Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին

Դեկտեմբեր 04,2019 15:49

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:

Ողջունելով Հանրապետության նախագահի մասնակցությունը համաժողովին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լինելով պրոֆեսոր, հաջողակ գործարար, դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը կարողացել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ներկայացնել աշխարհին: «Անկախությունից ի վեր նա մեզ հետ է և իր նպաստն է բերում ոլորտի զարգացմանը՝ այդ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելով, վերազգային ընկերություններին բերելով Հայաստան և աջակցելով մեր ընկերություններին՝ ներկայանալ աշխարհին»,-ասել է Երվանդ Զորյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: «Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն ներկայացնող ուղղություններ են: «Ես երազանք և տեսլական ունեմ Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում: Մենք միշտ ասում ենք, որ Հոնկոնգը, Սինգապուրը, Շանհայը և այլ վայրեր հաջողել են: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք նավահանգիստներ ունեին: Եթե 150 տարի հետ գնանք, համաշխարհային առևտրի մեծ մասը իրականացվում էր ոչ թե Մետաքսի ճանապարհով, այլ՝ նավահանգիստների միջոցով: Այն երկրները, որոնք մեծ նավահանգիստներ կառուցելու հնարավորություն ունեին, աստիճանաբար դարձան արդյունաբերության հանգույցներ: Սակայն միայն նավահանգիստ ունենալը բավարար չէ, պետք է շատ աշխատել, համախմբվել և կենտրոնանալ: Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և ջանքերը՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այդ ուղղություններն են՝ նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը,- ընդգծել է նախագահը:- Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին՝ և՛ արտերկրի մեր հայրենակիցների հետ, և՛ մենք՝ Հայաստանում, որպես պետություն, որպես կառավարություն, որպես մասնավոր հատված, ա՛յն հայերի հետ, որոնք արդեն ներգրավված են արդյունաբերության մեջ, և ա՛յն հայերի հետ, որոնք վաղն են ներգրավվելու: Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին, մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: «Այս նախաձեռնությունը կարող է լինել ևս մեկ բլուր, որը լեռ կստեղծի»,-ավելացրել է նախագահը՝ նշելով, որ նախատեսվում է ATOM-ի շրջանակում միավորել համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ IBM-ը, Dassault systemes-ը, THALES Group-ը, Elettronica-ն, նրանց հետ ստեղծելով գիտահետազոտական կենտրոններ: «Որպեսզի կարողանանք դա անել, պետք է կապեր հաստատենք այդ ընկերությունների հետ՝ դառնալով ոչ թե նրանց արտադրանքը սպառողը, այլ՝ նրանց գործընկերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, արհեստական բանականության, մեքենաշինության ոլորտներում: Հենց սա է ATOM-ի նպատակը: Մենք պետք է նրանց բերենք Հայաստան, կազմակերպենք լաբորատորիաներ, որտեղ կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ: Հիշյալ բոլոր ընկերությունները նշում են, որ կցանկանան աշխատել մեզ հետ ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության ոլորտում»,-ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է նաեւ մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների, այդ թվում՝ հայտնի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրվելու է արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին: Նախատեսվում է նաև մեր երկրում հյուրընկալել STARMUS 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն  Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։

Հաջորդ տարի ծրագրվող մյուս նախաձեռնությունը Չինաստանին նվիրված՝ Horasis-China միջազգային համաժողովի անցկացումն է, որի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ երեք հարյուր չինական ընկերություններ։

«Մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: Հուսով եմ՝ միասին կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ Հայաստանը վիրտուալ և տեղեկատվության ոլորտի մեծ միջազգային նավահանգիստ դարձնելով համաշխարհային տվյալների օվկիանոսում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031