«Մեր ասելիքն ավելի ըմբռնելի եւ հասկանալի է դառնում մեր գործընկերների համար: Վերջին շրջանում այդ թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները հիմնավորում են դա»,-Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով ՀԱՊԿ անդամ որոշ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հարթակներում պետք է պաշտպանել ազգային շահերն ու հետաքրքրությունները, հատկապես՝ ազգային անվտանգության համատեքստում. «Արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկված է ՀՀ-ն: Ասել եմ՝ վստահ եմ, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: Մեծ հաշվով՝ խոսքը ոչ միայն մեր անվտանգության, այլեւ ՀԱՊԿ-ի եւ տարածաշրջանի անվտանգության մասին է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Եթե ԼՂ հակամարտության գոտում ունենանք նոր էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստ ահաբեկիչների համար: Մեր տեղեկություններով՝ ԻՊ-ի կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ: Եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում ընդլայնել հենակետը, իրենց պատկերացմամբ՝ կունենան նպաստավոր միջավայր, որի ուղղություններից մի քանիսում են գտնվում նաեւ ՀԱՊԿ երկրները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ