով մտնեն քաղաքապետարան, ապա այդ ժամանակներն անցել են. «Եթե եղել են նման քաղաքապետեր եւ նախարարներ, որոնց հետ նման հարաբերություններ են եղել, նրանց ժամանակը վաղուց ավարտվել է»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԲՀԿ-ն բողոքում է ներդրումային միջավայրից, բայց դա համընկել է այն փաստի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ»-ի ղեկավարի՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհաշինարարության ծրագրում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար. «Այդ ծրագրին ով հասել է՝ «կթել» է, հատ-հատ նման թաթիկները կտրելու ենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ