Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասենք, ջինս է հագել, կիրակի օրով ի՞նչ պիտի հագներ, կարո՞ղ է` հարսանիք էր գնում». ԲՀԿ պատգամավորը՝ Մարությանին

Դեկտեմբեր 04,2019 16:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստը՝ վիրավորվելով Իմ քայլականների արձագանքից՝ Աբու Դաբիի թագաժառանգի ներդրման թեմայի շուրջ: Բոյկոտից հետո ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ «Իմ քայլի» պատգամավորները թիվ մեկ քաղաքական ամբիոնը վերածել են անձնական բամբասանքի հարթակի: Ըստ նրանց, հենց Ծառուկյանը մի արտահայտություն է անում, բոլորը հարձակվում են, բայց հենց բարեգործություն է անում՝ ոչ մի բան:

Գեւորգ Պետրոսյանը հեգնեց Հայկ Մարությանի ասածները. «Ասենք, ջինս է հագել, կիրակի օրով ի՞նչ պիտի հագներ, կարո՞ղ է հարսանիք էր գնում…Մարդիկ էսօր խնդրում են, որ գոնե մի աղբյուրից 100 հազար դոլար ներդրում բերեն երկրում, որ աշխատատեղ ստեղծվի, չլքեն Հայաստանը: Ծառուկյանը 2 մլրդ-ի ներդրում է բերում իր անձնական կապերով ու անխոհեմ վարչարարության ու պահվածքի պատճառով վիժեցվում է էդ ծրագիրը»:

Հարցին՝ որ ներդրում են անում, ինչ ուզեն, պիտի անե՞ն՝ Պետրոսյանը պատասխանեց. «Բայց իրենք ինչ ուզել՝ արե՞լ են, անօրինական բան ցույց տվեք»:

Պետրոսյանի խոսքով՝ այս աղքատ երկրում թագավորական ընտանիքը եկել է, ուզում է 2 մլրդ-ի ներդրում անի, իսկ Հայկ Մարությանը շուռ է գալիս, ասում է՝ հեռախոսով էին խոսո՞ւմ. «Լավ, էլի, գոնե սեփական ապիկարությունը մի ցույց տվեք աշխարհին»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց. «Այն մարդիկ, ովքեր եկել էին, պատրաստ էին 2-3 անգամ ավել վճարեն, այդ հողատարածքը գնեն, կառուցեն հիվանդանոց, որը կլինի անվճար, ի՞նչ դժվար բան կա: Մի տեղ մի բան են ասում, մի տեղ՝ ուրիշ բան, մի հատ կողմնորոշվեք՝ ի՞նչ է կատարվում: Ներդրողը եկել է ու գնացել է, ինչի՞ համար այդ գումարը չդրվեց Հայաստանում, վերլուծեք: Շեղում են, ինչ-որ թեմաներ են գցում»:

Գեւորգ Պետրոսյանը հավելեց, որ այսպիսի արհամարհանքից հետո Ծառուկյանն արդեն մեծ աշխատանք պիտի անի, որ էլի թագաժառանգին ու հյուրանոցային սեփականատեր-ներդրողին համոզի, հետ բերի:

ԲՀԿ-ականները բողոքում էին, որ Հայաստանում այսօր այլախոհությունը չի հանդուրժվում. «Էսօր այլախոհությունը նման գնդակահարված վիճակում երբեւէ որեւէ իշխանության օրոք չի եղել Հայաստանում: Մի բան խոսում ես՝ դառնում ես թշնամի, բա ի՞նչ անենք, ծափահարե՞նք անգործությանը, էս աղքատությանը, արտագաղթին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031