Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությանը՝ «Մուլտի գրուպին» շինթույլտվություն չի տվել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը:
Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Մարությանի՝ հանրայինի եթերում հնչեցրած այն հայտարարությանը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացնում, Ծառուկյանը փաստաթղթեր է ցույց տվել, վստահեցնելով՝ Մարությանը տվել է շինթույլտվություն:
Կարապետյանը վստահեցրեց՝ խոսքը 2 տարբեր փաստաթղթերի մասին է՝ նախագծման թույլտվությունը եւ շինարարական թույլտվությունը. «Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը, Կարապետյանն ասաց. «Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը։ Մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018-ի փետրվարի 16–ին տվել է շինթույլտվություն»: Ապա սկսվել է դատական գործընթաց, այս հյուրանոցի հարակից տարածքում գործող օբյեկտի սեփականատերը դիմել է դատարան, վարույթն ընդունելու պահից Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է. «Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը՝ այդտեղ իրականացրել է կառուցապատում, եւ 2018-ի հունիս–հուլիս ամիսներին, երբ ընկալում կար, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր։ Դրանից հետո համայնքը ընկերությանը տուգանել է , մի անգամ՝ 200 հազար դրամով, մյուս անգամ՝ 2 մլն դրամով, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին»։
Կարապետյանի վստահեցմամբ՝ այս տարվա ապրիլին Հայկ Մարությանը «Մուլտի Գրուպին» տվել է 2-րդ նախագծման թույլտվությունը՝ որոշակի փոփոխություններով, բայց մինչ օրս կառուցապատողը շինթույլտվության հայտ չի ներկայացրել, չի դիմել քաղաքապետարան:
Արդյոք ի վերջո քաղաքապետը «Մուլտի գրուպի» դիմումից հետո կտա՞ շինթույլտվություն, Կարապետյանն ասաց, որ հիմա դատական գործընթաց է գնում, դատարանի վճռից հետո պարզ կլինի՝ ինչ փոփոխություն կլինի:
Հակոբյանը ներկայացրեց փաստաթղթեր, որով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ տրվել է շինթույլտվություն:
Կարապետյանն անդրադարձավ նաեւ Ծառուկյանի այն դժգոհություններին, թե՝ Մարությանը թագաժառանգին մերժել է Երեւանում շինարարություն իրականացնելու համար. «Քաղաքային իշխանության համար կարեւոր են ներդրումները, եւ երկրորդական են, թե ովքեր են անում, կլինեն՝ թագավորական, կայսերական, շեյխեր, էմիրներ, ամենայն հարգանքով այդ տիտղոսներին, բայց քաղաքն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ»:
Մարությանն, ըստ Կարապետյանի, ներդրողներին ասել է՝ համայնքը կենտրոնում տարածք չունի, առաջարկել է սեփականատերերի հետ բանակցել, քաղաքի կենտրոնից տարածք համայնքը կարող էր տարածք առաջարկել. «Երեւանը հիվանդանոցի կամ հյուրանոցի համար հարմար տարածք չունի:
Կարապետյանն անդրադառնալով Ծառուկյանի ասած՝ շեյխերին, որոնք պաշտոնական հանդիպման ժամանակ հեռախոսով էին խոսում, հետո նեղացել գնացել են, ասաց. «Լուրջ չէ պատկերացնել, որ բազմամիլիրադանոց ներդրումներ անող մարդիկ այդքան նեղացկոտ են, եւ երբ ասում են՝ պաշտոնական հանդիպման ժամանակ չարժե հեռախոսով անընդհատ խոսել, ու դրանից հետո նրանց ներդրում անելու ցանկությունը վերանում է»:
Կարապետյանի խոսքերով. «Եթե պարոն Ծառուկյանը համարում է, որ ՀՀ մայրաքաղաքի ղեկավարի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում, երբ կան արարողակարգային ընթացակարգեր, քաղաքավարության նորմեր, եթե պարոնայք շեյխերի երկրում պաշտոնական հանդիպումներին զրուցում են հեռախոսով կամ այլեւայլ բաներով են զբաղվում, դա իրենց գործն է: ՀՀ-ում գործում է ՀՀ արարողակարգը եւ պետք է հարգեն ՀՀ պետական ինստիտուտները: Այստեղ անձանց հարց չէ: Ընդ որում, քաղաքապետի դիտողությունը՝ պահվածքի համեմատ, եղել է բավական մեղմ ու քաղաքավարի: Թագավորներ, կայսրեր կամ համաստեղությունների ներկայացուցիչներն այստեղ տեղին չէ հիշատակել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ