Լրագրողները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` իր հրաժարականը պահանջող երիտասարդների հանդեպ ոստիկանության գործողություններն արդյոք համաչա՞փ էին: «Ես կարծում եմ, որ իրավապահներն ու իրավապաշտպանները կտան այդ գնահատականները: Իմ ունեցած տեղեկություններով, ոստիկանության գործողությունները եղել են համաչափ, մնացածն ըստ բողոքների եւ հայտարարությունների»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ կրթության բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ իրեն մետրոյի ժետոն տված ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանին. «Այսօրվա քննարկմանը ՀՅԴ երիտասարդական կառույցի ներկայացուցչի պահվածքը ցույց տվեց, որ իրենց համար հետաքրքիր չեն քննարկումները, որքան այն պահվածքը, որ կար եւ քաղաքական որոշակի շահարկումները:
Մենք ունեինք տեղեկություն, որ նման մի բան պետք է տեղի ունենար այդ հանդիպման ժամանակ, դրա համար էլ իրենց հրավիրել ենք այս հարթակներին, մանավանդ իրենք սրանից երկու օր առաջ արդեն գրանցվել էին այս հարթակին…Այն, ինչ որ իրենք ցանկացան բարձրաձայնել, բարձրաձայնեցին, այն ինչ որ անպատասխան է մնացել կամ ունեն հարցադրումներ, որոնք հիմնականում վերաբերում են բարեփոխումներին, մենք կամ դրան անդրադարձել ենք, կամ դրանք մեր գործողություններն են»:
Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջի` օրակարգում մնալուն, նշեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը եւ մյուս քաղաքական ուժերը, պաշտոնյաները կամ պաշտոնյան ինքն է որոշում լինել այդ քաղաքական ուժի օրակարգի մաս, կամ ոչ»:
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանը երիտասարդների բողոքի գործողությունները այսպես բնորոշեց. «Սա կեղծ օրակարգ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են, ինչը լավ փորձեր չեն եւ լավ օրակարգ չէ: Ես այդ խորհուրդը իրենց վաղուց եմ տվել, ափսոս, որ չեն հետեւում»:
Նա նաեւ ասաց, որ շաբաթ կիրակի օրերին տրանսպորտից է օգտվում եւ կարող է ցույց տալ GG տաքսու իր երթուղին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ