Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դատարանն ազատ արձակեց Գյումրիում ձերբակալված դաշնակցական պաշտոնյային

Դեկտեմբեր 04,2019 16:04

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր գիշեր ազատ է արձակել նախորդ օրը ձերբակալված «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն, տնօրենի ժ/պ, դաշնակցական Գևորգ Ալեքյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեց նրա պաշտպան, փաստաբան Արամայիս Հայրապետյանը (լուսանկարում)։

Դատավոր Ադրինե Ղուկասյանն անօրինական է ճանաչել ձերբակալումը՝ բավարարելով փաստաբան Արամայիս Հայրապետյանի բողոքը։

Հիշեցնենք, որ փաստաբանի պնդմամբ՝ ձերբակալումն օրինաչափ չէր, քանի որ անձը օրենքով նախատեսված պատշաճ վարքագիծ է դրսևորել, բազմաթիվ անգամ ներկայացել է նախաքննական մարմնին, նույնիսկ ԱԱԾ-ին իրենից պահանջած փաստաթղթերն է ներկայացրել։ Բացի այդ, ըստ փաստաբանի, նախաքննական մարմինը իրենց չի տեղեկացրել, թե ինչ արարքի համար է ձերբակալվում անձը, փաստական հանգամանքներին ծանոթացել են լրատվամիջոցներից։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գևորգ Ալեքյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով։ Նա, մասնավորապես մեղադրվում է 2017-2019 թվականների ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձի կազմակերպման համար թույլտվություն տալու համար 4 անձանցից առանձնապես խոշոր չափերով գումար ՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ և գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր պահանջելու և ստանալու մեջ, ինչպես նաև 165 հազար դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարման մեջ։

«Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ նշված պաշտոնատար անձի կողմից հիշյալ անձանց թույլատրվել է նաև պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպել՝ էական նյութական վնաս պատճառելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի օրինական շահերին: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը 2019թ. ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական նպատակով մի շարք քաղաքացիների խոտհունձ կազմակերպելու համար կաշառքի դիմաց տրամադրել է արտոնյալ պայմաններ: Մասնավորապես՝ թույլատրել է պայմանագրով նախատեսվածից ավելի մեծ հողատարածքում խոտհունձ կազմակերպելը, որի դիմաց, որպես կաշառք, պահանջել և ստացել է պայմանագրով չնախատեսված տարածքներից հնձված խոտի 30-ից 50-ը տոկոսը: Պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից կատարվել է խոշոր չափերով վատնում: Խոտհունձ կազմակերպելու մասին պայմանագրերով նախատեսված՝ նշված ՊՈԱԿ-ին տրամադրվող խոտի մի մասը՝ 500 խոտի տուկ, վաճառել է մի անձի, որի դիմաց պայմանավորած 1.100.000 ՀՀ դրամից ստացել է 600.000 ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի վերաբերյալ պայմանավորվել են, որ այն պետք է վճարվի 2019թ. դեկտեմբերին»,-նշված է քրեական գործում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարն՝ Արամայիս Հայրապետյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031