Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը` ՀՅԴ-ական երիտասարդին. «Քունս խանգարվեց, երբ ծանոթացա օրիորդի կուսակցության թողած ժառանգությանը»

Դեկտեմբեր 04,2019 17:42

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանին ԿԳՄՍ նախարարությունում կայացած քննարկման ժամանակ հետաքրքրում էր` ինչ է նշանակում` օրենքով չի կարգավորվելու, թե ինչ են անցնելու բուհերում:

Ճապոնիայի կրթության համակարգի եւ առաջնահերթությունների օրինակը բերելով` նա Արայիկ Հարությունյանից հարցրեց. «Հարցը մեր առաջնահերթություններն են մենք հայոց լեզվի, հայ գրականության հետ կապված առաջնահերթություններ ունե՞նք, թե՞ ոչ, մասնավորապես հայոց լեզուն ակադեմիական գիտական լեզու պե՞տք է լինի, եթե պետք է լինի, սրա ապահովողը ո՞վ պետք է լինի, արդյոք ԿԳՄՍ նախարարությունը չպետք է իր լծակներն օգտագործելով հետամուտ լինի այս հարցերին»:

Երիտասարդ դաշնակցականը նաեւ հարցրեց, թե օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարող նախարարն իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում ի՞նչ է արել Հայոց լեզվի եւ հայ գրականության համար, թե՞ բան չկար անելու. «Ես 49 դոլարով կամ անվճար կարող եմ աշխարհի լավագույն ֆակուլտետներից սերտիֆիկատ ստանալ ֆիզիկայի, ծրագրավորման, փաստորեն միայն հայագիտական առարկաների համար չեմ կարող ստանալ, որովհետեւ այն մարմինը, որ պետք է զբաղվի դրանց քարոզչությամբ, դրանց բրենդավորմամբ, չի զբաղվում, չի ուզում, որ հայագիտական բլոկն ուժեղացվի»:

Կրթության սոցիալական բաղադրիչի մասին խոսելիս էլ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ եթե առաջարկվող օրենքի նախագծով հայերենը միասնական քննություն է դառնալու, այն պարագայում, երբ բոլոր միասնական քննությունների համար դիմորդները պարապում են կրկնուսույցների մոտ, ապա ստացվում է, որ օրենքի ընդունումից հետո եւս մեկ առարկա էլ պետք է պարապեն:

Քրիստինե Վարդանյանը նաեւ հեգնանքով հարցրեց, թե ինչպես է գիշերը քնել նախարարը, երբ իր հրաժարականը եւ նման հանդիպում պահանջող երիտասարդներից 24-ը հայտնվել են ոստիկանական բաժանմունքներում, ապա նախարարին հանձնելով մետրոյի ժետոն, հրաժարականի դիմում եւ նամակ՝ դուրս եկավ դահլիճից: Աղջիկն ասաց, որ նախարարի պատասխանին ուղիղ եթերով կհետեւի:

Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ չի պատասխանի նրա հարցերին. «Դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն իմ, այլեւ այն լսարանի հանդեպ, որից ժամանակ խլեցիք, հարցերը տվեցիք եւ հիմա ասում եք՝ հարցերը չեն հետաքրքրում»

«Ես ձեզ նամակ եմ փոխանցում, ձեր հրաժարականի դիմումը եւ ժետոնը, որ այսօր տուն գնաք մետրոյով, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվում իրականում, այս պատերի հետեւում դուք կտրվել եք իրականությունից»,-ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:

Արայիկ Հարությունյանն էլ պատասխանեց, որ իրեն առնվազն 1-2 ժամ հնարավոր է տեսնել քաղաքի կենտրոնում զբոսնելիս:

Երիտասարդ դաշնակցականի հեռանալուց հետո նախարարը դիմեց քննարկման մասնակիցներին. «Եթե ձեզ համար այս պահվածքն անհարգալից չէր, անդրադառնամ այս հարցերին: Ճիշտն ասած, մինչեւ նախարար նշանակվելն էլ լավ չէի քնում, որովհետեւ այն խայտառակ ժառանգությունը, որ կար պետությունում, ինչը հանգեցրեց նաեւ ապրիլ-մայիսի գործընթացներին,հանգիստ չէր տալիս: Նախարար նշանակվելուց հետո այդ քունը եւ հանգիստը խանգարվել է, որովհետեւ ծանոթացա նաեւ օրիորդի կուսակցության թողած ժառանգությանը»:

Անդրադառնալով հայոց լեզվի ակադեմիական դարձնելուն, հավելեց, թե ծրագրեր են իրականացնում, որոնք թույլ են տալիս հայերենը զարգացնել ակադեմիական մակարդակով:

Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցների դեմ ժամանակին իր պայքարելուն, այս մասին էլ նշեց. «Հայոց լեզվի պարտադիր քննություն մտցնելը դիտարկում եմ որպես կարեւորագույն քայլ, դա իմ նախկինում ունեցած հանձնառությունների շարունակությունն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031